Օրբանը պարտվեց Հունգարիայում։ Հնարավո՞ր է հունիսի 7-ին ՀՀ-ում տեղի ունենա իշխանափոխություն ընտրությունների միջոցով։
Հանրային խոսույթում ակտիվորեն քննարկվում է այս թեման։ Շատերն իսկապես ուրախացել ու ոգևորվել են Հունգարիայի ընտրություններում ընդդիմության հաղթանակով։ Ոմանց նույնիսկ թվում է, թե նույնպիսի հաջողություն կարելի է արձանագրել Հայաստանում, քանի որ Օրբանը Փաշինյանի նման է։
Հունգարիայում Օրբանն իշխել է 16 տարի: Փաշինյանն ակնհայտ ձգտում է գերազանցել նրան։ Օրբանն էլ է հակաժողովրդավարական որոշումներ ընդունել, փակել համալսարանը, գիտական համայնքի իրավունքներն է սահմանափակել։ Նա ամբարտավան կեցվածք ուներ, սակայն ձևացնում էր, թե ժողովրդի մասին է մտածում։
Արտաքին քաղաքականության հարցում ևս Օրբանն ու Փաշինյանը շատ ընդհանրություններ ունեն։ Օրբանը եվրոսկեպտիկ էր, իսկ Փաշինյանը՝ ռուսամետ։ Երկուսն էլ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի կողմից ցուցադրական աջակցություն են ստացել։ Երկուսն էլ Պուտինի հետ լավ հարաբերություններ ունեն։
Մեծ նշանակություն ունեն Մոսկվայի հետ պայմանավորվածությունները։ Ե՛վ Օրբանը, և՛ Փաշինյանը պայմանավորվածություններ ունեն Կրեմլի հետ, որոնք կաշկանդում են երկրի զարգացումը։ Տևական ժամանակ Օրբանը ԵՄ-ում պաշտպանում էր ռուսական շահերը, վետո էր կիրառում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների, Ուկրաինային տրամադրվող օգնության վրա։
Փաշինյանը 2018-ին Կրեմլի աջակցությամբ է իշխանության եկել և կաշկանդված է Կրեմլի հետ պայմանավորվածություններով։ Նա ևս բաց հայտարարում է, որ ռուսական շահերի դեմ ոչինչ չի անելու։ Եթե Օրբանը կարողացավ հեշտ պարտվել ու ազատվել ռուսական շահերը սպասարկելու ամոթալի և հակաքաղաքակրթական պարտավորությունից, ապա Փաշինյանը ևս կարող է պարտվել ու ազատվել Մոսկվայի առջև ստանձնած պարտավորություններից։ Արդյունքում մեծապես կշահի Հայաստանը, հայ ժողովուրդը, քաղաքակիրթ աշխարհը։
Ամենաիրական նմանությունը նրանց երկու ժամկետից ավելի իշխելու մղումն է։ Այս հարցում Փաշինյանն ու Օրբանը կարծես՝ եղբայրներ լինեն։ Ժողովրդավարական աշխարհում ընդունված նորմ է երկու ժամկետ կառավարելը։ Այն նպաստում է ժողովրդավարության պաշտպանությանը, նոր գաղափարների, նոր առաջնորդների ներգրավմանը։ Օրինակ՝ Հունգարիայի նորընտիր ղեկավարը խոստացել է, որ երկու ժամկետ կառավարելը կդարձնի նորմ։ Սա ևս նպաստել է Օրբանի պարտությանը։
Պետություն ղեկավարելը դյուրին գործ չէ։ Տեսեք, թե Փաշինյանն ինչքան ծերացավ այս տարիների ընթացքում։ Նա էլ մարդ է և հանգստի կարիք ունի։ Եթե Փաշինյանը վերընտրվի հունիսի 7-ին ու պաշտոնավարի մինչև հաջորդ հերթական ընտրությունները՝ ևս 5 տարի, ապա լուրջ կծերանա։ Այսինքն՝ նրա վերընտրվելն առաջին հերթին վնաս է իրեն։
Սրանից զատ՝ Փաշինյանը բազմաթիվ սխալ և աղետալի որոշումներ է ընդունել, որոնց արդյունքում եղել է պատերազմ և այլն, պետությունն ու ժողովուրդը մեծապես տուժել են։ Կրկին պետության ղեկավարումը ստանձնելը ևս կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Այնպես որ՝ պետության ու ժողովրդի համար ևս ռիսկային և վնասական կարող է լինել ևս մեկ ժամկետով Փաշինյանին վարչապետ ընտրելը։
Պարզ ասած՝ Օրբանը հիրավի սխրանք գործեց՝ Իմրե Նաձի սխրանքի պես մի բան։ Նա պարտվեց ընտրություններում ի սեր իր Հունգարիայի ժողովրդավարական առաջընթացի, անվտանգության, հունգար ժողովրդի երջանկության։ Նա իր պարտությամբ ազատեց երկիրը ռուսական հակաքաղաքակրթական ազդեցությունից։ Նույնը կարո՞ղ է անել Փաշինյանը։ Լավատեսների կարծիքով՝ այո, Փաշինյանը կարող է պարտվել, եթե ընդդիմադիր որևէ առաջնորդ ժողովրդի և ազատ աշխարհի համար այնպիսի ռեալ քաղաքական այլընտրանք առաջարկի, ինչպես Հունգարիայում առաջարկեց «Տիսա» կուսակցության առաջնորդն ու հաղթեց։
Թաթուլ Մկրտչյան
Թաթուլ Մկրտչյան