Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 18:00 16-05-2026

82 միլիոն դրամ՝ մեկ օրում. ինչպե՞ս է Ավինյանը շռայլում Երևանի բյուջեն

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Այս օրերին, երբ Երևանի քաղաքային իշխանությունները պարբերաբար ընդգծում են մայրաքաղաքի բյուջեի «սուղ» միջոցները և քաղաքացիներին հիշեցնում 150 դրամի չվճարման հետևանքների մասին, ուշադրության է արժանանում քաղաքապետի վերջին կարգադրությունների բովանդակությունը։ Դրանց ուսումնասիրությունը փաստում է, որ համայնքային միջոցների սահմանափակ լինելու մասին թեզը միֆ է, հատկապես երբ խոսքը վերաբերում է կոնկրետ ՀԿ-ի և մասնավոր ընկերություններին հովանավորելուն։

Պարզվում է՝ մեկ օրվա ընթացքում ստորագրված երեք կարգադրություններով Երևանի բյուջեից ուղղակիորեն դուրս է գրվել 82 մլն դրամ։

Այսպես․ 45 մլն դրամ՝ մեկ բացօթյա ներկայացման համար․ «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ին հատկացվել է աստղաբաշխական գումար՝ Կասկադ համալիրի տարածքում «Թէատրոն» ֆրանկոֆոն փառատոնի շրջանակներում։ Կարիք չկա լինելու թատերագետ՝ հասկանալու համար, որ մեկ երեկոյի համար 45 միլիոն դրամի ծախսը չափազանցված է և չհիմնավորված մի քաղաքում, որտեղ կոմունալ ու տրանսպորտային հարյուրավոր խնդիրներ կան։


20 միլիոն դրամ՝ սեփական շահույթ հետապնդող բիզնեսին «Նումա» ՍՊԸ-ին, որը հանդիսանում է կոմերցիոն կազմակերպություն։ Բյուջեից հատկացվող միլիոնները «Երևանի գինու օրեր» փառատոնի համերգային ծրագրի համար է։ Սա այն դեպքում, երբ գինու փառատոնը բացառապես առևտրային, բարձր եկամտաբերություն ունեցող միջոցառում է, որտեղ տաղավարների վարձակալությունից և տոմսերի վաճառքից մասնավոր ընկերությունը հսկայական շահույթ է ստանում։ Ինչո՞ւ պետք է շարքային երևանցին իր գրպանից վճարի մասնավոր բիզնեսի համերգային ծրագիրը։



«Տուրիզմի Հայկական ֆեդերացիա» ՀԿ-ին հատկացվել է 17 միլիոն դրամ՝ «Wizz Air» ավիաընկերության հետ համատեղ ծրագրով Հայաստան այցելող 160 հյուրերի գիշերակացի և հյուրընկալության համար։ Ստացվում է, որ մեկ հյուրի հաշվով քաղաքապետարանը ծախսում է շուրջ 106 000 դրամ։ Սա այն դեպքում, երբ ծրագիրն իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ, որոնք ունեն սեփական բյուջետային միջոցները նմանատիպ ներկայացուցչական ծախսերի համար։



Ընդամենը կարճ ժամանակ առաջ քաղաքային իշխանությունները հայտարարում էին, որ եթե ավտոբուսներում ուղևորները չվճարեն սահմանված 150 դրամները, քաղաքային տնտեսությունը կկանգնի կոլապսի առաջ։ Մինչ տրանսպորտից օգտվող բնակչությունը ստիպված խիստ խնայողություն է անում (քանզի սոցիալապես անապահով խավի համար յուրաքանչյուր 100 դրամն արդեն զգալի բեռ է), նույն ժամանակահատվածում մեկ գրչի հարվածով միլիոնավոր դրամներ են շռայլվում կասկածելի արդյունավետությամբ փառատոնների ու հյուրասիրությունների վրա։

Մեկ այլ հարց է, թե ընտրությունների նախաշեմին ո՞ւմ և ինչո՞ւ է հովանավորում քաղաքային իշխանությունը։

Այդուհանդերձ, այս երեք դեպքում էլ գործ ունենք նույն մեխանիզմի հետ՝ ոչ մրցակցային ֆինանսավորում։ Փոխանակ հայտարարվեն բաց մրցույթներ, որտեղ այլ կազմակերպություններ կարող են առաջարկել ավելի մատչելի և արդյունավետ պայմաններ, քաղաքապետարանը՝ հիմք ընդունելով ՀԿ նախագահի գրությունը, իրականացնում է բյուջետային հատկացումներ, ինչն իրենից վարչական ռեսուրսի չարաշահման և կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։

Սա վկայում է այն մասին, որ Երևանի քաղաքապետարանում առկա է առաջնահերթությունների խորը ճգնաժամ։ Բյուջեն աղքատ է միայն քաղաքացիների խնդիրները լուծելու համար, իսկ «յուրային» ՀԿ-ների և գլամուրային փառատոնների համար փող միշտ էլ գտնվում է։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան