Երևանում ապաստարանները քիչ են, ինչպես նաև հարմարեցված չեն կենցաղ կազմակերպելուն։ Բացի այդ, նույնիսկ այդ քիչ և անհարմար ապաստարանները, որոնք առավելապես բազմաբնակարան շենքերի նկուղներն են, հաճախ փակ են, լի տարատեսակ հնոտիով, փչացած կենցաղային տեխնիկայով։ Սա իհարկե լավագույն դեպքում․ շատ հաճախ ապաստարանները համաճարակի բուն են, քանի որ աղտոտված են կոյուղու արտահոսքից։
Այս խնդիրը դեռ 2020 թվականին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ քննարկվեց։ Նշվում էր, որ ոլորտը «նախկինններից մնացած լուրջ թերություններ ունի», հաշվարկներ չկան, նույնիսկ բարեկարգ նկուղները միայն թաքստոցներ են, որտեղ կենցաղ կազմակերպելն անհնար է, իսկ առկա ապաստարանները հաճախ անհասանելի են շատերին (օրինակ՝ մետրոն՝ Դավթաշենի, Արաբկիրի, Ավանի, Նոր Նորքի բնակիչներին)։
Oragir.News-ը փորձեց Երևանի քաղաքապետարանից ճշտել՝ ի՞նչ է արվել այս տարիներին, ինչպե՞ս է նախատեսվում կազմակերպել բնակիչների կեցությունը, եթե, օրինակ՝ վաղը Իրանում ընթացող պատերազմի ձայները լսվեն նաև մեր օդում կամ օրերից մի օր Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծի և ռմբակոծի Երևանն ու հարակից մարզերը։
Թեպետ մեր հարցերն ուղղել էինք Երևանին քաղաքապետարանի Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչությանը, այնուամենայնիվ դրանց պատասխանել էր Լրատվության վարչությունը։ Բացի այդ, մեր շատ որոշակի հարցերին տրված պատասխանները լիովին անբովանդակ էին, հիմնականում հղումներ օրենքներին՝ ներկայացնելով, թե ինչպես է իրականում նախատեսված կազմակերպել բնակչության անվտանգությունը։
Մեզ հարկ են համարել տեղեկացնել, որ «շարունակվում է բնակչության կցագրումը պաշտպանական վայրերին․․․ և երբ որևէ շենքում կամ շինություններում չկան նկուղային հատվածներ կամ չափանիշներով չեն համապատասխանում «Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ» ՀՀՇՆ-ի պահանջներին, այս ուղղությամբ նույնպես շարունակվում են հետևողական աշխատանքներ՝ դրանց հարմարեցման, այնուհետև բնակչության կոնկրետ կցագրման ուղղությամբ»։
Նշվում է նաև, որ «շինարարական փոփոխված նորմերի պահանջներով՝ նորակառույց բազմաբնակարան շենքերը պետք է ունենան ստորգետնյա հատվածներ (ավտոկայանատեղիներ) առավելագույն թվով բնակչության պատսպարման համար»։ Վստահաբար կարծում ենք, որ այս ամենը պետք է, բայց նորակառույցներն ունե՞ն արդյոք և որքանո՞վ են դրանք հարմարեցված․ մեր պատմության նորագույն շրջանի անորակության ամենաակնառու դրսևորումը հենց շինարարությունն է, որի մասին փաստեր են մեզ փոսը գցում ամեն քայլի։ Հուսալ, որ այդ նորակառույց երկնամուխ շենքերը բոլոր բնակիչների համար հարմարավետ ապաստարաններ կունենան, հեքիաթների բաժնից է։ Եվ եթե նույնիսկ այդ՝ մեծամասամբ անավարտ շինություններն ունեն, ապա ոչ նորակառույցների բնակիչների ապաստանելու խնդիրը դրանով բնավ չի լուծվում։
«Պարզագույն թաքստոցներ են համարվում նկուղները, խորացված տարածքները, հանքախորշերը, մետրոպոլիտենը, ստորգետնյա անցումները և ավտոկայանատեղիները, շենքերի, շինությունների առաջին հարկերը»,- հաղորդում են Քաղաքապատերանից՝ հավելելով․ «Երևանի քաղաքապետարանը պարբերաբար ուսումնասիրում է այդ տարածքները և ներկայացնում պահանջներ համատիրություններին՝ դրանք պատշաճ տեսքի բերելու ուղղությամբ, միաժամանակ աջակցելով համատիրություններին աղբի և իրերի տեղափոխման, մաքրման աշխատանքներում»։
Եվ ելնելով այս փաստից, որ ութերորդ տարին անընդմեջ Քաղաքապետարանը դեռ պահանջներ է ներկայացնում համատիրություններին՝ կարող ենք միայն պատկերացնել, թե համատիրությունները ո՞ր նորակառույց բարձրահարկից թքած ունեն այդ պահանջների վրա։
Բնակչության՝ տագնապի ազդանշանի դեպքում իրենց գործողությունների մասին իրազեկման վերաբերյալ մեր հարցերին ի պատասխան՝ նշվում է, որ պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, դասախոսություններ, վարժանքներ Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և ենթակա կազմակերպությունների անձնակազմերի համար․ մյուս բնակիչները, ենթադրվում է, թող ինքնիրազեկվեն։
Եվ հետաքրքիր է՝ ի՞նչ են իրազեկում այդ դասախոսություններին, երբ անպատասխան են թողել մեր շատ որոշակի հարցեր․ «Ինչո՞ւ են մուտքերում փակցված թերթիկները մարդկանց ուղղորդում անհասցե ապաստարաններ՝ մոտակա մանկապարտեզի կամ դպրոցի նկուղը», «ի՞նչ հաշվարկով են այդ նկուղները բավարար ոչ միայն անձնակազմի ու երեխաների, այլև՝ շրջակա շենքերի բնակիչների համար»։
Պարզ է, որ եթե նշեն, որ հենց այս-այս շենքերի բնակիչները պիտի հենց այս դպրոցի նկուղում ապաստան փնտրեն, թաղամասի մյուս շենքերի բնակիչները՝ մյուս դպրոց-մանկապարտեզի, ակնհայտ կդառնա, որ այդքան մարդ այդ տարածքում ուղղակի չի կարող տեղավորվել։
Իսկ այսպես՝ ընդհանրական, կարծես չի նկատվում մակերեսի և մարդկանց քանակի անհամապատասխանությունը, ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ, «աշխատանքները շարունակվում են, պահանջները ներկայացվում են, պարբերաբար ուսումնասիրվում են» արդեն ութերորդ տարին։
Իսկ վտանգը կպայթի բնակչի բաց գլխին։
Հավելենք նաև, որ Զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչությանը մեր՝ զորահավաքներին վերաբերող բոլոր հարցերին ի պատասխան՝ Երևանին քաղաքապետարանի լրատվության վարչությունից հաղորդել են, որ այժմ այդ հարցերով զբաղվում են Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները։ Իսկ ինչո՞վ է զբաղվում Քաղաքապետարանի՝ բավական հնչեղ անունով վարչությունը․ կփորձենք ճշտել առաջիկայում։
Երևանցիներին այս իրավիճակում մնում է ինքնաիրազեկվել, թ՞ե ինչ կարելի է անել օդային տագնապի ժամանակ, մուտերքում փնտրել իրենց ընտանիքի ապաստարանը (առավել հավանական է, որ այն ձեր շենքի նկուղն է), և եթե այն փակ է, ապա գտնել այն ինքնասեփականաշնորհած անձին և իրազեկել, որ այն բացի և ազատի իրերից հանուն մարդկանց։
Չի բացառվում, որ ապաստարանը լցված լինի կոյուղաջրերով, կեղտով ու գարշահոտով, որի դեպքում ապաստարանի փնտրտուքը պետք է շարունակել ․․․