ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրավապահների գործողությունները շարունակվում են արդեն շուրջ 8 տարի։ Սակայն այսքան ժամանակ անց դեռ բաց է մնում մի կարևոր հարց՝ ինչպե՞ս է ստացվել, որ հիմնական հարվածը բաժին է հասել հենց Խաչատրյանին։ Արդյոք նույն գործընթացների շրջանակում պատշաճ ուշադրություն դարձվե՞լ է նաև բոլոր այն անձանց, որոնք կարող էին առնչություն ունենալ տվյալ ժամանակաշրջանի պատասխանատու որոշումների հետ։
ՊԵԿ նախկին առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը, որը համարվում էր Խաչատրյանի ամենամոտ վստահված անձանցից մեկը, այդ ժամանակահատվածում դիտվում էր հարկային համակարգի առավել պրոֆեսիոնալ կադրերից մեկը։ Նա, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, երբեք չի ցուցադրել իր հարստությունը և իր անունով գրանցված խոշոր բիզնեսներ չի ունեցել։ Ի տարբերություն Ալավերդյանի՝ Գագիկ Խաչատրյանի անվան հետ էին կապվում «Յուքոմը», «Գալաքսի» ընկերությունների խումբը, ԱՄՆ-ում մեծ առանձնատունը և այլն։

Պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո Արմեն Ալավերդյանը հանրությանը ներկայանում էր որպես համեստ պետական պաշտոնյա, ում եկամուտները գոյացել են բացառապես աշխատավարձից ու խնայողություններից։ Հանրության շրջանում հարցեր բարձրացան հատկապես նրա պաշտոնից հեռանալուց հետո, երբ ընդամենը երեք տարի անց՝ 2019-ին, Ալավերդյանը դարձավ Երևանի կենտրոնում գտնվող «Բոնժուղ բուտիկ հոթել» հյուրանոցի 100% սեփականատերը։

Հանրությունը ցանկանում է տեսնել «ամենախոշոր ձկների» պատժվելը։ Այսպիսի հանրային պատվեր կա։ Եվ գուցե դրանով էր պայմանավորված Գագիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ հանրային դժգոհություններ կային նրա ստվերային գործունեության հետ կապված։
Oragir.News-ի հետ զրույցում ՊԵԿ նախկին առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը փորձեց հստակ տարանջատել իրեն իրավական այն գործընթացներից, որոնք առնչվում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին, նրա դեմ հարուցված քրեական գործերի շրջանակում։
«Ես 2016 թվականից, երբ դուրս եմ եկել, ընդհանրապես որևէ կապեր, շփումներ, առնչություններ չեմ ունեցել, չունեմ։ Եթե Ձեզ մի բան ասեմ, պետք է կոնկրետ ասեմ, բայց նման ինֆորմացիա չունեմ։ Իմ ինֆորմացիոն աղբյուրը Ձեզ համար շատ աղքատ է»,- վստահեցրեց Արմեն Ալավերդյանը։
Oragir.News-ի հարցին՝ արդյոք երբևէ հրավիրվե՞լ է հարցաքննության կամ ներգրավվե՞լ է Գագիկ Խաչատրյանին առնչվող գործի քննությունների շրջանակում, վերջինս արձագանքեց․ «Ի՞նչ գործի շրջանակում։ Ձեր ասած շրջանակում՝ ոչ։ Ինձ հետ նման հարցաքննություն չի եղել»։
Անդրադառնալով իր անվան հետ կապվող գույքին՝ Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցին, Ալավերդյանը նշեց, որ այդ տարածքը ձեռք է բերել քրտնաջան աշխատանքի արդյունքում։

«30 տարի աշխատել եմ, ամբողջ ընտանիքս՝ կինս, տղաներս էլ են աշխատել։ Կարծում եմ՝ իրավունք ունեի ունենալու 450 մ² տարածք։ Իհարկե, «հյուրանոցը» ճոխ է ասված՝ փոքրիկ սենյակներ են, մի քիչ՝ հյուրանոցի նման, եթե ժամանակ ունենաք՝ կարող եք գալ՝ ցույց կտամ։ Ամեն դեպքում, խոսքը նույն 450 մ²-ի մասին է»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով. «Մարդիկ առանձնատներ ունեն, տարբեր հնարավորություններ, իսկ ես ո՛չ առանձնատուն ունեմ, ո՛չ էլ ավտոմեքենա, վարել էլ չեմ կարողանում։ Ունեմ-չունեմ՝ այդ մի բանն ունեմ՝ 450 մ² տարածք: 2018-ին ենք գործարկել, ու այդպես աշխատում ենք։ Ուզում եք՝ դա՞ էլ չունենամ»։

Հասկանալի է, որ Ալավերդյանն իրեն ներկայացնում է որպես համակարգից վաղ հեռացած պաշտոնյա, որն իր գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, առանց որևէ օրենք, կարգ կամ իրավունք խախտելու, իսկ ՊԵԿ նախկին նախագահին առնչվող գործընթացների հետ կապ չի ունեցել։ Այնուամենայնիվ առաջ է գալիս ողջամիտ հարցադրում. Եթե քննվում են ՊԵԿ համակարգում ենթադրյալ չարաշահումներն ու գլխավոր պատասխանատուի՝ Գագիկ Խաչատրյանի գործունեությունն, ապա քննությունը լիարժեք ընդգրկո՞ւմ է բոլոր հնարավոր դերակատարներին։
Հասմիկ Մովսիսյան
Հասմիկ Մովսիսյան