Ներքին 4 ամիս առաջ - 12:03 05-06-2026

ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության և ԱԱԾ-ի համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Երևանում բացահայտվել է առանց համապատասխան լիցենզիաների գործող առցանց խաղային հարթակների կազմակերպված սխեմա, որի գործունեության մեջ, ըստ նախնական տվյալների, ներգրավված են եղել հարյուրավոր անձինք, բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր և կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ։

Սկզբում ստացվել են առանձին տվյալներ, այնուհետև ի հայտ է եկել փաստերի շղթա ու ամբողջ համակարգի ուրվագիծ։ Օպերատիվ աշխատակիցների ուշադրությունն է գրավել Երևանում գործող մի շարք գրասենյակների գործունեությունը: Արտաքուստ՝ սովորական աշխատանքային միջավայր է եղել, սակայն օպերատիվ տվյալները փաստում էին, որ այդ գրասենյակներում հնարավոր է իրականացվում է բոլորովին այլ գործունեություն։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ գործունեությունը կրել է կազմակերպված բնույթ։ Գործել են թիմային կառուցվածքներ, խմբի ղեկավարներ և գործակալներ, որոնց հիմնական նպատակը եղել է նոր խաղացողների ներգրավումը և նրանց ակտիվության աճը։ Մի շարք հասցեներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հարյուրավոր աշխատակիցներ, աշխատանքային համակարգիչներ, սերվերային սարքավորումներ, աշխատանքային բջջային հեռախոսներ, բազմաթիվ SIM քարտեր, տեսաձայնագրման սարքեր, ինչպես նաև մեծածավալ էլեկտրոնային և թղթային փաստաթղթեր։

Հետազոտությունների ընթացքում առանձնակի ուշադրության են արժանացել աշխատակիցներին կատարված վճարումները։ Մի շարք աշխատակիցներ հայտնել են, որ պաշտոնապես ստացված աշխատավարձերից բացի, պարբերաբար ստացել են նաև կանխիկ բոնուսներ և հավելավճարներ։ Նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աշխատակիցներին վճարվել է ավելի քան 950 միլիոն դրամի չափով կանխիկ աշխատավարձ, բոնուս և պարգևավճար, որոնք հարկային մարմին ներկայացված հաշվետվություններում չեն արտացոլվել:»

Ըստ նախնական տվյալների, հնարավոր պակաս հաշվարկված եկամտային հարկի ծավալը գերազանցում է 193 միլիոն դրամը։ Միաժամանակ իրականացված վերլուծությունները հիմք են տվել ենթադրելու, որ փաստացի ծավալները կարող են էականորեն ավելի մեծ լինել։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ խաղացողների կողմից կատարվող ֆինանսական փոխանցումները կազմակերպվել են տարբեր եղանակներով: Հաճախորդների կողմից փոխանցված գումարները միջնորդավորված կարգով օգտագործվել են խաղային հաշիվների համալրման և խաղադրույքների իրականացման գործընթացում։ Առանձին դեպքերում հայտնաբերվել են կրիպտոարժույթներով իրականացվող փոխանցումների, դեպոզիտների և շահումների փոխանցման վերաբերյալ տվյալներ։

Ստեղծվել են խաղային հարթակներին մասնակցելու հնարավորություններ, կազմակերպվել է նոր օգտատերերի ներգրավում, իրականացվել են միջնորդավորված վճարային գործառույթներ:
Նման գործունեությունն իրականացվել է առանց համապատասխան լիցենզիաների։ Նախնական գնահատմամբ՝ առանց համապատասխան լիցենզիաների հնարավոր իրականացված գործունեության մասով պետությանը պատճառված հնարավոր վնասի չափը գերազանցում է 2 միլիարդ 400 միլիոն դրամը։

Հաշվի առնելով, որ դեպքի առիթով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։

Հարկ է նշել, որ ստվերում աշխատելը կարող է ժամանակավորապես շահավետ թվալ, սակայն դրա իրավական և ֆինանսական հետևանքները կարող են բազմապատիկ անգամ գերազանցել ակնկալվող օգուտը։ ՊԵԿ-ը հորդորում է բոլոր տնտեսավարողներին գործել օրենքի շրջանակներում, իսկ քաղաքացիներին՝ չներգրավվել ապօրինի ֆինանսական և խաղային սխեմաներում։

Կոմիտեն, համագործակցելով իրավապահ և անվտանգության մարմինների հետ, շարունակելու է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու, ապօրինի ֆինանսական հոսքերի և առանց լիցենզիայի իրականացվող գործունեության բոլոր դրսևորումների դեմ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան