Ներքին 2 ամիս առաջ - 16:00 29-04-2026

Ինչու էին Մուստաֆաևի այցն ու օրակարգը գաղտնի պահում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ռեալ հարցեր առաջացրեց ադրբեջանական ինքնաթիռի վայրէջքը «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամեր անց ԱԳՆ-ն հաստատեց, որ Ադրբեջանի պատվիրակությունն է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ ժամանել Երևան:

Սա իրադարձություն է։ Ադրբեջանի փոխվարչապետի այցը վկայում է խաղաղության մթնոլորտի մասին։ Սակայն անհայտ է բարձրաստիճան պաշտոնյայի այցի օրակարգը։ Ինչո՞ւ է Մուստաֆաևը եկել։ Այս առումով շրջանառվում է մի քանի վարկած։

Առաջին ենթադրությունը կապվում է սահմանազատման գործընթացի հետ, քանի որ Շահին Մուստաֆաևը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի նախագահն է: Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման պետական ​​հանձնաժողովի և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերջին նիստը տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 28-ին Գաբալայում։ Իսկ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Սահմանապահի օրվա առիթով կամակերպված տողանի ժամանակ ասել է, թե առաջիկայում շարունակվելու է սահմանազատման գործընթացը։

Ոմանք կանխատեսում են, թե մինչև հունիսի 7-ը հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում ևս սահմանազատում կլինի։ Այս կերպ ցույց կտան, թե գործընթացը չի ավարտվել Կիրանցով, այլ շարունակվում է։ Սա, հավանաբար, դրական կանդրադառնա ՔՊ-ի վարկանիշի վրա։

Լավատեսները կարծում են, թե ադրբեջանցիները հունիսի 7-ից առաջ կզիջեն ՀՀ սահմանային որոշ դիրքեր, որոնք զավթել են 2021-2022-ին։ Եթե այսպիսի բան անեն, ապա Փաշինյանի վարկանիշը ռեալ կբարձրանա։ Բաքվին իրապես անհրաժեշտ է, որ Փաշինյանը վերընտրվի ու պահպանվեն ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունները, որոնց մեծ մասը գրավոր տեսք չունի։ Հետևապես՝ եթե մի քանի դիրք հետ տալու արդյունքում Փաշինյանի վերընտրվելու շանսերը մեծանալու են, ապա Բաքուն, հավանաբար, կգնա դրան։ Ավելին՝ լավատեսություն կա, թե գերիներին էլ են ազատ արձակելու։ Եվ սա էլ նույն տրամաբանության մեջ է։

Շրջանառվում են նաև հոռետեսական վարկածներ։ Ոմանք կանխատեսում են, թե Մուստաֆաևի այցի օրակարգում Հայաստանի առաջիկա զիջումներն են, մասնավորապես՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալը և նախկինում ադրբեջանցիներով բնակեցված բնակավայրերում ադրբեջանցիների համար հող հատկացնելը որպես սեփականություն, ինչպես նաև նախկին անկլավներն Ադրբեջանին հանձնելը։ Այս վարկածը ևս տրամաբանական է։ Եթե Բաքուն այսօր պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը, ապա վաղն էլ կարող է նման պահանջներ առաջ քաշել որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։

Սակայն այցի մանրամասները լրիվ փակ պահելը չի ստացվել։ Մամուլում լուրեր են հայտնվել, թե Մուստաֆաևը շրջում է Հայաստանում, արդեն եղել է Աղվերանում, մտադիր է այցելել Տավուշի մարզի Ջուջևան գյուղ, որը նրա ծննդավայրն է։ Ենթադրելի է, որ այս ճանապարհին նա ցանկություն կունենա այցելել այլ վայրեր ևս, որտեղ խորհրդային բռնազավթման շրջանում ապրել են ադրբեջանցիներ։

Այսպիսով՝ եթե Մուստաֆաևի այցի օրակարգը սահմանազատման գործընթացը լիներ, ապա այդ մասին կհայտարարեին, նշելով, թե առաջիկայում սահմանի որ հատվածներն են սահմանազատելու։ Եթե այդպիսի հայտարարություն չի եղել, նշանակում է՝ սահմանազատման գործընթացի ուղղությամբ հարց չկա։ Իսկ եթե կա էլ, ապա դարձյալ այնպիսի հատվածներում է լինելու, որոնք շահեկան են Ադրբեջանի համար, ինչպես Ոսկեպարի, Կիրանցի պարագայում, երբ փաստացի մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնվեցին Բաքվին։

Կարճ ասած՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի վերաբերյալ գաղտնիության քողը ողջամիտ կասկած է ծնում, որ այցի օրակարգը հայանպաստ չէ, ինչի դեմ, ենթադրաբար, հնարավոր է հանրային ընդվզում։ Եվ ՔՊ-ականները վախենում են այդ կարգի ընդվզումից նախընտրական շրջանում։ Մյուս կողմից՝ այս գաղտնիությամբ տպավորություն են ստեղծում, թե ՀՀ-ում անվտանգ չէ ադրբեջանցիների, հատկապես՝ պաշտոնյաների համար։ Եթե այսպես չէ, ապա ԱԳՆ-ն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը կարող էին նախապես տեղեկատվություն տարածել այցի նպատակի, օրակարգի մասին։ Իսկ ԱԱԾ-ն կարող էր հայտարարել, որ ցանկացած ադրբեջանցի, այդ թվում՝ պաշտոնյաները, կարող են ազատ գալ Հայաստան, այցելել տեսարժան վայրեր, քանի որ արդեն խաղաղություն է, միմյանց հանդեպ թշնամանքը վերացել է և այլն։

Ինչո՞ւ այսպես չեն վարվում։ Գուցե խաղաղություն չկա՞։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին

Ձեզ գուցե հետաքրքրի