Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 5 ամիս առաջ - 10:47 25-04-2026

1 տարի աշխատավարձ չեն ստանում, Դիվանագետի օրը՝ 9,5 մլն դրամ, կաթողիկոսի այցը չեն ցուցադրել. Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեկ տարի է, ինչ Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում իրավիճակը չի կայունանում։ Անձնակազմը պարբերաբար գործադուլ է անում, քանի որ ամիսներով աշխատավարձ չեն ստանում։ Դեռեւս մեկ տարի առաջ բուժառուն պատմում էր, որ հիվանդներին խաբում են, 18 օրով բուժման համար 300 հազար դրամ են վճարել, սակայն բուժումը կիսատ է մնացել։ Այսօր էլ բուժանձնակազմից շատերը աշխատավարձ չստանալու պատճառով դիմում են գրել եւ հեռացել։ Կենտրոնի տնօրեն Լեւոն Սարգսյանին, ըստ մեր զրուցակցի, ո՛չ տեսել են, ո՛չ էլ ճանաչում են»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մարտի 2-ին Դիվանագետի օրվա միջոցառման համար ԱԳՆ-ն առանց մրցույթի պայմանագիր է կնքել «Անի Մանուկյան Միսակի» ԱՁ-ի հետ, որը պետական գրանցում է ստացել 2025թ. մարտի 13-ին։ Միջոցառման կազմակերպման համար ծախսվել է 4 մլն 867 հազար 720 դրամ։ Միջոցառումն անցկացվել է Grand Hotel-ում, որից հետո տեղի է ունեցել երեկոյան խնջույք 260 անձի համար, որի համար վճարվել է 4 մլն 576 հազար դրամ, սակայն ԱԳՆ-ի եւ վարչապետի աշխատակազմի հաղորդագրություններում խնջույքի մասին հիշատակում չկա։ Ստացվում է՝ Դիվանագետի օրը բյուջեի վրա նստել է մոտ 9.5 մլն դրամ»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստան կատարած այցի ընթացքում՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի 61-րդ նիստին մասնակցելիս, ապրիլի 13-ին ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգի հետ հանդիպման ժամանակ հուշանվեր-նկար է ստացել։ Քանի որ նկարը վաճառքում չկա, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում այն գնահատել են 60 հազար դրամ»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամենայն հայոց կաթողիկոսի եւ հոգեւոր դասի Ծիծեռնակաբերդ այցը Հանրայինի ուղիղ եթերով չհեռարձակվեց՝ այդ ընթացքում եթերում հարցազրույց էր հուշահամալիրի տարածքից Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի պաշտոնյա Հովհաննես Ալեքսանյանի հետ։ Հիշենք, որ Փաշինյանն անցած տարվանից պահանջում է Գարեգին Երկրորդի հրաժարականը, եւ կաթողիկոսին հեռացնելու դրույթը տեղ է գտել ՔՊ-ի նախընտրական ծրագրում։ Արդեն երկրորդ տարին է՝ Հանրայինը Վեհափառի ամանորյա ուղերձն էլ չի հրապարակում»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իշխանությունը գրեթե տասն օրը մեկ ներքին հարցումներ է անցկացնում։ Վերջին հարցումների տվյալները հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար. ընդդիմադիր երեք-չորս ուժ համատեղ էական տարբերությամբ գերազանցում են ՔՊ-ին։ Այս պահի դրությամբ ՔՊ-ն 30 տոկոսի սահմաններում է, բայց իշխանական խմբակը հույս ունի, որ շեմը չհաղթահարած կուսակցությունները ձայները կփոշիացնեն, եւ իրենք 50+1 կհավաքեն։ Ի դեպ, վարկանիշը բարձրացնելու նկատառումով հնարավոր է՝ կրկին քրեական գործերի տեղատարափի ականատես լինենք, չնայած դրանք այլեւս հանրային գիտակցության վրա չեն ազդում»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել