Ներքին Միտք 2 ամիս առաջ - 13:10 19-03-2026

Պարտվելու ռիսկ կա. ինչու է Փաշինյանն աղավաղում անկախության իմաստը 

Անկախությունը քաղաքական հասկացություն է։ Անկախության մասին պատկերացումներն աղավաղվում են զավթիչի կողմից, որ նվաճված երկրի ժողովուրդն իր հայրենիքի անկախությունը վերականգնելու պայքարի դուրս չգա։ Այսպիսի պատկերացումը ժողովրդի մեջ հանրայնացնում են զավթիչի հետ համագործակցողը, դրածո վարչախումբը։

Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին տեսանյութ է տարածել, որում կրկին անդրադաձել անկախության գաղափարին։

«Եկեք պատկերացնենք, թե դուք ունեք ջրի մեկ մատակարար և պայմանական ջրի այդ մեկ մատակարարն ամեն օր ձեզ բերում է մեկ շիշ ջուր։ Երբ դուք ունեք ջրի մեկ մատակարար, այս պայմաններում ձեր կախվածությունը ջրի այդ մատակարարից 100% է: ... Պատկերացրեք՝ դուք ունեք մեկի փոխարեն չորս, հինգ, վեց, յոթ մատակարար։ Այդ դեպքում, վստահաբար կարող եք երաշխավորված զգալ ձեզ, որ մատակարարումները միշտ և ժամանակին տեղ կհասնեն։ ... Ահա, թե ինչու է անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելը շատերից կախվածությամբ: Երբ դուք մի հոգուց եք կախված, դուք անկախ չեք, երբ դուք շատերից եք կախված, փաստացի դուք ոչ մեկից կախված չեք, ահա՝ ինչու ենք ասում անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության»,- ասել է նա։

Ինչո՞ւ է վարչապետն աղավաղում անկախության գաղափարը, ի՞նչ հետևանք կարող է ունենալ սա։

Նախ քաղաքականության մեջ բազմակի կախվածություն գոյություն չունի։ Պետությունը կարող է ունենալ մի քանի գաղութ, իրենից կախյալ երկրներ, վասալներ։ Սակայն վասալը չի կարող ունենալ մի քանի սյուզերեն, մի քանի մետրոպոլիա։ Հայաստանի պատմության մեջ եղե՞լ է, որ միաժամանակ կախված լինի և՛ Հռոմից, և՛ Պարսկաստանից։ Իսկ եթե երբևէ բազմակի կախվածություն եղել է, ապա եղել է տերերի պայմանավորվածությամբ, ոչ թե անկախ երկրի սուվերեն կամքով։

Բազմակի կախվածության մասին տափակաբանության հիմքը զավթիչի կողմից գեներացվող խոսույթն է, թե անկախությունը ֆիկցիա է, իբր անկախ երկիր գոյություն չունի, բոլորն էլ կախված են միմյանցից։ Ուստի՝ հարցն այն է, որ քեզ հարազատ, սիրող, բարի երկրներից կախված լինես, ոչ թե օտար, խորթ, նենգ, մարդակեր, բարբարոս մեկից։ Այս խոսույթը Հայաստանում սկսվել է տարածվել 1995-ի մարտի 16-ից։ Ռուսական գործակալներն ու ազդեցության գործակալները գտնում էին քաղաքականապես տգետ մարդկանց ու համոզում, որ աշխարհում ոչ մի երկիր անկախ չէ, անկախությունը սուտ բան է, ուստի՝ ոչ մի վատ բան չի լինի, որ ՀՀ-ն հրաժարվի իր իքնիշխան իրավունքներից հօգուտ Մոսկվայի։ Այս ապապետական քարոզից է մնացել բազմակի կախվածության մասին սպեկուլյացիան։

Մեր երբեմնի բախտակից երկրներում իշխող ռուսամետ ուժերին տապալել են անկախական ուժերը, ազգային ուժերը, ժողովրդավարական աշխարհի աջակցությամբ։ ԱԺ ընտրությունների նախաշեմին Փաշինյանի այս սպեկուլյացիան հիմք է ենթադրելու, որ Փաշինյանը վախենում է անկախության գաղափարից, ազգային ուժերից, որոնք կարող են ժողովրդի և ժողովրդավարական երկրների աջակցությամբ մեծ թվով քվեներ ստանալ ընտրություններում, քանի որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը անկախության կողմնակիցներ են, լավ հասկանում են, թե ինչ է անկախությունը, ով է ռուսական աջակցությամբ իշխանության եկածը, ինչու Փաշինյանը չի ուզում ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական բազան, լյուստրացիա, դեսովետիզացում անել, նույնիսկ խորհրդային բռնազավթման շրջանում բռնաճնշումների ենթարկված, սպանված, աքսորված սպաների, մտավորականների, տասնյակ հազարավոր հայերի հիշատակը չի հարգում Հունիսի 14-ին։

Ուղիղ ենթադրությունն այն է, որ Փաշինյանը, որպես երբեմնի ֆորպոստի վարչապետ, ռուսների պատվերով է աղավաղում անկախության գաղափարը։ Ձեռքի հետ ուղղորդում է մյուս ռուսամետ ուժերին, որ նրանք էլ կրկնեն նույնը, տպավորություն ստեղծելով, թե քաղաքական համայնքում անկախության հարցում կոնսենսուս կա։ Սա արվում է միտոմնավոր, որ ստեղծվի պատկեր, թե ժողովուրդն անկախություն չի ուզում, այլ բազմակի կախվածություն՝ և՛ ԱՄՆ-ից է ուզում կախված լինել, և՛ Մոսկվայից, և՛ Եվրոպայից, և՛ Չինաստանից, Թուրքիայից ու Ադրբեջանից էլ վրադիր։ Սրանից ամոթալի բան կարելի՞ է պատկերացնել։

Պարզ ասած՝ Փաշինյանի՝ անկախությունը որպես բազմակի կախվածություն ներկայացնելը մարտահրավեր է նետված կիրթ մարդկանց։ Փաշինյանն աղավաղում է անկախության գաղափարը, որ չեզոքացնի հունիսի 7-ին պարտվելու ռիսկը։ Այսպիսի ռիսկ իրոք կարող է առաջանալ, եթե անկախության ու ժողովրդավարության ջատագովները համախմբված հանդես գան, հերքեն Փաշինյանի հյուսած կեղծ պատկերը, թե քաղաքական համայնքում բոլորը 100 տոկոսով Կրեմլի ագենտ են, իսկ հայ ժողովուրդն անկախությունը բազմակի կախվածություն է համարում։

Թաթուլ Մկրտչյան