«Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը, անդրադառնալով Արթուր Օսիպյանի գործով մեկնարկած նստացույցին, հայտարարեց, որ եթե հասարակությունը համակերպվի տեղի ունեցող գործընթացների հետ, ապա նման դեպքերը շարունակական բնույթ կկրեն։
Նրա խոսքով՝ այսօր լուռ մնացող քաղաքացիները վաղը կարող են իրենք հայտնվել նույն իրավիճակում։
«Եթե քաղաքացիները հաշտ լինեն դրա հետ, այս պրոցեսները շարունակվելու են։ Գալու են նաև այն մարդկանց հետևից, ովքեր այսօր լուռ են, բայց վաղը գուցե փորձեն խոսել։ Եթե այս մտածողության մեջ ճեղքում չլինի, իրավիճակն օր օրի ավելի է վատանալու»,- ասաց նա։
Գևորգյանի խոսքով՝ պայքարի հաջողությունը կախված է քաղաքացիների մասնակցությունից և աջակցությունից։
«Եթե մարդիկ գիտակցեն խնդրի կարևորությունն ու միանան, կստացվի ցույց տալ, որ մենք հոտ չենք, այլ հայերի միություն ենք, որոնք հոգ են տանում միմյանց մասին և չեն հանդուրժում անարդարությունը։ Սովորական քաղաքացիները գուցե չեն կարող որևէ մեկին պաշտոնանկ անել, բայց կարող են այնպիսի հանրային ճնշում ձևավորել, որ ապօրինի քայլ կատարողները ստիպված լինեն հետ կանգնել իրենց որոշումներից»,- նշեց նա։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ հասարակական դիմադրությունը ստիպել է իշխանություններին վերանայել որոշումները։
Անդրադառնալով Արթուր Օսիպյանի հացադուլին՝ Գևորգյանը նշեց, որ իշխանությունները շահագրգռված չեն նման դեպքերի հանրայնացմամբ։
«Համակարգը միշտ փորձում է այնպես անել, որ մարդիկ չիմանան նման դեպքերի մասին։ Եթե հասարակությունը հաշտ է որևէ կամայական որոշման հետ՝ լինի դա երկրի տարածքի հանձնում, թե քաղաքացու կալանավորում, ապա այդ որոշումը հեշտությամբ իրականացվում է։ Եթե հասարակությունը չհաշտվի, այդ քայլերը չեն կարող անցնել»,- ասաց նա։
Գևորգյանի խոսքով՝ եթե հանրային դժգոհությունը հասնի այն մակարդակին, որ Օսիպյանին կալանքի տակ պահելը «ավելի թանկ» դառնա, քան ազատ արձակելը, ապա իրավիճակը կարող է փոխվել։
Անդրադառնալով «Բոլորին դեմ եմ» կուսակցության առաջիկա նախաձեռնություններին՝ նա նշեց, որ այս պահին առաջնահերթությունը հենց Արթուր Օսիպյանի գործն է։
«Չեմ ցանկանում այս միջոցառումն օգտագործել կուսակցական քարոզչության համար։ Լավ կլինի, որ բոլորը խոսեն Արթուր Օսիպյանի և, իրենց կարծիքով, տեղի ունեցած անարդարության մասին, ոչ թե իրենց քաղաքական ուժերի գաղափարների։ Դրա համար այլ հարթակներ կան»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց Իշխան Գևորգյանը։
Մերի Հակոբյան