Ներքին Խոսք 5 ամիս առաջ - 21:33 16-03-2026

Շատերն օրվա հացով են ապրում․ գործազրկության մակարդակը կդառնա 12-13%

Հայաստանում գործազրկության մակարդակը տարածաշրջանի երկրների համեմատ շարունակում է բարձր մնալ։ Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմամբ՝ պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ գործազրկության պատճառները միայն աշխատատեղերի պակասով չեն պայմանավորված։

«2025 թվականի տվյալներով Հայաստանում գործազրկության մակարդակը կազմում է շուրջ 11,8 տոկոս։ Սա դեռ վերջնական տարեկան ցուցանիշ չէ, քանի որ սովորաբար տարվա վերջում այն ավելի բարձր է լինում։ Այսինքն՝ կարելի է ակնկալել, որ տարեվերջին գործազրկության մակարդակը կհասնի մոտ 12-13 տոկոսի, ինչը մեր տարածաշրջանի համար բավականին բարձր ցուցանիշ է»,- նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ ավելի մտահոգիչ է երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը։

«Երիտասարդության շրջանում գործազրկությունը հասել է մոտ 26,7 տոկոսի։ Սա տարածաշրջանում երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է»,- նշեց նա՝ հավելելով, որ խնդիրն ունի նաև կառուցվածքային պատճառներ։

«Հայաստանում կրթության վրա ծախսերը կազմում են ՀՆԱ-ի մոտ 2,5 տոկոսը, ինչը տվյալ վիճակագրական շրջանակում ամենացածր ցուցանիշներից է։ Այսինքն՝ մենք համեմատաբար քիչ ենք ներդրում կատարում կրթության մեջ, մինչդեռ գործազրկությունը բարձր է»,- ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ գործազրկության բարձր ցուցանիշը միշտ չէ, որ նշանակում է՝ մարդիկ չեն աշխատում։

Թավադյանի խոսքով՝ Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները երբեմն ամբողջությամբ չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ նրա, երկրում կա զգալի հատված, որը չի ցանկանում պաշտոնապես գրանցվել որպես աշխատող։

«Խնդիրն այն չէ, որ մարդիկ չեն աշխատում կամ չեն ցանկանում աշխատել, պարզապես նրանք չեն ցանկանում ունենալ գրանցված աշխատավարձ»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ հիմնական պատճառներից մեկը բանկային համակարգում կուտակված պարտավորություններն են։

«Հայաստանում աշխատողներից վեցից մեկը բանկային համակարգում գտնվում է «սև ցուցակում», այսինքն՝ ունի ժամկետանց պարտավորություններ։ Կառավարության հայտարարության համաձայն՝ 2025 թվականի սկզբին մոտ 218 հազար մարդ ուներ մինչև մեկ միլիոն դրամ ժամկետանց պարտավորություն։ Սակայն իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։ Բանկային համակարգում ընդհանուր առմամբ կա մոտ 340 հազար վարկ, որոնք ունեն ժամկետանց խնդիրներ»,- մանրամասնեց տնտեսագետը՝ շարունակելով․ «Եթե այդ ցուցանիշը վերածենք մարդկանց թվի, կստացվի, որ մոտ 300 հազար մարդ, կամ մոտավորապես աշխատունակ բնակչության յուրաքանչյուր ութերորդը, ունի խնդիրներ բանկային համակարգում։ Այդ պատճառով մարդիկ հաճախ չեն ցանկանում ունենալ գրանցված աշխատավարձ, քանի որ այդ դեպքում պարտքերի գանձումը կարող է իրականացվել անմիջապես աշխատավարձից, ինչը շատերի համար ծանր բեռ է»։

Աղասի Թավադյանի գնահատմամբ, Հայաստանի շատ ընտանիքներ ապրում են, օրվա հացով, և այդ պայմաններում մարդիկ ավելի շատ մտածում են օրվա եկամտի մասին, քան ապագա կենսաթոշակի։

«Ներդրումային տրամաբանությամբ սա ճիշտ մոտեցում չէ, սակայն սոցիալական իրականությունը մարդկանց ստիպում է առաջնահերթ լուծել առօրյա խնդիրները»,- եզրափակեց տնտեսագետը։

Հիշեցնենք՝ TRADING ECONOMICS֊-ը տվյալներ է հրապարակել` ներկայացնելով ՀՀ֊-ի և մեզ սահմանակից պետությունների վերաբերյալ ցուցանիշներ։ Ըստ միջազգային վերլուծության հարթակի ցուցանիշների՝ Հայաստանը Վրաստանի հետ միասին գտնվում է բացասական գոտում` համապատասխանաբար 11.8 և 13.3 տոկոսներով։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում