Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 27-04-2026

ՔՊ-ական առօրյա․ Ալեն Սիմոնյանի որդու՝ 12.5 մլն բաժնեմասից հրաժարված քավորը եկամտահարկ վճարե՞լ է

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Տարիներ առաջ մամուլը գրել էր, որ շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի բաժնեմասերի մեկ քառորդը պատկանում է Ալեն Սիմոնյանի որդու քավորին՝ Էդգար Ավագյանին, ով սնանկ է ճանաչվել։

Այս հրապարակումներից հետո սկսվեցին տարատեսակ գործընթացներ, որոնք ի վերջո հանգեցրին տարօրինակ մի հանգուցալուծման․ Ավագյանը հայտարարեց՝ քանի որ պատմությունը կապվում է իր մտերիմ Ալեն Սիմոնյանի անվան հետ, ինքը կորցրել է հետաքրքրությունը բիզնեսի նկատմամբ և իր բաժնեմասը փոխանցել է իր վրացի ընկերոջը՝ Լևան Չիկովանիին։

Սակայն այստեղ ի հայտ է գալիս ևս մեկ կարևոր շերտ, որը բավարար ուշադրության չի արժանացել։ Տարբեր աղբյուրներում նշվել է, որ Չիկովանին կապեր է ունեցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ, մասնավորապես՝ նրա դուստրը Ռեբեկա Աբրահամյանը ներգրավված է եղել այդ գործարքներում։

«Հետքի» հետաքննությունը պազել է նաև, որ Լևան Չիկովանին հանդիսանում է Աբրահամյանների ընտանիքի բիզնես գործընկերը մի քանի խոշոր նախագծերում: Հիմնական փաստերը նրանց համատեղ գործունեության վերաբերյալ «Միթ ինվեստ» ՍՊԸ-ի շուրջ է։ Դեռևս 2014 թվականից Ռեբեկա Աբրահամյանը և Թբիլիսիում գրանցված Լևան Չիկովանին այս ընկերության համասեփականատերերն են (յուրաքանչյուրը տիրապետում է բաժնեմասի 25%-ին):

Բացի այդ, Չիկովանին ընկերական հարաբերություններ ունի նաև Էդգար Ավագյանի հետ։


Այսպիսով՝ Ավագյանի այդ հայտարարությունը, թե իր հետաքրքրությունը կորել է բիզնեսի նկատմամբ, քանի որ Ալեն Սիմոնյանի հետ է կապվում սույն պատմությունը, այնքան էլ համոզիչ չէ։

Ստացվում է՝ իր ահռելի բաժնեմասը նա տվել է ոմն Չիկովանիի՝ մամուլում հրապարակված 1-2 հոդվածի պատճառո՞վ։ Իրադարձությունների զարգացման նման ընթացքը դժվար է պատկերացնել անգամ գեղարվեստական սյուժեում, քանի որ գործարար աշխարհում վաղուց ձևավորված մի պարզ կանոն կա՝ բիզնեսը բիզնես, իսկ ընկերությունը՝ ընկերություն։

Եթե ընդունենք, որ Ավագյանը կայացրել է «սողոմոնյան որոշում», կնշանակի, որ նա գտել է ելք՝ անելանելի իրավիճակից։ Մինչդեռ, հնարավոր է, որ նրա այս քայլն ավելի շուտ քաղաքական «հարվածը» մեղմելու փորձ էր, ավելի ճիշտ կլինի ասել՝ Ալեն Սիմոնյանին հարվածի տակից դուրս բերելու։

Դա կարելի է դիտարկել նաև որպես տակտիկական նահանջ, ինչը թույլ է տալիս, որ նախագիծը շարունակվի առանց Ավագյանի անձի շուրջ պտտվող աղմուկի։ Այստեղ շատ կարևոր ևս մի հանգամանք կա․ քանի որ Էդգար Ավագյանը պաշտոնապես ճանաչված էր սնանկ, միլիոնավոր դոլարների բաժնետեր լինելը իրավական մեծ ռիսկեր կստեծեր նրա համար, գուցե հակակոռուպցիոն մարմինների շրջանում հարցեր առաջացներ, թե ի՞նչ միջոցներով է սնանկ ճանաչված մարդը նման ներդրումներ կատարել։

Բաժնեմասից հրաժարվելը, փաստորեն, «լուծեց» նաև այս անհարմար հարցը։ Այս պատմությունը ինքնին մի շարք հարցադրումների տեղիք է տալիս։ Կարո՞ղ է արդյոք որևէ անձ, առավել ևս եթե նա բիզնեսում փորձառություն ունի, ընդամենը մամուլում շրջանառվող լուրերի ազդեցությամբ հրաժարվել բազմամիլիոնանոց ակտիվից։

Արդյոք սա տնտեսակա՞ն որոշում էր, թե՞ այլ բնույթի պայմանավորվածության հետևանք։ Եթե փորձենք հարցին մոտենալ տնտեսաիրավական տեսանկյունից՝ ի հայտ է գալիս առավել կոնկրետ խնդիր։ Եթե բաժնեմասը իսկապես օտարվել է, ապա տրամաբանական է ենթադրել, որ տեղի է ունեցել առնվազն 12.5 միլիոն դոլարի գործարք։ Այդ դեպքում պետք է հասկանալ նաև իրականացվե՞լ է համապատասխան բանկային փոխանցում Լևան Չիկովանիի կողմից Էդգար Ավագյանին, եթե այո, ապա արդյոք այդ գումարը հայտարարագրվե՞լ է և վճարվե՞լ է եկամտահարկը, եթե ոչ, ապա ի՞նչ մեխանիզմով է տեղի ունեցել սեփականության փոխանցումը։

Oragir.News-ը այս հարցերի վերաբերյալ փորձեց Էդգար Ավագյանից պարզաբանումներ ստանալ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Հավելենք նաև, որ հարցը չի սահմանափակվում միայն մեկ գործարքով։ Այն բացում է ավելի լայն խնդիր՝ արդյոք Հայաստանի բիզնես միջավայրում բոլորի համար գործո՞ւմ են նույն կանոնները, թե՞ որոշ դեպքերում քաղաքական կապերը կարող են վեր դասվել օրենքից։

Հատկանշական է նաև, որ նման ծավալի միջոցների ստացման կամ փոխանցման պարագայում սովորաբար նկատվում է հետագա ներդրումային ակտիվություն։ Սակայն հրապարակային տվյալների համաձայն՝ Էդգար Ավագյանի կողմից Հայաստանում նոր խոշոր ներդրումներ չեն արձանագրվել։

Սա ևս մեկ հարց է առաջացնում․ եթե գումարը ստացվել է, ապա որտե՞ղ է այն ուղղվել։ Արդյոք դուրս է բերվել երկրից, թե՞ ընդհանրապես նման ֆինանսական հոսք չի եղել։ Հիշեցնենք նաև՝ նախորդ ամիս հայտնել էինք, որ Մյասնիկյան 1/4 հասցեում գտնվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերության շենքը թեպետ ձևակերպված է Ալեն Սիմոնյանի մոր՝ Մարինա Հովհաննիսյանի անունով, սակայն իրականում պատկանում է բիզնեսմեն Էդգար Ավագյանին։

Մեզ հայտնի է դարձել նաև, որ այս տարածքում, որի վրա էլ գտնվում է հեռուստաընկերության շենքը, կա նաև ինքնակամ մի շինությունը, որը Տիգրան Ավինյանի կողմից չի օրինականացվել և չի ստացել համապատասխան իրավական կարգավիճակ։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով