Հրապարակը օրաթերը գրում է․ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին։ Թվում էր, թե հարցը լուծված է, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, որը հլու-հնազանդ կատարեց Փաշինյանի sms-խնդրանքը` հրաժարվեց մանդատից, Փաշինյանի կողմից ստացել է իր հնազանդության վարձքը եւ ամիսներ անց նշանակվել տնօրենի տեղապահ, որպեսզի ձեւական մրցույթով էլ վերջնականապես նշանակվի տնօրեն: Սակայն պարզվում է` կրքեր են բորբոքվել այս պաշտոնի շուրջ։ Զեյնալյանից բացի, տնօրենի պաշտոնի համար առաջադրվել են նաեւ Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը եւ առողջապահության ոլորտի ակտիվ քննադատ, մասնագիտությամբ բժիշկ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը: Որոշ տեղեկություններով՝ նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախկին նախարար Արսեն Թորոսյանը փորձում են ազդեցություն գործել ընտրող հանձնաժողովի վրա եւ անցկացնել իրենց թեկնածուին` Նարեկ Վանեսյանին։ Նա 2018 թվականից զբաղեցնում էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավարի պաշտոնը, որտեղից աղմուկով ազատվեց՝ Բժշկական համալսարանի դասախոսների հետ հավաքի ժամանակ ցուցաբերած անհավասարակշիռ պահվածքի համար: Բացի այդ, նա անցնում է մի քրեական գործով, ըստ որի` Իջեւանի ԲԿ տնօրենի պաշտոնում աշխատանքի տեղավորվելու համար գումար է պահանջել մի քաղաքացուց, իսկ ամենագլխավորը՝ քովիդի ժամանակ Արսեն Թորոսյանը նրան նշանակել էր առողջապահության կազմակերպիչ, Երեւանի կարանտինային վայրերի ղեկավար: Վանեսյանն այժմ աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում` զբաղեցնում է ՀՖՖ բժշկական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Բանն այն է, որ թե՛ Թորոսյանը, թե՛ Ավանեսյանը մշտապես հակամարտության մեջ են գտնվել Նարեկ Զեյնալյանի հետ, ոը, հավակնելով նախարարի պաշտոնին, քննադատում էր թե՛ նախկին, թե՛ գործող նախարարներին։ Հատկապես Թորոսյանը լուրջ պատճառներ ունի Զեյնալյանին խոչընդոտելու, քանի որ կարող են ջրի երես դուրս գալ քովիդի ժամանակ թույլ տրված չարաշահումները, քանի որ «Լուսավորիչն» ամենամեծ քովիդ-կլինիկան էր, եւ պետությունը հսկայական գումարներ է հատկացրել այդ ԲԿ-ին։
Հրապարակը օրաթերը գրում է․ Օրեր առաջ հայտարարեցին, որ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթվելը նորաձեւ է» արշավն ավարտում է այս փուլը, իսկ կրթարշավի տեսահոլովակները շուտով կցուցադրվեն հեռուստատեսությամբ: Ապա սկսեցին հեռարձակել պետական ֆինանսավորմամբ գործող Հանրային հեռուստաընկերության եթերում, ընդ որում՝ անվճար հիմունքներով եւ «փրայմ թայմին»: Այսինքն, որպեսզի բարձր դիտողականություն ապահովեն այդ «արժեքավոր» տեսանյութերի համար։ Թողարկումներից մեկը հեռարձակվել է հուլիսի 18-ին, ժամը 22:00-ի հատվածում։ Սակայն զարմանալիորեն հաղորդման տեսագրությունը հետո հեռացվել է Հանրայինի յութուբյան ալիքից: Ըստ որոշ տեղեկությունների, պատճառն այն է, որ դիտումները քիչ են եղել: Մեզ ասացին, որ այն հիմա տեղադրված է միայն կառավարության յութուբյան էջում եւ տասն օրվա ընթացքում 2 հազար 500 դիտում է ունեցել: Այսինքն, ժողովուրդը բացարձակ անտարբեր է այս զույգի եւ նրանց կրթարշավի նկատմամբ։ Մինչդեռ Հանրայինով հեռարձակելուց առաջ տիկինը հաշվետվություն ներկայացրեց իր լսարանին՝ պարծենալով, որ ավելի քան 11 հազար մարդ ներկա է գտնվել այդ «շատ կարեւոր» խոսակցությանը, ավելի քան 12 հազար մարդ միացել է շարժմանը։ «Եթե յուրաքանչյուրը սեփական օրինակով վարակի 100-200 հոգու, ինքնակատարելագործվելու համաճարակն անխուսափելի կլինի»: Մինչդեռ ակնհայտ է, որ կրթարշավի մասնակիցներին զոռով են բերել միջոցառմանը, նրանք հիմնականում վարչական աշխատողներ էին, որոնք ստիպված էին մասնակցում տիկնոջ արշավին, այլ ոչ թե «կրթվելու» անհագ ցանկությունից դրդված։ Թերեւս ժամանակին էլ իշխանական զույգը դադարեցրեց «ընտանեկան փոդքաստը»` ցածր դիտումների պատճառով: Թեեւ կառավարական առանձնատանը մի ամբող սենյակ էին առանձնացրել եւ հատուկ կահավորել, սակայն 4 թե 5 եթերից հետո հրաժարվեցին այդ մտքից
Հրապարակը օրաթերը գրում է․ Հուլիսի վերջին անդրադարձել էինք ԱԱԾ-ին, որտեղ համակարգի նորանշանակ ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը սկսել էր « մեծ չիստկա» իրականացնել եւ մեծաթիվ աշխատակիցների էր ազատել աշխատանքից: Մեզ ասացին, որ ազատումները ոչ միայն չեն դադարել, այլեւ զանգվածային բնույթ են կրում` ազատվողների թիվը եռապատկվել, անգամ քառապատկվել է։ Բանն այն է, որ Փաշինյանի «լյուբիմչիկ» Սիմոնյանը չնայած վերջին 4 տարին աշխատել է ԱԱԾ-ում եւ բոլորին ճանաչում էր, սակայն որոշել է հայտնաբերել ու համակարգից ազատել բոլոր «կասկածելիներին»: Նա հրահանգ է իջեցրել` փորփրել բոլորի կենսագրությունը, կապերը եւ հայտնաբերել բոլոր նրանց, ովքեր անգամ շատ հեռավոր կապեր ունեն նախկինների հետ: Եվ սկսել են յուրաքանչյուր ԱԱԾ-ականի յոթ պորտը, ընկերական շրջապատը, հեռավոր ազգակցական կապերն ուսումնասիրել եւ առանց որեւէ բացատրության հեռացնել համակարգից։ Մարդկանց աշխատանքային օրվա ավարտին կանչել են վերադասի մոտ, ասել, որ աշխատանքային վկայականը հանձնի ու գնա տուն` իրեն տեղափոխում են կադրերի ռեզերվ: Ազատման պատճառների եւ նրանց հետագա ճակատագրի մասին, ըստ մեր աղբյուրի, ոչինչ չի ասվել, եւ աշխատակիցներն էլ չեն համարձակվել հետաքրքրվել՝ վախենալով, որ ավելորդ հետաքրքրասիրությունը կարող է փորձանք բերել գլխներին: Կարող են ե՛ւ աշխատանքից զրկվել, ե՛ւ հետապնդումների ենթարկվել։ Սիմոնյանը, բնականաբար, համակարգն «անցանկալիներից» մաքրազարդելու պրոցեսը համաձայնեցրել է Փաշինյանի հետ։