Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:41 16-03-2026

​​​​​​​Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին

Վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավը, ըստ էության, հայտնվել է փակուղում:

«Տիրադավ» անվանումը ստացած հոգևորականների խմբից արդեն դուրս են գալիս ազդեցիկ դեմքեր. Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ սրբազանն, իր կամոք, ազատվել է պաշտոնից և կոչվել հանգստի։ Ավելի վաղ այդ խմբից հեռացել էր նաև Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդը՝ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։

Սակայն ես հեռու եմ այն մտքից, թե Նիկոլ Փաշինյան հրաժարվել է իր հակաեկեղեցական և հակասահմանադրական քաղաքականությունից։ Ավելի հավանական է մեկ այլ բացատրություն․ իշխանության քաղաքական առաջնահերթությունները պարզապես փոխվել են։ Այս փուլում Փաշինյանը ամբողջությամբ կենտրոնացած է ընտրական քարոզարշավի վրա՝ փորձելով նվազեցնել այն ճակատները, որոնք կարող են խլել նրա քաղաքական և վարչական ռեսուրսները։

Ստեղծված իրավիճակը, սակայն, բացահայտում է ավելի խորքային խնդիր։ Իշխանության ռեսուրսները ակնհայտորեն սահմանափակ են։ Փաշինյանն, ըստ էության, չի կարողանում արդյունավետ կառավարել միաժամանակ մի քանի ծանր քաղաքական գործընթաց՝ եկեղեցու հետ հակամարտություն, արտաքին քաղաքական լարված միջավայր և ընտրական պայքար։

Այս հանգամանքը ինքնին խոսուն քաղաքական ազդակ է։ Երբ իշխանությունը ստիպված է լինում նահանջել իր իսկ բացած քաղաքական ճակատներից մեկում՝ կենտրոնանալու մյուսի վրա, դա արդեն վկայում է նրա սահմանափակ հնարավորությունների մասին։ Այդպիսի իրավիճակում իշխանությունը աստիճանաբար կորցնում է նախաձեռնությունը և անցնում է պաշտպանական մարտավարության։

Նման պայմաններում շատ բան կախված է ընդդիմությունից։ Եթե ընդդիմադիր ուժերը կարողանան վարել գրագետ, բովանդակային և կազմակերպված քարոզարշավ, ապա իշխանությունը կարող է հայտնվել քաղաքական փակուղում։ Այդ իրավիճակում իշխանությունն այլևս չի թելադրի քաղաքական օրակարգ, այլ ստիպված կլինի արձագանքել իրադարձություններին, ընդդիմության օրակարգերին։

Սկզբունքային հարց է՝ արդյո՞ք ընդդիմությունը կկարողանա օգտվել ստեղծված հնարավորությունից և իշխանության ռեսուրսային սահմանափակումը վերածել իրական քաղաքական փոփոխության հնարավորության։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում