Ուշագրավ զուգահեռ է անցկացրել Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացման վերաբերյալ հարցին։
«Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածքն է։ Ուզում եմ հիշեցնել, որ կողմերը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Մենք մոդելավորում ենք մի իրավիճակ, երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ վերահսկողության ներքո, և տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, օրինակ՝ 2016 թվականին։ Ինչպիսի՞ն պետք է լինի մեր ռեակցիան այդ մզկիթի տարածքի հետ կապված»,– ապրիլի 30-ին ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ինչո՞ւ է այսպիսի վերացական համեմատություն անում Փաշինյանը և հարվածի տակ դնում Արծվաշենի վերադարձի թեման։
Ուշագրավն այն է, որ Փաշինյանն առաջ է քաշում խաղաղության նոր մոդել։ Ըստ այդմ՝ ենթադրելի է, որ կա ներքին պայմանավորվածություն, որով կողմերն իրենց իրավունք են վերապահում քանդել իրենց վերահսկողության տակ անցած այն կառույցները, որոնք կառուցվել են 1991-ից հետո, վերջին տասնամյակներում, անկախ դրանց սոցիալական, քաղաքական, կրոնական, մշակութային նշանակությունից։
Եթե ժողովրդի թիկունքում այսպիսի պայմանավորվածություն իրոք ձեռք է բերվել, ապա Փաշինյանը պարտավոր է անկեղծորեն ասել այդ մասին ի լուր աշխարհի, որ թյուրըմբռնումներ չլինեն, մարդիկ այլ ակնկալիքներ չունենան, չսպասեն, որ ՀՀ իշխանությունը տեր կկանգնի, կփորձի պաշտպանել հայկական կառույցները ոչնչացումից։
Վատն այն է, որ այստեղ հավասար իրավիճակում չենք։ Այսինքն՝ Հայաստանի վերահսկողության տակ այսօր չկան տարածքներ, որտեղ Ադրբեջանը ինչ-որ բան է կառուցել 1991-ից հետո։ Հայերը չեն կարող համարժեք ոչնչացնել ադրբեջանական կառույցներն իրենց վերահսկողության գոտում։ Եվ այստեղ Փաշինյանը հիշում է Արծվաշենը։
Հիշեցնենք, որ նույն Փաշինյանը մի քանի տարի առաջ բացասաբար էր արտահայտվում արծվաշենցիների մասին, երբ նրանք սոցիալական պահանջներով ցույցեր էին անում Կառավարության շենքի դիմաց։ Նրանց համեմատում էր չուզող հարևանի հետ։
Իսկ հիմա ՀՀ իշխանությունները ի՞նչ են անում Արծվաշենի վերադարձի օրը մոտեցնելու համար։ Օրինակ՝ նախօրեին Աղվերանում սահմանազատման հանձնաժողովի նիստում Արծվաշենի հարցը քննարկվե՞լ է։ Եթե իրոք պայմանավորվածություն կա, որ Արծվաշենը պետք է վերադարձվի Հայաստանին, ապա ինչո՞ւ Արծվաշենի վերականգնման, վերաբնակեցման մասին տող չկա իշխանությունների առաջիկա ծրագրերում։ Իսկ եթե ոչ մի պայմանավորվածություն էլ չկա, ապա ինչո՞ւ է Փաշինյանը կոնկրետ հարցը ցրում, այն կապում Արծվաշենի հետ։
Այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս պարզ տեսնել, թե ինչ է կառուցվում Արծվաշենում։ Եթե Փաշինյանն այսպիսի համեմատություն պիտի աներ Արցախի նորակառույց եկեղեցիների ոչնչացման վերաբերյալ հարցին անդրադառնալիս, ապա կարող էր նախապես արբանյակային լուսանկարներով նայել, տեսնել՝ Արծվաշենում նոր կառուցված մզկիթ կա՞, թե՞ չկա։ Եթե կա, ապա կարող էր կոնկրետ ասել, որ այսինչ հատվածում կա, և հենց Արծվաշենը հետ վերցրինք, հաջորդ օրը կոչնչացնենք այդ նորակառույց մզկիթը։ Իսկ եթե ոչ մի մզկիթ էլ չկա, ապա Փաշինյանի բերած օրինակն անտեղի է, վերացական դատողություն, որը տեղին չէ կիրառել այսպիսի զգայուն թեմայի վերաբերյալ։
Ընդհանրապես՝ երկու երկրների և ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու համար պահանջվում է փոխադարձ հանդուրժողականություն զարգացնել, խոսել ոչ թե համարժեք քանդելու ու ոչնչացնելու, այլ միմյանց մշակույթն ու սրբությունները հարգելու մասին։ Արցախում եկեղեցու ոչնչացումը վկայում է հակառակի մասին, որ Բաքուն խաղաղություն չի ուզում։
Կարճ ասած՝ եթե ՀՀ-ն խաղաղություն է ուզում, ապա Արծվաշենում ենթադրյալ, վերացական մզկիթի նկատմամբ համարժեք վերաբերմունքի մասին ակնարկելու փոխարեն Փաշինյանը կարող էր հանդես գալ միմյանց տարածքներում ժողովուրդների պատմական, մշակութային նշանակության հուշարձանները չավիրելու նախաձեռնությամբ, խոստանալ, որ ՀՀ տարածքում չեն ջնջվելու ադրբեջանական հետքերը, և նույնն էլ ակնկալում են Ադրբեջանից, քանի որ դա է իրական, անկեղծ խաղաղությունը։
Թաթուլ Մկրտչյան
Թաթուլ Մկրտչյան