Մամուլ 5 ամիս առաջ - 08:10 28-05-2026

Հանրապետության օրը միայն ՔՊ-ականներով կնշեն. ընդդիմությունը չկա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մայիսի 28-ն է՝ Հանրապետության օրը, 1918 թվականի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակումը խորհրդանշող ազգային տոնը։ Սա համազգային, համապետական նշանակության օր է, որը սովորաբար նշվում է զորահանդեսներով, հրավառություններով, համերգներով ու շքերթներով, քանի որ այն պատկանում է ողջ հայ ժողովրդին, այլ ոչ թե որևէ քաղաքական ուժի։

Սակայն, ինչպես պարզվում է, այս տարվա տոնական զորահանդեսը գործող իշխանությունների համար ոչ թե ազգային զարթոնքի ու միասնության խորհուրդ ունի, այլ վերածվել է նեղ կուսակցական՝ ՔՊ-ական «խրախճանքի»։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե արդյոք նրանք պաշտոնական հրավեր կամ ծանուցում ստացել են՝ մասնակցելու տոնական միջոցառմանը, թե՞ ոչ։ Պատկերը, մեղմ ասած, զավեշտալի է․ խմբակցության և ոչ մի պատգամավոր տեղյակ չէր որևէ հրավերից։ Ու խնդիրն այն չէ, թե չեն նկատել․ պարզապես չկա՛ որևէ նամակ, որ նկատեն։

Ի՞նչ են պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավորները․

Արմենուհի Կյուրեղյան․ ասաց, որ տեղյակ չէ։

Աննա Գրիգորյան․ չգիտի։

Գառնիկ Դանիելյան․ տեղյակ չէ և դեռ չի էլ ստուգել էլեկտրոնային փոստը։

Ագնեսա Խամոյան․ տեղյակ չէ։

Գեղամ Մանուկյան․ «Չգիտեմ, չի էլ գա։ ԱԺ-ից մեզ ոչինչ չեն հայտնել, աչքս ջուր չէր կտրել»։

Քրիստինե Վարդանյան․ տեղյակ չէ։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ ինքը անհատական հրավեր չի ստացել որևէ գերատեսչությունից, սակայն տեղյակ է, որ խմբակցությանը մի տեղեկատվական շրջաբերական է ուղարկվել միջոցառման մասին։ «Սա հրավեր չէ, պատշաճ վերաբերմունք չէ։ Հանրապետության օրը բոլորինն է, ուստի պետք է հրավեր լինի Կառավարության կողմից բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։ Հանրապետությունը ՔՊ-ն չէ»։

Համեմատության համար նշենք, որ նախկին «կոռումպացված, բռնարար, ոչ ժողովրդավար» իշխանությունների օրոք ցանկացած պետական ու ազգային միջոցառման համար հրավերներ ուղարկվում էին պատշաճ ու բարձր մակարդակով՝ չնայելով՝ մարդը ընդդիմադիր հայացքներ ունի, թե իշխանական։ Անգամ շատ դեպքերում արտախորհրդարանական ընդդիմությունն էր ազգային, պետական տոներին հրավիրվում։

Նկատենք, որ 2021-ից հետո ՔՊ-ն փաստացի ուզուրպացրել է խորհրդարանը, որտեղ ընդդիմությունը չունի կառավարման լծակներ, ինչը աննախադեպ բան է հայրենի խորհրդարանի պատմության մեջ։ Ընդդիմադիր փոխխոսնակ, հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ չկան ժողովրդավարական, խորհրդարանական Հայաստանում։ ԱԺ-ն ՔՊ-ի կցորդ մարմնի է վերածվել»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում