Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 20:30 19-05-2026

«Տարավ, վառեց»․ զոհվածի պապի բերանը փակեցին, Փաշինյանը չի պատժվի, Քոչարյանը զգուշացրեց․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 19-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն այսօր է ուղեկցվել սկանդալներով։ Ազատի կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինվորի պապիկին չթույլատրեցին մոտենալ Լոռու մարզում քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին և բերանը փակելով հեռացրին հավաքից: «Տարավ վառեց Ազատ գյուղում», - տղամարդու այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը ոստիկանների հրահանգեց՝ «ով խոչընդոտելու համար գալիս է հեռացրեք, թող գնանք իրենց գործին»: «Ինչի՞ եք տանում, ես իմ պահանջն ունեմ, իմ երեխուն տարավ վառեց Ազատ գյուղում», - ասում էր տարեց տղամարդը։ Հիշեցնենք՝ 2023-ին հունվարի 19-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 ժամկետային զինծառայող զոհվեց: Երեք տարի ձգվող դատավարությունն ընթացել է պաշտոնական վարկածի շուրջ, թե սպան փորձել է բենզինով թեժացնել վառարանը, ինչի հետևանքով էլ հրդեհ է բռնկվել։ Դեպքից ժամեր անց Փաշինյանը կառավարության նիստում սեփական վարկածն էր ներակայացրել, թե ինչպես է այն տեղի ունեցել, իրավապաշտպանների պնդմամբ, փաստացի ուղղորդելով իրավապահներին։

Լոռիում Սպիտակի փոխքաղաքապետն ու քաղաքապետը խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքը: Լոռիում Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր հունից դուրս է եկել, երբ «Ազատության» լրագրողը փորձում էր ճշտել՝ աշխատանքային ժամին ինչու է նա ներկա իշխող ուժի քարոզարշավին: Մաթոսյանը հարվածեց տեսախցիկին ու հայտարարեց՝ «աշխատանքի է, բա Հանրապետության վարչապետն է եկել»: Հետ չի մնացել նաև Սպիտակի քաղաքապետը։ Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանին սպասողների շարքերում կան քաղաքապետարանի և «Հայփոստ»-ի մի շարք աշխատակիցներ: Սպիտակի «Հայփոստ»-ի տնօրենն, ի դեպ, ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի որդին է: Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում էլ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ խուզարկություններ են իրականացնում, այդ թվում՝ վարչական ղեկավարի աշխատասենյակում: Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը դուրս է բերվել աշխատասենյակից, որտեղ «անվտանգության աշխատանքներ են իրականացվում»: Անգամ սանհանգույցն էր փակ բոլորի համար: Նախորդ շաբաթվա վերջին հենց Մեծավանում էր տեղի ունեցել ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների բախումը, որին հաջորդել էին ընդդիմադիրների ձերբակալությունները։

Նիկոլ Փաշինյանի ու քաղաքացիների միջև երեկվա միջադեպերն է՛լ ավելի են ամրապնդել «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի այն կարծիքը, որ վարչապետի թեկնածուն «փսիխո պետք է հանի»: «Երեկ ուղղակի իսկապես առարկայական ապացույց ենք ստացել, որ շատ ճիշտ առաջարկ է, և մենք պետք է այդ առաջարկը անպայման ընտրություններից հետո կյանքի կոչենք: Այս մարդը ցույց տվեց իր կեցվածքով, որ ակնհայտ, առերևույթ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի», - հայտարարեց Քոչարյան։ Նրա խոսքով՝ մեկ անգամ սխալվելուց հետո երկրորդ անգամ սխալվելու իրավունք չունի ժողովուրդը, դրա գինը, հայտարարեց, կարող է նաև Սյունիքի կորուստը լինել: «Մեկ սխալի համար գինը եղավ հսկայական հողեր, 150 հազար փախստականներ, Արցախի կորուստ, հինգ հազար զոհ, և այլն: Հիմա թիկունք չի մնացել, հերթական սխալը դա լինելու է Սյունիք, լինելու է Արևմտյան Ադրբեջան, միգուցե մզկիթների կառուցում Հայաստանի տարածքում», - Ախուրյանում ասել է երկրորդ նախագահը։ Մի երիտասարդի էլ հետաքրքրեց՝ արդյո՞ք ընտրվելու դեպքում Քոչարյանը կկարողանա Բաքվի բանտերում պահվող գերիներին վերադարձնել, ու ե՞րբ: «Ես չեմ կարող հիմա ասել՝ երկու ամսում, կամ երեք ամսում, կամ հինգ ամսում, բայց ես ձեզ ասում եմ, որ այդ հարցը ողջամիտ ժամկետներում իր լուծումը կարող է ստանալ: Ես տեսնում եմ դա, այդ հնարավորությունը տեսնում եմ: Ալիևը ինչ հաճույք պիտի էդ դատական ամբողջ էդ ընթացակարգից ստանար, արդեն ստացել է, արդեն ստացել է: Սա լինելու է մեր հետագա խաղաղության բանակցությունների, խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների մի մաս, անպայման», - նշեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան: Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան