Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:00 22-04-2026

Տարեդարձ է այսօր․ ինչպես Սերժ Սարգսյանը լեգիտիմացրեց Փաշինյանին

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

2018-ի ապրիլի 22-ին՝ այս օրը, Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հանդիպեցին վարչապետ Սերժ Սարգսյանը և ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Այս զրույցը բաց դաս է քաղաքական գործիչների, հատկապես նրանց համար, որոնք հեղափոխությունը չարիք են համարում։

Նախ՝ այս զրույցն ինքնին զարմանալի է։ Ենթադրելի է, որ ինչ-որ ուժեր ստիպել են վարչապետ Սերժ Սարգսյանին՝ գալ «Մարիոթ» ու խոսել իր հրաժարականի պահանջով հանդիպման եկող Նիկոլ Փաշինյանի հետ։ Զարմանալի է նաև այն, թե ինչո՞ւ իշխանությունները չէին ձերբակալում Նիկոլ Փաշինյանին ու նրա հետ քայլող փոքրիկ խմբակին ու փակում թեման։

«Ես կարծում եմ, որ թյուրըմբռնում կա, որովհետեւ, երբ մենք խոսել ենք պարոն Սարգսյանի մասին, ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե երկխոսության մասին է` Ձեր առաջարկած, այլ խոսքը մեր առաջարկած օրակարգի մասին է: Ես եկել եմ այստեղ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները եւ իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը այդ օրը։

Այստեղ ուշագրավ բացահայտում կա։ Փաշինյանն ասում է, թե խոսել են Սերժ Սարգսյանի մասին։ Այսինքն՝ նախքան այս հանդիպումը՝ քննարկվել է հանդիպման օրակարգը ինչ-որ մարդկանց հետ, ենթադրաբար՝ Կարեն Կարապետյանի և արտաքին միջնորդների հետ։ Այսինքն՝ «Մարիոթում» տեղի ունեցածն ընդամենը թատերական ներկայացում էր։ Ամեն ինչ որոշվել էր նախօրոք։

Ենթադրելի է նաև, որ այս հանդիպումը կազմակերպվել էր եվրոպացի գործընկերների համար։ Նշենք, որ դրանից մի քանի ամիս առաջ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվել էր ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ SEPA-ն, 2016-ին Նժդեհի արձանն էր կանգնեցվել Երևանում։ 2017-ին հրապարակված «Ռուսաֆոբիան աշխարհում» ամենամյա զեկույցում Հանրապետական կուսակցությունը ներառվել էր որպես Հայաստանում գործող հակառուսական ուժ։

Հետևապես՝ ենթադրելի է, որ 2018-ին ՀՀ-ում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը կազմակերպել էր Մոսկվան։ Նրա աջակցությամբ՝ Փաշինյանին հաջողվեց իշխանափոխություն իրականացնել։ Ռուսական ճնշման տակ Սերժ Սարգսյանը չէր կանխում անհնազանդության ցույցերը, օրենքի, հասարակական կարգի, ժողվրդավարության և պետության դեմ բացահայտ ոտնձգությունները։ Եվ այդ ճնշման տակ էլ նա եկել էր «Մարիոթ» հանդիպման։

Այս զրույցի ժամանակ նկատելի է նաև Փաշինյանի շփոթմունքը։ Նա հավանաբար՝ սպասում էր, որ Սերժ Սարգսյանը հենց այդտեղ հրաժարական կտա։ Հավանաբար՝ այդպես էին նրան հավաստիացրել հանդիպումը կազմակերպողները։ Այս պատմական հանդիպումից մի քանի օր անց ռուս բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ փաստացի հանձնվեց իշխանությունը Նիկոլ Փաշինյանին, հետո Սերժ Սարգսյանի ձևավորած ԱԺ-ն, այդ թվում Հանրապետական որոշ պատգամավորներ Փաշինյանին ընտրեցին վարչապետ։

Պարզ ասած՝ 2018-ի ապրիլ 22-ին «Մարիոթում» բեմադրված զրույցի ունիվերսալ դասն այն է, որ ողջամիտ չէ հեղափոխականի հետ հանդիպելը, զրուցելը։ Այն չի ստացվելու, ինչպես չստացվեց ապրիլի 22-ի զրույցը։ Իսկ եթե կիսատ մի զրույց էլ ստացվի, ապա միայն կասկած կառաջացնի, թե օրինական իշխանությունը փորձում է հանձնել աթոռն ու դուրս գալ խաղից։ Ի տարբերություն ընդդիմադիր գործիչների՝ Փաշինյանն այդ դասը քաղել է։ Նա իր հրաժարականը պանջողների հետ չի հանդիպում, արհամարհում է կամ կալանավորում։ Եվ դեռ ոչ ոքի չի հաջողվել հանդիպել նրա հետ և ուլտիմատիվ պահանջ ներկայացնել, ինչպես ինքը ներկայացրեց Սերժ Սարգսյանին։ Ենթադրաբար՝ չի էլ հաջողվի, քանի դեռ արտաքին ուժերը ՀՀ-ում իշխանություն փոխելու պլաններ չունենան, ինչպես ունեին 2018-ին։

Հետադարձ հայացքով ենթադրելի է, որ 2018-ի ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանն, ընդունելով «Մարիոթում» հանդիպելու առաջարկը, փաստացի լեգիտիմացրեց Նիկոլ Փաշինյանին։ Մինչ այս՝ ոչ ոք լուրջ չէր ընդունում Փաշինյանի կազմակերպած ցույցերը։ Այս հանդիպումից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ Սարգսյանը չի դիմադրելու և հանձնելու է իշխանությունը Փաշինյանին։ Այս առումով՝ հետաքրքիր կլիներ նրանց խոստովանությունը, թե ո՞վ էր կազմակերպել այդ հանդիպումը, ի՞նչ ակնկալիքով էր Սարգսյանը մասնակցում հանդիպմանը, և ինչո՞ւ շփոթվեց Փաշինյանը, երբ Սարգսյանը ցտեսություն ասաց ու դուրս եկավ։

Թաթուլ Մկրտչյան Թաթուլ Մկրտչյան