Մենք հաստատում ենք, որ Սամվել Կարապետյանը, այո, ունենալու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն այդ ժամանակ։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ հաղթանակի ժամանակ Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի, այդ թվում՝ Կիպրոսի քաղաքացիությունից:
«Նա գտնվում է կալանքի տակ, հայտնի գործիչը, վախենալով, որ Սամվել Կարապետյանը կլինի մեր հաջորդ վարչապետը և իմանալով այդ մասին, նրան պահում է կալանքի տակ, այդ պատճառով կան սահմանափակումներ, բայց մենք ասում ենք և հայտարարել ենք, որ այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կունենա մեկ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»։
Հարցին, որ իշխանական շրջանակները պնդում են, թե Սամվել Կարապետյանը «չի կարող» առաջադրվել, Նարեկ Կարապետյանը նշեց. «Եթե Սամվել Կարապետյանը «չի կարող» լինել վարչապետ, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը նրան կալանքի տակ պահում։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետ, հենց այդ պատճառով է նրան կալանքի տակ պահում»։
Դիտարկմանը, որ իշխանությունը վստահ է, որ ի վերջո վարչապետ է դառնելու Ռոբերտ Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը պատասխանել է․ «Սամվել Կարապետյանը՝ որպես գործիչ իր մասշտաբով հաստատ, և այն ծրագիրը, որ մենք առաջարկում ենք, հաստատ նա չունի այդ խնդիրը և չի էլ կարող ունենալ, ով որ հասկանում է մասշտաբները, նա կհասկանա, որ այս ծանրության տակ մտնելով՝ նա մինչև վերջ գնալու է, և մինչև վերջը նշանակում է երկրում աղքատության հաղթահարումը, անվտանգության ապահովումը: Նա գնալու է մինչև վերջ իր դեմքով, իր անունով, իր բոլոր հնարավորությունները թողած՝ Հայաստանում այս պրոցեսը սկսելով, յոթ ամիս շարունակ ԱԱԾ մեկուսարանում լինելով՝ նա գնալու է մինչև վերջ և երկրում բերելու է այդ փոփոխություններն իր դեմքով: Մեր վարչապետի թեկնածուն, իհարկե, Սամվել Կարապետյանն է»։
Նարեկ Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է՝ նախկին որևէ նախագահ չպետք է ղեկավարի Հայաստանը․ «Դա մեր տեսլականն է, բոլոր հարցումներով ընդդիմադիր առաջին ուժը Սամվել Կարապետյանի ուժն է, և մենք վստահ ենք, որ այդ ճանապարհով ենք մենք բերելու փոփոխություններ։
Ես համակարգում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, մեր քաղաքական պրոցեսների համակարգողն եմ։ Կյանքիս ընթացքում ես Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ հանդիպել գեթ մեկ անգամ։ Ես ֆիզիկապես չեմ տեսել Ռոբերտ Քոչարյանին մի անգամ։ Առաջին նախագահին տեսել եմ, մեր բոլոր գործիչներին տեսել եմ, Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսել։ Այս յոթ-ութ ալեկոծ ամիսների ընթացքում գեթ մեկ անգամ և դրանից առաջ էլ ամբողջ իմ կյանքի ընթացքում։ Ոչ մի շփում։
Մեր երկրի այսօրվա կառավարությունը մի հատ երգ ունի։ Այդ երգը, որպեսզի ինքը իր անկարողությունը, իր տնտեսական թուլությունը, որ տնտեսական գործիչներ չունեն, աղքատության մակարդակի ութ տարվա ընթացքում աղքատությունը, որ չի կարողացել նվազեցնել, երկրում թանկացումները հիմնավորել չկարողանալը բերում է մի բանի՝ նա ուղղակի ամեն անգամ աշխատում է համակարգի մեջ չթողնել նոր գործիչներ։ Նա կռվում է, ամբողջ կյանքում այդ մարդիկ կռվել են նույն գործիչների հետ»,-նշել է նա։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը նշել է, որ պայմանագրով պետք է լինի մեկից ավելի երաշխավոր և միայն այդ այս պարագայում կլինի խաղաղություն։
«Մենք ունենք վկայի կարգավիճակով երկիր, եթե մենք ունենանք մեկից ավելի երաշխավոր, ապա չենք կանգնի այն խնդրի առաջ, որ կանգնեցինք ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ։ Մենք նույն փոսը երկրորդ անգամ ենք ուզում ընկնել։
Տարածաշրջանային նշանակալի ուժերի մեծամասնությանը համար հետաքրքիր է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Խաղաղությունը թղթի կտոր չէ։ Եթե չունենանք երաշխավոր, չենք կարող հասնել երկարաժամկետ խաղաղության»,- նշել է նա։