«2018 թվականի սեպտեմբերին ինձ հրավիրել էին մի տեղ հարցազրույցի, և այնտեղ մի երիտասարդ լրագրող աղջիկ ինձ ասում է՝ «տեսա՞ք՝ ինչպես բացահայտվեց «Մարտի 1-ի» գործը»։
Ես ասացի՝ «բա ո՞նց բացահայտվեց», ասում է՝ «Նիկոլ Փաշինյանն է ասել, որ արդեն բացահայտվել է»։ Այսինքն՝ դա այն սուտասանի կրկնվող սուտն է, որը օգտագործվում է ամենատարբեր առիթներով և այդ բոլորը խոսում է նրա մասին, որ 2008 թվականի մարտի 1 բոլոր գործողությունների մեջ կա այդպես կոչված այն ժամանակվա ընդդիմության, այդ թվում և քաղաքացի Փաշինյան Նիկոլի մեղքը, մեղավորությունը մինչև անգամ» ,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը։
Նշենք՝ քարոզարշավի 7-րդ օրը Աջափնյակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ Մարտի 1-ը հարյուր տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։ Ալավերդյանի խոսքով՝ եթե 2008-ի մարտի 1-ի բոլոր գործողությունների մեջ չլիներ Նիկոլ Փաշինյանը մեղքը, հիմա դա բացահայտված կլիներ։ «Եթե դա այդպես չլիներ, իրենք կբացահայտեին արդեն այս 8 տարվա մեջ։
Եթե հիշում եք, անմիջապես ձերբակալվեց Քոչարյանը 2018 թվականի ամռանը՝ առանց որևէ հիմքի, և դրանից հետո ինքը կրկին ազատ արձակվեց։ Այսինքն՝ այս իշխանությունները, երբ դեռ իշխանություն չէին, հենց մեղքի մեծ մասի կրողներն էին»։
Ալավերդյանը նշեց, որ ինքը դեռևս 2007-2012 թվականներին, երբ եղել է Ազգային ժողովի պատգամավոր, հայտարարել է՝ եթե գործող իշխանությունը որևէ առնչություն չունենար այդ անօրինական գործողությունների հետ, ապա կբացահայտեր բոլոր այդ գործերը։
«Հիմա, քանի որ 8 տարի է անցել, և այս իշխանությունը չի բացահայտել ու միայն կրկնում է նույնը, ես ափսոսում եմ այն մարդկանց համար, ովքեր հավատում են դրան։ Ես, օրինակ, ոչ լսում եմ, ոչ էլ դիտում, եթե պետք է՝ ընթերցում եմ միայն մեկնաբանելու համար։ Ես ափսոսում եմ այդ մարդկանց ուղեղն ու առողջությունը, որ սնվում են որևէ հիմք չունեցող, բացեիբաց ստերով»։
Դիտարկմանը, որ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, արդյոք դա անուղղակի խոստովանություն չէ, որ նա միջամտում է դատարանների գործերին, Ալավերդյանը նկատեց․ «Սա առաջին անգամ չէ։ Դա արդեն շարունակական բնույթ է կրում։ Սահմանադրական դատարանի նկատմամբ հարձակումները, դատարանների դռները փակելու կոչերը և այլ գործողությունները խոսում են այն մասին, որ այդ անձնավորությունն իր թիմի հետ վաղուց զավթել է իշխանությունը, և իրականացվում է ինքնիրավչություն»։
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթները հստակ վերաբերում են նման գործողություններին։ «Եթե նայում ենք Սահմանադրությանը, ապա 28-րդ գլուխը խոսում է սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մասին։ Կան նաև 29-րդ գլխի դրույթները, որոնք վերաբերում են ծառայողական լիազորությունների չարաշահմանը։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում դրա մասին հստակ հոդվածներ կան»։
Ալավերդյանի գնահատմամբ՝ ներկայիս իշխանությունները զավթել են իշխանության բոլոր թևերը։ «Գործադիր իշխանությունը զավթել է նաև մյուս երկու թևերը՝ հատկապես դատական իշխանությունը։ Այդ պատճառով իրենք որևէ վտանգ չեն զգում, որ կարող են պատասխանատվության ենթարկվել»։
Նա նաև կարծիք հայտնեց, որ իշխանությունները կախված չեն ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ ընդդիմության կարծիքից։
«Նրանք հակահայկական, հայատյաց գաղափարախոսության կրող են և այս առումով պարզապես խաղալիք են ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների ձեռքում, որոնց մի մասի ներկայացուցիչներին մենք տեսանք այստեղ՝ Եվրամիության սամիթի ժամանակ»։
Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է ոչ միայն պատասխանեն իշխանությունների հռետորաբանությանը, այլ նաև ներկայացնեն սեփական դրական օրակարգը։
«Ընդդիմադիր ուժերը պետք է հստակեցնեն, թե իրականում այս վիճակում, որին հասցրել է Հայաստանը այս թիմը, ինչ կարելի է անել։ Պետք է շեշտել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր ռեսուրսը շարունակում է մնալ նրա աշխարհաքաղաքական դիրքը, որը կարևորագույն հիմքերից մեկն է երկրի անվտանգության համար»։
Նա նաև հավելեց, որ այս իշխանության չպետք է խայտառակ ձևով կռանա այս կամ այն ուժերի մոտ։
«Ես հորդորում եմ բոլորին, ովքեր դեռ չեն կորցրել մտածելու ունակությունը, կարողանալ այս անգամ թույլ չտալ, որ այս քաղաքական թիմը ևս մեկ անգամ հաղթի։ Կա ռիսկ, որ եթե այս իշխանությունները տեսնեն, որ իրապես որևէ շանս չունեն հաղթելու նույնիսկ կեղծիքների միջոցով, կարող են դիմել շատ ավելի վտանգավոր քայլերի Հայաստանի անվտանգության դեմ։
Նրանք արդեն անգամ չեն փորձում թաքցնել իրենց նպատակներն ու իրական դեմքը։ Դրա համար կարծում եմ, որ ընդդիմադիրներն ու մյուս ուժերը պետք է կարողանան դիմադրել նման հարձակումներին»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։
Արփինե Նավասարդյան
Արփինե Նավասարդյան