Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 20:30 07-05-2026

Ռուբեն Վարդանյանի ամոթանքը, Փաշինյանը շքերթին չի մասնակցի, աղմկոտ պաշտոնանկություններ․ Ամփոփ լուրեր

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 7-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով Բաքվի բանտից հայտարարություն է փոխանցել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անաիտ Մանասյանի պատասխանի առնչությամբ։ Վարդանյանը մասնավորապես նշել է՝ եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա. «Մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը»,- ասել է Վարդանյանը ապա շարունակել․ «Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով»։ Նա հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ «Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։ Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն. հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները», - հավելել է նա։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ Ռուբեն Վարդանյանը հարց է ուղղել, թե ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար, ինչպիսի՞ն է հաստատված կարգը։ «Հայտարարե՛ք պատասխանատու անձին։ Հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։ Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է», - նշել է Վարդանյանը՝ հետաքրքրվելով՝ ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում՝ առանց աջակցության։

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։ Նա այդ մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում։ Փաշինյանը հավելեց նաև, որ այս մասին նա նախապես տեղեկացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ապրիլի 1-ին կայացած վերջին կայացած վերջին հանդիպման ժամանակ։ «ՌԴ կատարած իմ այցի ընթացքում` ապրիլին, Ռուսաստանի նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարող մասնակցել Մայիսի 9-ի շքերթին»,– ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նաև հայտնել է, որ Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում կցուցադրվի Ֆրանսիայից ստացած զենքը: «Ինչի՞ պատմեմ, ցույց կտամ... հուսով եմ` մայիսի 28-ին Երևանում կլինեք, տեղ գնացած չեք լինի, տեսախցիկները փչացած չեն լինի, հոսանքը անջատված չի լինի, Առինջում մեծ ու կարևոր միջոցառում չի լինի, կգաք, կտեսնեք»,– ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ էական բան է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի համար։

Այսօր մամուլի ասուլիս է տվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը։ Վերջինս հայտնել է, որ իր տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի Չինաստանում հալյուցինացիաներ առաջացնող սունկ է կերել, որից շուրջ 1 տոննա իր հետ բերել է Հայաստան։ «Վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք՝ այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ կան, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիա են առաջացնում, ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր և իմ ինֆորմացիայով մոտավորապես մեկ տոննա հետը առել բերել ա Հայաստան»,- ասել է Կարապետյանը՝ պնդելով, որ Փաշինյանը Կառավարության և ԱԺ նիստերից առաջ ուտում է այդ սունկը։ Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հրաժարվել է արձագանքել այս հայտարարությանը՝ նշելով, որ ծանոթ չէ դրան, այնուհետև ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ դատի է տալու Կարապետյանին այդ հայտարարության համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված