Ներքին 4 ամիս առաջ - 23:03 27-05-2026

Անահիտ Մանասյանը աշխատանքային այց է կատարել Սպիտակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 27-ին աշխատանքային այց է իրականացրել Լոռու մարզի Սպիտակ համայնք։

«Արմենպրես»-ին ՄԻՊ գրասենյակից տեղեկացրին, որ պաշտպանն այցելել է «Խնամք» ՀԿ Սպիտակի խնամքի կենտրոն՝ տեղում ծանոթանալու հաստատության շահառուների իրավունքների իրացման գործընթացին, շենքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատակիցների աշխատանքային պայմաններին։

Կենտրոնի ղեկավարության ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հաստատությունում՝ ծանոթանալով շահառուների խնամքի պայմաններին և առկա խնդիրներին։

Պաշտպանը կարևորել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումը՝ ընդգծելով, որ այն պետք է հիմնված լինի հավասարության, անհատական մոտեցման, խտրականության բացառման և մարդու արժանապատվության հարգման սկզբունքների վրա։

Սպիտակ համայնք կատարած այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է նաև «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության Սպիտակի մասնաճյուղ։

Պաշտպանը ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, շահառուներին տրամադրվող ծառայություններին, ինչպես նաև սոցիալական և հոգեբանական աջակցության ծրագրերի իրականացմանը։

Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է նաև շահառուների հետ։

Անահիտ Մանասյանը կարևորել է անմիջական շփումն ու մարդկանց հետ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։

«Ես աշխատում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ սկզբունքով: Այդ տեսանկյունից մեզ համար կարևոր է ոչ թե պարզապես գրասենյակում նստած մարդկանց համար ինչ-որ հարցեր լուծել, այլ նաև լինել մարդկանց կողքին, լսել նրանց, միասին աշխատել ու հասկանալ խնդիրները»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ նման հանդիպումները կարևոր են ոչ միայն աշխատանքային, այլ նաև մարդկային տեսանկյունից, և հնարավորություն են տալիս մարդկանց զգալու, որ իրենք միայնակ չեն ու ունեն աջակցություն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սոցիալական աջակցության, բանկային ծառայությունների հասանելիության և անկանխիկ շրջանառության պայմաններում տարեցների ու խոցելի վիճակում գտնվող խմբերի առջև ծառացած խնդիրները։

Պաշտպանը շեշտել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս բարձրաձայնել է ոլորտին առնչվող խնդիրներ։

Պաշտպանն այցելել է նաև «Ապագայի տուն»՝ Սպիտակի Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա (YMCA) հասարակական կազմակերպություն, որտեղ ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, իրականացվող ծրագրերին և պայմաններին:

Անահիտ Մանասյանը դիտարկել է երիտասարդների և երեխաների համար նախատեսված կրթական, սոցիալական և հոգեբանական աջակցության ծրագրերի իրականացման պայմանները, համայնքային ներգրավվածության հնարավորությունները` ընդգծելով կազմակերպության կողմից իրականացվող գործունեության և ծրագրերի կարևորությունը։

Պաշտպանը կարևորել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության, համայնքային ծառայությունների համակարգի զարգացման և խոցելի վիճակում գտնվող խմբերի սոցիալական ներառման ապահովման գործում՝ ընդգծելով, որ այս առումով անհրաժեշտ է պետություն–քաղաքացիական հասարակություն շարունակական և արդյունավետ համագործակցություն։

«Միայն համատեղ ջանքերով կարելի է կառուցել հասարակություն, որտեղ լիարժեք կերաշխավորվի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, տարեցների իրավունքների պաշտպանությունը, սոցիալական ներառումը և հավասար հնարավորությունների ապահովումը»,- նշել է Պաշտպանը։

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների և տարեցների իրավունքների պաշտպանության ոլորտը՝ նպաստելով խնդիրների վերհանմանն ու դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների ձևավորմանը։

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը