Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:00 11-06-2026

Ինչո՞ւ ձերբակալված ՔՊ-ական չկա

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ հարյուրավոր վարույթները ողջամիտ կասկած են առաջացնում, որ առերևույթ իրավական գործընթացը բռնաճնշում է ընդդիմադիր ուժերի դեմ։ Ընդդիմության ներկայացուցիչները ևս կարծիք են հայտնում, որ այս քրեական վարույթների հիմնական նպատակը ընդդիմության նկատմամբ ճնշում գործադրելն է, վախեցնելը, պասիվացնելը և այլն։

«Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ «բռնվել» են, մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման առնվազն օրը լինեն բանտում։ Սա երկրի անվտանգության և ժողովրդավարության անվտանգության հարց է, պետք չէ խղճահարության տեսարաններ սարքել։

Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են, և եթե մենք հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկան, մեր ժողովուրդը և նրա ազատ կամքը, նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը»,- հունիսի 10-ին Կառավարության անդամներին ասել է Նիկոլ Փաշինյանը։

Սա ուղղակի ու բացահայտ ճնշում է դատարանի վրա։ Արդարադատությունն այսպիսով արժեզրկվում է։ Եթե մարդուն ազատությունից զրկելու են վարչապետի պահանջով, ապա ի՞նչ արդարության մասին է խոսքը։

Վարչապետի հստակ պահանջը շատ արագ արձագանք ստացավ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ներկայացրեց, թե քանի վարույթ կա, քանի կալանավորված և այլն։

«Հաշվի առնելով, որ կոմիտեն խիստ է նման տեսակի հանցագործությունների դեմ պայքարում, գնում ենք առավել խիստ դատավարական հարկադրանքի միջոցների, այսինքն՝ ընտրակաշառք տվող և ստացող քաղաքացիների նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանման միջոց կիրառելու, դա կարող է լինել կալանք կամ տնային կալանք։

Հունիսի 8-9-ի դրությամբ մենք ունեցել ենք 115 քրեական վարույթ, որոնցով քրեական հետապնդումներ ենք հարուցել շուրջ 240-ից ավելի անձանց նկատմամբ։ Նրանցից 100-ը կալանավորված են, մնացածի նկատմամբ կիրառված են այլընտրանքային խափանման միջոցներ։ Հիմնական հետապնդումները վերաբերելի են, բնականաբար, ընտրակաշառք տալուն և ստանալուն»,- հունիսի 11-ին ճեպազրույցում նշել է նա։

Նախ նկատենք, որ խախտվում է անմեղության կանխավարկածը, որը ժողովրդավարության մեծագույն նվաճումներից է։ Անմեղության կանխավարկածն ու ժողովրդավարությունն անբաժան են։ Անմեղության կանխավարկածն անտեսելը հակաժողովրդավարական է։ Օրենքն ու ժողովրդավարությունը հարգողն այս պարագայում կասեր՝ «ենթադրյալ ընտրակաշառքի»։ Այդ կերպ կընգծեր, որ հարգում է անմեղության կանխավարկածը։

Դատարանն է որոշում՝ մարդն ընտրակաշառք է տվել կամ վերցրել։ Մինչ դատարանի որոշումը ոչ ոք իրավունք չունի ասելու, թե մարդիկ ընտրակաշառք են տվել կամ վերցրել։ Գուցե ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը, նրա պաշտպանն ապացուցում են, որ ներկայացված մեղադրանքը հիմնավոր չէ, հանցանք չկա։ Այս դեպքում դատավորն վարվելու է ըստ օրենքի՞ և խղճի՞, թե՞ առաջնորդվելու է Փաշինյանի պահանջով ու ազատազրկման է դատապարտելու հարյուրավոր քաղաքացիների, որոնք նախընտրական շրջանում խոսել են փողի մասին։

Իհարկե, ընտրակաշառքը հանցանք է և պետք է պատժվի։ Բայց Փաշինյանի վրդովմունքը ընտրակաշառք տվողի, վերցնողի նկատմամբ սկզբունքային դիրքորոշում կորակենք, եթե նույն խստությամբ արտահայտվի նաև թիմակիցների ենթադրյալ հանցանքների հանդեպ։ Օրինակ՝ եթե խիստ խոսի թվանկարչության, արձանագրությունները սխալ լրացնելու և ընդդիմության ձայները պակասեցնելու մասին, ապա կասենք, որ նա իրոք սկզբունքային ու անհաշտ պայքար է մղում անարդարության ու ընտրական հանցագործությունների դեմ։

Նա մեջբերված խոսքում չանդրադարձավ քարոզարշավի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման փաստերին, դպրոցական աշակերտներին ՔՊ-ի շապիկներ հագցնելուն ու փողոց հանելու դրվագներին, ՔՊ-ականների կողմից ընդդիմադիր ակտիվիստներին ծեծելու փաստերին, դիտորդների արձանագրած բազմաթիվ խախտումներին։ Ի վերջո՝ ինչո՞ւ ՔՊ-ի համար աշխատողների հեռախոսազրույցները չեն գաղտնալսվել։ Նրանք փողի մասին չեն խոսե՞լ, նրանք ընդհանրապես փողի մասին չեն խոսե՞լ։ Գուցե պարզվի, որ նրանք ավելի մեծ փողեր են պտտել։

Կարճ ասած՝ Փաշինյանն ընտրական հանցագործությունների դեմ խոսքը կարող ենք սկզբունքային որակել, եթե նա պահանջի պատժել օրինազանց ՔՊ-ականներին։ Մասնավորապես՝ նա կարող է ԱԱԾ-ից պահանջել, որ բացահայտեն, թե ՔՊ-ին ընտրելու համար փող բաժանվե՞լ է, թե՞ ոչ։ Փաշինյանը կարող է նույն խրոխտ տոնով պահանջել, որ ազատազրկվեն դպրոցականներին ՔՊ-ի շապիկ հագցնողն ու քարոզարշավի հանողը, վարչական ռեսուրս կիրառողը, ընդդիմադիր ակտիվիստին ծեծողը, արձանագրությունները սխալ լրացնողը և ընդդիմադիր ուժերի ձայները պակասեցնողը։ Այս ժամանակ հիմք չենք ունենա ասելու, որ Փաշինյանն արդար չէ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
16:00 ՔՊ-ական աճպարարություն. ում ձայներն են ավելացել 18.125-ով
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
17:38 Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է
17:32 Գոհար Մելոյանը, փաստորեն, լիահույս է, որ կհաջողվի իրենց կողմը գրավել՝ ուշադրությո՛ւն, ՔՊ-ի «հայրենասեր» պատգամավորներին. Արմեն Այվազյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար