Արտաքին 3 ամիս առաջ - 23:48 10-03-2026

Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

«Ղարաբաղում վերաբնակեցվող» մարդկանց նոր խմբեր, բնակարանների՝ հանդիսավոր կերպով հանձնվող բանալիներ, լուսանկարներ, ծափեր ու «գոհ» հայացքներով հերթական ընտանիք․ այսպես ադրբեջանական լրատվամիջոցներն ամեն շաբաթ «իրազեկում» են Արցախի վերաբնակեցման մասին։ Իսկ ո՞րն է իրականությունը․․․

Օրեր առաջ՝ Ադրբեջանի խորհրդարանի հերթական նիստի ժամանակ, պատգամավոր Ռազի Նուրուլլաևն ուշագրավ հայտարարություն է արել։ Նա դեմ է, որ պետությունը տներ կառուցի «Ղարաբաղ վերադարձողների» համար՝ փոխարենն առաջարկելով ապրելու համար նպաստավոր պայմաններ ստեղծել։ Պատգամավորի խոսքով՝ մարդիկ պետք է իրենց տներն ինքնուրույն կառուցեն, որ ավելի կապվեն հողին։ Նուրուլլաևի ելույթից պարզ է դառնում, որ «վերադարձածներ»-ից շատերը հետո վերադառնում են Բաքու։ Վերջինիս կարծիքով՝ Արցախի «վերականգման» համար միայն պետական նախագծերով ծրագրեր իրականացնելը բավարար չէ․ պետք է մասնավոր հատվածին ևս թույլ տալ տնտեսական հատուկ գոտիներից դուրս գործունեություն ծավալել։

Հակադրվելով Նուրուլլաևին՝ որոշ պատգամավորներ փորձել են արդարացնել կատարվող ներդրումներն ու կառավարության վարած քաղաքականությունը բռնազավթված տարածքներում։ Միջամտել է անգամ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սաhիբա Գաֆարովան՝ նշելով, որ ոչ ոք ստիպողաբար չի վերադարձել․ ամեն ինչ տեղի է ունենում կամավոր։

Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների՝ Արցախում «վերաբնակեցվել» է շուրջ 75 հազար մարդ։
Նշենք «Վերադարձի» ծրագրի առնչությամբ մի քանի կարևոր հանգամանք։

Տարածվող լուսանկարներում երևում է, որ վերաբնակեցվողների մեջ մեծ թիվ են կազմում ծերերը։ Սա նշանակում է, որ անգամ անվճար տան կամ բնակարանի տրամադրումն ու աշխատանքը՝ կարի ֆաբրիկայում, այնքան էլ գրավիչ չէ մարդկանց ու մասնավորապես երիտասարդ ընտանիքների համար, ովքեր վաղուց արդեն ապրում կամ մշտապես ապրել են Բաքվում ու Ադրբեջանի այլ քաղաքներում։

Բացի այդ՝ մարդիկ հաճախ վերաբնակեցվում են այն վայրերում, որտեղ երբևէ չեն ապրել։ Օրինակ՝ Արցախի Հաթերք, Կարմիր շուկա ու այլ բնակավայրեր անգամ խորհրդային տարիներին բացառապես հայաբնակ են եղել։
Ադրբեջանի իշխանությունները նշում են, որ անցած 5-6 տարիներին «վերակառուցման» համար ներդրվել է շուրջ 15 միլիարդ դոլար։ Այդ գումարի մեծ մասն ուղղվել է խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։

Որպես օրինակ՝ նշենք Արաքսի հովտային շրջանում նոր բնակավայրերի կառուցումը։ Այն հիմնականում ցուցադրական բնույթ է կրում, և այդ բնակավայրերը «սեփական կյանքով ապրող բնական օրգանիզմ» չեն դառնում։

Բաքուն շարունակում է Արցախը պահել որպես փակ գոտի, որտեղ բնակեցված բնակիչների համար գործունեությունը, ազատ ելումուտը սահմանափակ է։ Դժվար է ասել, թե իրականում Արցախ տեղափոխված ադրբեջանցիներն ինչպես են ապրում, քանի որ երկրում չկա ազատ մամուլ, իսկ մատուցվող տեղեկատվությունը, լուսանկարներն ու տեսանյութերն ուղղորդված են, զտված և բացառապես քարոզչական բնույթ ունեն։ Հաճախ այս գործընթացները կապված են նաև կոռուպցիոն մեխանիզմների հետ։ Սոցցանցեր սպրդած սակավաթիվ տեսանյութերից ու հրապարակումներից երևում է, որ բնակեցմանը զուգահեռ՝ ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունն ու հուշարձանները։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել