Ներքին Միտք 1 ժամ առաջ - 14:00 15-06-2026

Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ոմանք կարծիք են հայտնում, թե հունիսի 7-ի ընտրություններում առաջին անգամ գործող իշխանությունը ստացավ 50 տոկոսից պակաս քվե։ Սա թյուրիմացություն է։

Ճիշտ այսպիսի պատկեր եղել է։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ էլ նախագահ է ընտրվել երկրորդ փուլով։ Այսինքն՝ առաջին փուլում նա 50 տոկոսից պակաս քվե է ստացել։ Իսկ 2003-ի փետրվարի 19-ին ստացել է մոտ նույնքան, որքան ՔՊ-ն՝ հունիսի 7-ին։



Ինչպես երևում է, Ռոբերտ Քոչարյանը ստացել էր 49,8 տոկոս։ Այս պատկերը ոգևորել էր ընդդիմադիր տրամադրություն ունեցող ընտրողներին։ Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի վարկանիշը ցածր էր։ Ստեփան Դեմիրճյանը ժողովրդականություն էր վայելում։ Այդ ժամանակ շատ էին խոսում ընտրակաշառքի, ընտրակեղծիքների, ընտրախախտումների մասին։ Հույս կար, որ երկրորդ փուլում հնարավոր կլինի հաղթել։

Այնուհետև՝ 2003-ի մարտի 5-ին նշանակվեց երկրորդ փուլը։ Ընդդիմությունը համախմբվեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի շուրջ։ Սակայն վերջինս պարտվեց երկրորդ փուլում։


Իհարկե, կան տարբերություններ 2003-ի նախագահական և 2026-ի խորհրդարանական ընտրությունների միջև։ Սակայն ընդհանրություններն էլ պակաս չեն։ Պատմական այս նախադեպի ուսումնասիրությունն ու համեմատությունը ներկայիս իրադարձությունների հետ թույլ կտան հասկանալ, թե ինչու իշխանությունը գնաց երկրորդ փուլի, ինչու ընդդիմությունը պարտվեց։

Ներկայում ընդդիմադիր ուժերը պահանջում են վերաքվեարկություն որոշ տեղամասերում, որոշ ուժեր պահանջում են երկրորդ փուլ կամ նոր ընտրություններ անցկացնել, խոսում են ընտրախախտումների, կեղծիքների, լեգիտիմության ճգնաժամի մասին։

Համեմատելով 2003-ի հետ՝ կարելի է ենթադրել, որ եթե երկրորդ փուլ լինի, ապա Փաշինյանը ավելի մեծ տոկոս կստանա, ինչպես Քոչարյանը ստացավ 2003-ի մարտի 5-ին։ Նոր ընտրություններում ևս ՔՊ-ն կարող է հաղթել՝ կիրառելով նույն գործիքներն ու հնարքները, ճնշելով մրցակիցներին, նրանց մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ։ Եվ աշխարհը նույն ոգևորությամբ կճանաչի Փաշինյանի հաղթանակը։ Այս առումով՝ չկա որևէ հիմք պնդելու, որ եթե մի քանի շաբաթ անց երկրորդ փուլ կամ նոր ընտրություններ լինեն, ապա ՔՊ-ն կպարտվի։

2003-ն ուշագրավ է նաև փողոցային պայքարի օրինակով։ Փետրվարի 19-ից հետո փողոցային պայքար մղելու և իշխանափոխության հասնելու հանրային տրամադրություն կար։ Բայց ձմեռ էր, ցուրտ։ Դժվար էր ժողովրդին փողոցում տևական ժամանակ պահելը։ Եվ Ստեփան Դեմիրճյանը հանրահավաքների մասնակիցներին ուղարկում էր տուն՝ թեյ խմելու։

Դրանից հետո թեյ խմելու ուղարկելը քաղաքական խոսույթում խորհրդանշում է անվճռականություն։ Ոմանք հետադարձ հայացքով կարծիք են հայտնում, որ 2003-ի նախագահական ընտրությունների հետընտրական շրջանում Ստեփան Դեմիրճյանն անվճռականություն է ցուցաբերել, չի փորձել ժողովրդի ճնշմամբ հասնել իշխանափոխության։

Ներկայում ևս հանրության մեջ կարծիք է շրջանառվում, թե ընդդիմադիր ուժերը կարող են հետընտրական շրջանում ժողովրդին պահել փողոցում, ցույցեր ու հանրահավաքներ անել և հասնել ինչ-որ հաջողությունների։ Իսկ եթե Ստեփան Դեմիրճյանի պես ժողովրդին թեյ խմելու ուղարկեն, ապա կկրկնվի նույնը, ինչ 2003-ին։

Հունիսի 7-ի և 2003-ի նախագահական ընտրությունների համադրությունը թույլ է տալիս ենթադրելու, որ իշխանության հարցում կարևոր է ոչ միայն հավակնորդի վճռականությունը, այլև արտաքին ակտորների դերը։ Երբ հավակնորդները կարողանում են համադրել ներքին և արտաքին աջակցությունն ու ապացուցել ժողովրդին և աշխարհին, որ ավելի լավ իշխանություն և ավելի լավ գործընկեր են լինելու, ապա հնարավոր է արդյունքի հասնեն։

Սա էլ ամենը չէ։ 2018-ին Սերժ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում ասում է. «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը»։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե հավակնորդներն ու արտաքին ակտորները համախմբվեն ու վճռականություն ցուցաբերեն, անհրաժեշտ է նաև, որ գործող իշխանությունը սկզբունքորեն հրաժարվի ստեղծված իրավիճակի լուծումներից, հրաժարական տա, ինչպես, օրինակ, Սերժ Սարգսյանը։ Այս առումով՝ ներկայումս կա՞ իրավիճակի այնպիսի լուծում, որից կհրաժարվի Փաշինյանը։ Ենթադրաբար՝ չկա։ Պատմությունը հիմք է տալիս ենթադրելու, որ նա պատրաստ է բռնություն կիրառել, արտաքին ուժերի խնդրանքները կատարել՝ իշխանությունը պահպանելու համար։

Կարճ ասած՝ ոչ վաղ անցյալի դասերը սերտելու պարագայում հնարավոր է չկրկնել նույն սխալներն ու անհաջողության չմատնվել։ Նշենք միայն, որ Ստեփան Դեմիրճյանի կուսակցությունը 2003-ի պարտությունից մի քանի տարի հետո որոշեց փոխել արտաքին քաղաքական դիրքորոշումը և դարձավ եվրաինտեգրման ջատագով։

Թաթուլ Մկրտչյան