Ներքին 2 ամիս առաջ - 16:00 25-03-2026

Փաշինյանի էմոցիոնալ, կոնֆլիկտածին խոսույթը նոր աղետ է ծնելու

Քաղաքականությունը ռացիոնալ արվեստ է։ Սակայն որոշ ակտորներ էմոցիոնալ զեղումներ են ունենում իրենց ժողովրդականությունը բարձրացնելու և ընտրողի վստահությունը շահելու համար։ Իսկ երբ էմոցիան անցնում է «իրադարձությունների հորիզոնն», ապա առաջ է գալիս կոնֆլիկտի, հեղափոխության, պետության քայքայման ու կործանման ռիսկ։

Նիկոլ Փաշինյանը մարտի 22-ին ներողություն է խնդրել տիկին Արմինե Մոսիյանից ու իր որդուց, փորձելով արդարանալ, թե չի կարողացել զսպել էմոցիաները։ «Ես ընդունում եմ այդ թերացումը. ես չեմ կարողանում հաղթահարել այդ պահը։ Երբ այդ թեմայով խոսակցություն է գնում՝ հիմա հիշեցի՝ Ազգային ժողովում, ոչ մի տեղ չեմ կարողացել զսպել էմոցիաները։ Բայց քիչ առաջ խոստացա, որ մի օր ես այդ թեմային կանդրադառնամ լիարժեք ու հանգիստ»,- ասել է նա։

Եթե քաղաքական, պետական բարձրագույն պաշտոնյան փորձում է արդարանալ, թե չի կարողանում զսպել էմոցիաները, ապա նույնկերպ կարող ենք արդարացնել արցախցի կնոջը, որի համար էմոցիոնալ թեմա է տուն-տեղ, հարազատ կորցնելը, հարազատի գերեզմանն անտեր թողնելը, հայրենի բնօրրանը լքելը։ Նա ինչպե՞ս զսպի էմոցիան։ Իսկ երբ արցախցի կնոջն ու 7 տարեկան երեխային գիշերով քարշ են տալիս ոստիկանություն, հոգեկան ցնցում պատճառելով նրանց, նրանք ի՞նչ ասեն, ինչպե՞ս զսպեն իրենց հուզմունքն ու համարժեք չարտահայտվեն։

Ի տարբերություն քաղաքացիների, քաղաքականություն որոշողը պարտավոր է հասկանալ, որ էմոցիոնալ խոսույթը կոնֆլիկտածին է։ Ներքին կոնֆլիկտային իրավիճակը աղետալի հետևանքներ է ունենում պետության և ժողովրդի համար, առաջ է բերում հեղափոխություն, պատերազմ և նման աղետներ։ Տվյալ դեպքում՝ Փաշինյանն ու ՔՊ-ականները պարտավոր զսպել էմոցիաները, հանդարտ տոնով խոսել քաղաքական խնդիրների մասին, օրինակ ծառայել, որ նոր աղետ չլինի։

Ինչպե՞ս է էմոցիան մտել քաղաքական լեքսիկոն, և ինչպե՞ս պաշտպանել քաղաքական խոսույթը էմոցիոնալ զեղումներից։

Հին դարերում երկու հռետորական ուղղություն կար՝ ատտիկյան և ասիական։ Ատտիկյանը զուսպ էր, նախադասությունները կարճ, զերծ հուզմունքից, ավելորդ ածականներից։ Առաջին անգամ Կիկերոնը հուզմունք խառնեց խոսքին, ձևավորելով նոր ուղղություն, որը նրա անունով էլ կոչվել է։ Նրա հայտնի ճառը («... Օ՜, ժամանակներ, օ՜ բարքեր») լի է հուզականությամբ, անհիմն մեղադրանքներով։

Հուզականությունը շատ էր 20-րդ դարի ծայրահեղական ուժերի խոսույթում։ Բենիտո Մուսալինիի, Ադլոֆ Հիտլերի ու խորհրդային զավթիչների ելույթները չափազանց հուզական էին։ Թե ինչ աղետների հանգեցրեց նրանց էմոցիոնալ խոսույթը, հայտնի է մեր ժողովրդին, որը հարյուր հազարավոր զոհեր տվեց այս շրջանում։

Այս գլոբալ աղետներից հետո քաղաքականության մեջ էմոցիոնալ խոսույթը համարվում է խաղաղությունը քայքայող սպառնալիք։ Նորմալ երկրներն արգելք են կիրառում կոնֆլիկտածին խոսույթի դեմ։ Օրինակ՝ Էստոնիայում, որի առաջընթացով հիանում է Փաշինյանը, ներքին խաղաղություն կա, հիստերիկ պետական գործիչ չկա։

Մեր պետության մեջ ամենամեծ պոպուլիստը Նիկոլ Փաշինյանն է։ Ոմանց կարծիքով՝ նա երբեմն չի էլ հասկանում, թե ինչ տոնով է խոսում։ Հետո կողքից լսում է իրեն ու հասկանում, որ ներողություն պետք է խնդրի։

Ներկայումս նա չի կարողանում զսպել իր էմոցիաները, երբ խոսք է բացվում Արցախի, պարտության, կորուստների և այդ ամենի մեջ իր ուղիղ մեղավորության մասին։ ՔՊ-ականներն էլ վարակվում են նրանից, հուզականություն խառնում խոսքին, բարակացնում իրենց ձայնն ու վախ տարածում, թե կարող են կորցնել ինքնատիրապետումն ու հիստերիկ նոպայի մեջ ընկնել։

Լավատեսները, սակայն, հույս են տարածում, որ այսպես չի մնա, ՔՊ-ականները կհասկանան, որ ինչքան էմոցիոնալ ու կոնֆլիկտածին ելույթներ ունենան, այնքան շատ մարդիկ կարձագանքեն, ինչի արդյունքում երկրում հուզական ֆոնը կբարձրանա, կոնֆլիկտային տրամադրությունները կխորանան, որոնք մի օր կպայթեն պետության գլխին նոր հեղափոխությամբ, նոր պատերազմով, նոր աղետով։

Կարճ ասած՝ եթե ուզում ենք, որ Հայաստանում ևս պատերազմ, հեղափոխություն ու նման վատ բաներ չլինեն, և հունիսի 7-ի ընտրությամբ խաղաղություն հաստատվի, ապա քաղաքական գործիչը պետք է խոսքը կառուցի ռացիոնալ փաստարկներով, քաղաքացիների վրա մատ թափ չտա, չգոռա, չսպառնա, հարգալից տոնով ներկայացնի իր ծրագրերը, քաղաքական տեսլականը։ Այսինքն՝ եթե Փաշինյանը շարունակի կոնֆլիկտային, էմոցիոնալ խոսույթն, ընտրաշավը շարունակվի նուն էմոցիոնալ տոնով, ինչպես մարտի 22-ին Երևանի մետրոյում, ապա նրա հաղթելու դեպքում նոր հեղափոխությունն ու նոր պատերազմը կանխատեսելի են։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
10:29 Ընտրությունների այլ նախնական արդյունքներ․ մենք տոտալ խաբում ենք, անազնիվ ենք, ու տոտալ չենք վստահում իրար ու որևէ մեկին․ Վահե Հովհաննիսյան
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել