Ավտոբուսների վարորդներն ագրեսիվ են դարձել, բարձրաձայն դիտողություններ են անում ուղևորներին, գոռում նրանց վրա, թարս են նայում, պահանջում վճարել ուղեվարձը, բարձրանալ առաջին դռնից, ուշացումով են բացում երկրորդ և երրորդ դռները։ Ուղևորներին այս ամենը նյարդայնացնում է։ Լարված իրավիճակն ազդում է բոլորի վրա, չարությունն ու ատելությունը խտանում են տրանսպորտում։ Մի թեթև կայծ՝ և կռիվը պատրաստ է։
Ինչո՞ւ են քաղաքային տրանսպորտի երբեմնի խելոք վարորդներն ագրեսիվ դարձել։
Քաղաքային տրանսպորտի մեծ բարեփոխումն այս մասին չէր։ Անցյալ տարի տրանսպորտի թանկացման դեմ հանրային բողոքներ էին, բոյկոտ և այլն։ Տիգրան Ավինյանն ու ՔՊ-ականները հակադարձում էին, թե զարգացած քաղաքներում ուղեվարձի վճարումն անկանխիկ է, վարորդը բարեկիրթ է, զբաղվում է միայն վարելով, չի խառնվում ուղեվարձ գանձելու հարցերին, չի կռվում ուղևորների հետ, անդաստիարակի պես չի գոռում՝ «Արա՛, բա փողը՜», հրապարակավ չի նվաստացնում մոռացկոտ կամ աղքատ ուղևորին, որը մոռացել է վճարել կամ տվյալ պահին գրպանում գումար չունի։
Մոտ մեկ տարի տրանսպորտի վարորդները գլուխները կախ, խելոք վարում էին։ Տրանսպորտում հանգիստ վիճակ էր։ Երբեմն լարվածություն էր առաջանում, երբ ստուգողներ էին բարձրանում տրանսպորտ։ Իսկ երբ նրանք չկային, լարվածություն չէր լինում։ Մարդկանց մեծ մասը պատշաճ վճարում էր, ինչպես զարգացած քաղաքներում։
Այս խելոք, հանգիստ վիճակը փոխվեց շաբաթներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի շրջանակում Երևանում բարձրացավ տրանսպորտ։ Սկզբում նա չէր կողմնորոշվում, թե ուր է գնում և որ համարի ավտոբուսը պետք է նստի։ Իսկ երբ կանգառին մոտեցավ իրենց տրանսպորտը, Փաշինյանը շարժվեց դեպի առաջին դուռը՝ ինքն իրեն ասելով. «Առաջին դռնից էին բարձրանում, չէ՞»։ Ասում են, թե այդ օրը Փաշինյանը բարկացել է ՔՊ-ականների վրա, որոնք իր պոչին կպած չեն բարձրացել առաջին դռնից, այլ բարձրացել են մյուս դռներից։ Նա, հավանաբար, նաև ուղևորներից է նեղացել, որ բավարար չէին ոգևորվել իրեն տեսնելով։
Այս դրվագից օրեր անց քաղաքային տրանսպորտում կրկին սկսեց թևածել ատելությունը։ Փաստացի հետքայլ արվեց Ավինյանի ռեֆորմից․ վարորդներին կրկին ներքաշեցին անմակարդակ ու անիմաստ կոնֆլիկտների և լարվածության մեջ՝ նրանց վրա դնելով հսկիչի պարտականություններ, ստիպելով վարելուն զուգահեռ ուղևորներին դիտողություններ անել՝ հաճախ անհարգալից տոնով։
Այսպիսով՝ ավինյանական ռեֆորմից մնաց միայն թանկացումը։ Եթե մինչև վերջերս տրանսպորտում խաղաղություն էր, ապա Փաշինյանի քարոզարշավից հետո կրկին կոնֆլիկտածին մթնոլորտ է։ Քաղաքացին իրեն խաբված է զգում։ Եթե ոմանք գոհ էին Ավինյանի ռեֆորմից՝ տրանսպորտային խաղաղության համար, ապա հիմա «գցված» վիճակում են, քանի որ վարորդը կրկին անիմաստ սահմանափակումներ է կիրառում, անհարգալից է վարվում ուղևորների հետ, վիճաբանում։ Ասում են, թե վարորդներին պարգևավճար են խոստացել հսկիչի գործառույթ իրականացնելու համար։ Իսկ ի՞նչ են խոստացել վիճաբանելու, ծեծ ուտելու ու վնասվածք ստանալու համար։
Ողջամիտ կասկած կա, թե Փաշինյանի ցուցումով է տեղի ունեցել այս հետընթացը, որպեսզի քաղաքային տրանսպորտով դասի կամ գործի գնացողը դրսում կռիվ անի, իսկ տուն գնացողը՝ տնեցիների հետ։ Հավանաբար՝ ՔՊ առաջնորդին անհրաժեշտ է, որ ներքին խաղաղություն չլինի, մարդիկ չարանան, միմյանց վերաբերվեն ատելությամբ, արհամարհանքով, անվստահությամբ։ Իսկ ո՞ւմ են ընտրելու չարացած մարդիկ հունիսի 7-ին՝ ՔՊ-ի՞ն։
Կարճ ասած՝ անհասկանալի է, թե ինչու են տրանսպորտում լարվածություն առաջացնում, ինչու են կրկին լարված իրավիճակ ստեղծում՝ փաստացի զրոյացնելով այն առաջընթացը, երբ վարորդներին միայն վարելու գործառույթ էին վերապահել՝ ազատելով նրանց այլ հոգսերից և պարտավորեցնելով հարգալից վարվել ուղևորների հետ։ Պարզ չէ՞, որ այս իրավիճակում ուղևորի և վարորդի միջև վիճաբանություններն անխուսափելի են լինելու, որոնցից կտուժեն և՛ վարորդները, և՛ ուղևորները, կխախտվի ներքին խաղաղությունը, իսկ ՔՊ-ն հունիսի 7-ին կդառնա ընդդիմություն։
Թաթուլ Մկրտչյան
Թաթուլ Մկրտչյան