Ուղիղ եթեր
Ներքին 3 շաբաթ առաջ - 22:45 09-05-2026

Մեր պապերի համար դա հայրենական պատերազմ էր․ քաղաքացիները՝ «Մայիսի 9»-ի մասին

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ը Հաղթանակի զբոսայգում զրուցել է քաղաքացիների հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս են նրանք գնահատում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի նշանակությունը, և իրենց համար ավելի ընդունելի է «Հայրենական պատերա՞զմ», թե՞ «Երկրորդ համաշխարհային պատերազմ» ձևակերպումը։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ օրը նախևառաջ հաղթանակի ու զոհվածների հիշատակի օր է։

«Մեր հաղթանակի կապակցությամբ ենք այստեղ, Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մեր հարազատների հիշատակը վառ պահելու համար։ Պետք է փառաբանենք մեր հերոսներին, Թամանյան գնդին, մեր քաջերին»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ երկու ձևակերպումներն էլ ընդունելի են։

«Երկուսն էլ ճիշտ են, որովհետև սկզբում հայրենական էր, հետո համաշխարհային դարձավ։ Մեր պապերի համար, բնականաբար, հայրենական պատերազմ էր»,- նշեց քաղաքացին՝ հավելելով, որ իր ընտանիքում ևս պատերազմի մասնակիցներ են եղել։

Նա նաև հիշեցրեց, որ մայիսը հայ ժողովրդի համար առանձնահատուկ ամիս է՝ կապված նաև Շուշիի ազատագրման հետ։

«Այս ամիս մենք երկու կարևոր հաղթանակ ենք նշում՝ Մեծ հայրենականի հաղթանակն ու Շուշիի ազատագրումը՝ «Հարսանիք լեռներում» օպերացիան։ Պետք է հպարտ լինենք մեր զինվորներով ու մարդկանցով, ովքեր իրենց կյանքը դրեցին, որ մենք ապրենք»,- ասաց նա։

Մեկ այլ քաղաքացի ընդգծեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը համաշխարհային բնույթ է ունեցել, քանի որ ընդգրկել է բազմաթիվ երկրներ։

«Հայրենական պատերազմը Երկրորդ համաշխարհայինի մասն է։ Երկրորդ համաշխարհայինը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, իսկ հայրենականը՝ 1941 թվականի հունիսի 22-ին։ Մեր պապերի համար դա հայրենական պատերազմ էր, որովհետև իրենք կռվում էին հայրենիքի համար»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ պատերազմը երբեք չի կարող դրական երևույթ համարվել։

«Պատերազմը արհավիրք է, ոչ մեկի համար չի կարող հարազատ լինել։ Բայց մենք այստեղ ենք, որովհետև պետք է հիշենք նրանց, ովքեր զոհվել են»,- ասաց քաղաքացին։

Հարցվածներից մեկը նշեց, որ իր համար ավելի ընդունելի է «համաշխարհային պատերազմ» ձևակերպումը, քանի որ պատերազմին մասնակցել են տարբեր ժողովուրդներ։

«Եթե միայն հայերն էին մասնակցում, գուցե հայրենական ասեինք, բայց այն ժամանակ տարբեր ժողովուրդներ էին կռվում, դրա համար ավելի համընդհանուր պատերազմ էր»,- ասաց նա։

Մեկ այլ այցելու էլ ընդգծեց, որ այս օրը նախևառաջ զոհերի հիշատակը հարգելու օր է։

«330 հազար հայ զոհվեց պատերազմի ընթացքում։ Այսօր այստեղ ավելի շատ եկել ենք նրանց հիշատակը վառ պահելու համար»,- ասաց նա՝ նշելով, որ իր երկու պապերն էլ մասնակցել են պատերազմին, որոնցից մեկը հասել է մինչև Բեռլին։

Քաղաքացիների մի մասը դժվարացավ հստակ տարբերակել՝ որ ձևակերպումն է ավելի ճիշտ, սակայն համաձայն էին մեկ հարցում՝ պատերազմը մեծ ողբերգություն էր, իսկ հաղթանակի ու զոհերի հիշատակը պետք է պահպանել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան