Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 19-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման: Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։ «Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»,- գրել է կառավարության ղեկավարը։ Հիշեցնենք, որ մարտի 13-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանը բավարարել է Ադրբեջանը 2 պահանջները․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որով հաստատել էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։
Ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինծառայողներ երեկ Բաքվի ռազմական դատարանում ցուցմունք են տվել՝ պահանջելով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ամենախիստ պատիժը սահմանել: Անկախ լրագրողների և միջազգային կառույցների բացակայությամբ ընթացող դատավարության մասին կարճ հաղորդագրություն է տարածել պետական «Ազերթաջ» գործակալությունը՝ տեղեկացնելով, թե ցուցմունք են տվել զինծառայության ընթացքում տուժածները: Վերջիններս պնդել են, թե իբր զինվորական ծառայության ընթացքում Քարվաճառում և Մարտունիում Հայաստանի կողմից իրականացված ռազմական սադրանքի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել տարբեր զինատեսակներից արձակված կրակոցներից, ձեռքի նռնակներից»: Նրանք նաև նշել են, թե Ռուբեն Վարդանյանին ճանաչում են մամուլից և սոցիալական ցանցերից և պահանջել, որպեսզի Բաքվի ռազմական դատարանը նրա նկատմամբ ամենախիստ պատիժը սահմանի:
Արտաքին գործերի նախարարությունը մերժել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարարական կազմակերպությանը տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի տեքստը՝ առաջարկելով լսել Ազգային ժողովում խաղաղության պայմանագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ելույթը։ Այս մասին բարձրաձայնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ Արաքս Մելքոնյանը։ «Դե ինչ ասեմ՝ համաձայնագրի տեքստը տեսել են որոշ արտոնյալներ, ոմանք՝ մասամբ, իսկ այ ՄԵՐ պետությանը, մեր ու մեր երեխաների իրավունքներին ու ապագային վերաբերող այս կարևոր փաստաթղթին մենք չենք կարող ծանոթանալ, միայն կարող ենք լսել ինչ-որ պարզաբանումներ՝ հակասական ու ամեն ինչ ոչնչի մասին տեքստեր։ Նորից մեզնից գաղտնի «ինչ պետք է բանակցել են» տրամաբանությամբ են առաջնորդվում այս մարդիկ, անհաշվետու ու անպատասխանատու»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արաքս Մելքոնյանը։
ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ ՔՊ-ական պատգամավորները համաձայնություն կտան դատախազի՝ իրեն մանդատից զրկելու միջնորդությանը: Լրագրողների հետ զրույցում Աղազարյանը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից ընդամենը մի քանի հոգի են, որոնք իրավաբաններ են և որոնք կարող են այս ակամ այն կերպ ադեկվատ կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսներն այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն և, հետևաբար, պետք է հնարավորություն տան դատախազությանը և իրավապահ մյուս մարմիններին՝ սկսելու գործընթաց, պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել: Աղազարյանը միևնույն ժամանակ նշեց, որ դա քաղաքական որոշում է: «Պարոն Փաշինյանի նպատակն ինձ մանդատից զրկելն է և ինձ մանդատից զրկելու համար կա շատ գեղեցիկ, ռեալ ճանապարհ։ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն պարտություն է կրում, և վարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, հետևաբար բոլորը՝ այդ թվում նաև ես, զրկվում ենք մանդատից»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: