Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 15:51 13-03-2026

ՀՀ-ն պետք է սեղանի շուրջ լինի ոչ թե ուտելիք, այլ` ուտող․ Ավետիք Քերոբյան

«Հայաքվե» նախաձեռնության՝ Ազգային հայեցակարգի քննարկման ժամանակ Ավետիք Քերոբյանը ներկայացրեց իրենց մշակած անվտանգության ռազմավարության հիմնական դրույթները՝ նշելով, որ այն ստեղծվել է իշխանությունների որդեգրած ռազմավարական անորոշության պայմաններում։

Քերոբյանի խոսքով՝ 2020 թվականին ներկայացված անվտանգության ռազմավարությունը, թեև պաշտոնական և իրավական կարգավիճակ չի ստացել, սակայն այժմ նույնիսկ անհետացել է կառավարության կայքից։

«Ես մի գաղտնիք էլ պիտի բացեմ․ ռազմավարությունը անհետացել է կառավարության կայքից։ Այն մնացել է Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության կայքերում, բայց կառավարությունը նույնիսկ իր մշակած ռազմավարությունից է հրաժարվել»,- ասաց նա։

Քերոբյանի խոսքով՝ ներկայում իշխանությունների քաղաքականությունը բնութագրվում է ռազմավարական անորոշությամբ, ինչի հետևանքով հասարակությունն էլ հայտնվել է նույն անորոշության մեջ։ Նա ընդգծեց, որ հենց այս հանգամանքն է իրենց ստիպել մշակել սեփական ռազմավարական փաստաթուղթը։

«Այն, ինչ այսօր տեսնում ենք, ռազմավարական անորոշություն է, որը որդեգրել է ներկա իշխանությունը, և ժողովուրդն էլ պահվում է այդպիսի անորոշության մեջ։ Մենք ստիպված ենք եղել մեր ձեռքը վերցնել այդ աշխատանքը»,- նշեց նա։

Քերոբյանի փոխանցմամբ՝ ռազմավարության մշակման համար շուրջ մեկուկես տարվա ընթացքում ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը՝ այդ թվում Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի։ Նրա խոսքով՝ իրականացվել են փորձագիտական քննարկումներ և հետազոտություններ, որոնց հիման վրա ուրվագծվել է Հայաստանի անվտանգային միջավայրը և սպառնալիքները։ Նա ընդգծեց, որ գլոբալ մակարդակում աշխարհը գտնվում է բարձր անկայունության փուլում։

«Աշխարհում այսօր կա ռադիկալ անկայունություն, երբ ոչ մի պետություն վստահ չէ հաջորդ օրվա վրա, նույնիսկ մեկշաբաթյա կանխատեսումներ անելն է դժվար»,- ասաց Քերոբյանը։

Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ նա նշեց, որ տարածաշրջանում առկա է ուժային վակուում։

«Ռուսաստանը, որը ժամանակին այս տարածաշրջանի ուժային կենտրոնն էր համարվում, հեռացել է՝ միտումնավոր կամ ստիպված։ Եվ հիմա միջին ուժերը՝ Իրանը, Թուրքիան և այլ երկրներ, փորձում են դառնալ տարածաշրջանի ուժային կենտրոններ»,- նշեց նա։ Քերոբյանի խոսքով՝ Հայաստանի անմիջական արտաքին սպառնալիքները շարունակում են մնալ Թուրքիան և Ադրբեջանը։

«Սրանք ուղիղ և բացահայտ թշնամական վերաբերմունք են ցույց տալիս Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և չպետք է շփոթել իշխանություն ներկայացնող վարչախմբերի միջև անձնական հարաբերությունները պետությունների իրական քաղաքականության հետ»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ Հայաստանի ներքին սպառնալիքների թվում են պաշտպանական համակարգի թուլացումը, ժողովրդագրական խնդիրները, տնտեսական անհամաչափ զարգացումը և ազգային ինքնության խոցելիությունը։ Մանրամասները` տեսանյութում.

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ