Ներքին 4 ամիս առաջ - 16:30 17-03-2026

ՊՆ մոտ 100 աշխատակից է կրճատվել, որոնց զավակները ՀՀ քաղաքացի չեն․ ովքեր են խուսափել Պապիկյանի «թրից»

Oragir.News-ին հայտնի է դարձել, որ Պաշտպանության նախարարության համակարգից հեռացվել են շուրջ 100 աշխատակիցներ, որոնց երեխաները ունեն այլ երկրի քաղաքացիություն։

Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հաստատել էր, որ մի շարք աշխատակիցների հենց այդ շարժառիթով ազատել է աշխատանքից։

«Հորդորել եմ և կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից Պաշտպանության նախարարության համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, որոնք ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ»,- ասել էր նա՝ փաստացի հաստատելով այն, ինչը տևական ժամանակ գաղտնի, բայց հետևողականորեն տեղի էր ունենում Պաշտպանության նախարարությունում։

Իրավաբաններն արդեն առիթներ ունեցել են հայտարարելու, որ ՊՆ տվյալ աշխատակիցներն ապօրինի կերպով են ազատվել աշխատանքից, իսկ Սուրեն Պապիկյանը գերազանցել է իր լիազորությունները, քանի որ Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս աշխատակցին տվյալ հիմքով ազատել աշխատանքից։

Ուշագրավ է, որ ՊՆ-ում ևս գիտակցում են, որ ապօրինություն են գործում, ուստի այժմ ավելի հնարամիտ կերպով են «խնդիրը լուծում»․ մեր աղբյուրների պնդմամբ՝ եթե աշխատակիցները հրաժարվում են դիմում գրել և հեռանալ, ապա նրանց ոչ թե ազատում են աշխատանքից, այլ նրանց զբաղեցրած հաստիքները պարզապես կրճատվում են, և վերջիններս զրկվում են աշխատանքից։

Հետաքրքրական է, թե պետական համակարգում «հորդորը» որքանո՞վ կարող է համարվել ազատ կամքի արտահայտություն, երբ դրա հետևում կանգնած է պաշտոնյայի լիազորությունն ու ազդեցությունը։

Փաստացի այս մեխանիզմը թույլ է տալիս ձևականորեն պահպանել օրենքի պահանջները, բայց իրականում շրջանցել դրանք՝ մարդկանց դնելով հարկադրանքի առաջ։ Միևնույն ժամանակ, լուրջ կասկածներ կան կիրառվող չափանիշների արդարացիության վերաբերյալ։

Oragir.News-ի նույն աղբյուրների պնդմամբ՝ ՊՆ ոչ բոլոր աշխատակիցների նկատմամբ է կիրառվում նույն մոտեցումը։

Մասնավորապես, ըստ Սուրեն Պապիկյանի «կանոնակարգի»՝ եթե ՊՆ աշխատակցի ամուսինը այլազգի է ու հատկապես ԵՄ անդամ երկրից, ապա աշխատակիցն ապահովագրված է և խուսափում է Սուրեն Պապիկյանի «թրի տակ ընկնելուց»։

Այս հանգամանքը խնդիրը տեղափոխում է արդեն ոչ միայն կառավարման, այլ նաև իրավական և հավասարության դաշտ։ Ավելին՝ բաց է մնում ամենակարևոր հարցը՝ ինչու է երեխայի երկքաղաքացիությունը մտահոգում Պաշտպանության նախարարության ղեկավար կազմին, և եթե իսկապես խնդիրն օտարերկրյա քաղաքացիությունն է, ապա ինչո՞ւ բոլոր աշխատակիցների նկատմամբ նույն մոտեցումը չի կիրառվում։

Oragir.News-ը Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ է տեղեկությունը համապատասխանում իրականությանը, ինչո՞ւ այս մեխանիզմը չի տարածվում օտարազգի ամուսին կամ կին ունեցող աշխատակիցների վրա, սակայն Թորոսյանը հորդորեց հարցերը գրավոր տարբերակով ուղղել։

Գրավոր հարցումն արդեն ուղարկել ենք, պատասխանը ստանալուն պես՝ այն ևս կհրապարենք։

Հավելենք նաև, որ Պաշտպանության նախարարության նման զգայուն կառույցում ցանկացած կադրային փոփոխություն ունի ոչ միայն ներքին, այլև հանրային մեծ նշանակություն։ Սակայն այս գործընթացը, իր փակ և ընտրողական բնույթով, ավելի շատ կասկածներ և հարցեր է առաջացնում, քան վստահություն, իսկ ՊՆ-ում ստեղծվում է ոչ այնքան հաճելի մթնոլորտ ․․․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը