Ներքին Միտք 3 ամիս առաջ - 09:00 22-02-2026

Պապ թագավորի վրեժը

Լավատեսները կարծում են, թե փետրվար 20-ին հրապարակված Եպիսկոպոսաց ժողովի ընդարձակ հայտարարությունը արմատապես կփոխի իրավիճակը, Նիկոլ Փաշինյանը կդադարի հալածել հոգևորականներին, կհարգի եկեղեցու ինքնավարությունը, ազատ կարձակի կալանավորված սրբազաններին և այլն։ Ժողովրդի մի մասի կարծիքով էլ՝ այս հայտարարությունը չի փոխի ոչինչ, Փաշինյանը նույն տեմպով կշարունակի եկեղեցու դեմ արշավը։

Նկատենք, որ Եպիսկոպոսաց ժողովը մեր եկեղեցու ներկայացուցչական հեղինակավոր մարմինն է։ Փաշինյանը բազմիցս է մասնակցել պատարագների և ի ցույց դրել խոնարհ հավատացյալի կեցվածք։ Հետևապես՝ լավատեսորեն ենթադրելի է, որ նա պետք է վերանայի եկեղեցու, հոգևորականների, Վեհափառի հետ կապված իր դիրքորոշումը, հրաժարվի վեհարանը զավթելու պլաններից։ Ու եթե եպիսկոպոսաց հայտարարությունից հետո էլ մարդիկ կարծում են, թե Փաշինյանը դիրքորոշումը չի փոխի, ապա հարկ է փնտրել ավելի խորքային պատճառ։

Ինչո՞ւ են մարդիկ կարծում, թե Փաշինյանը կշարունակի հոգևորականության դեմ արշավը։

Փաշինյանը մի քանի անգամ խոսքի մեջ հիշատակել է Պապ թագավորին, իրեն համեմատել նրա հետ։ Օրեր առաջ, փետրվարի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարել է, թե 2026-ի հունիսի 8-ին արթնանալու ենք մի Հայաստանում, որի պատմությունն ընդհատվել էր Պապ թագավորի սպանությամբ։ Փաստաբան Արա Զոհրաբյանը Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը համեմատում է Պապ թագավորի կողմից արվածի հետ։ Այս պատմական զուգահեռները հիմք են տալիս ենթադրելու, որ Փաշինյանը Պապ թագավորի վերամարմնավորումն է՝ ռեինկարնացիան։

Եվ հիմա վերամարմնավորված Պապ թագավորը, կարծես, իր սպանության համար վրեժ է լուծում հոգևորականներից, որոնք իր մասին շատ վատ բաներ են խոսել ոչ միայն կենդանության օրոք, այլև մահվանից հետո։ Այլ կեպ ասած՝ Փաշինյանը, կարծես, Պապ թագավորի վերժն է լուծում Գարեգին Բ-ից, եկեղեցուց ու հոգևորականներից այդ ամենի համար։

Նկատենք, սակայն, որ այս վարկածը թույլ է, քանի որ ի տարբերություն Պապ թագավորի, Փաշինյանը աղետալի պարտություններ է կրել արտաքին թշնամիների հետ պատերազմներում, զիջել է տարածքներ, ֆորպոստի վարչապետ է եղել, մինչ օրս էլ շարունակում է սպասարկել ռուսական շահերը, որևէ նշանակալի քայլ չի արել անկախության պաշտպանության ուղղությամբ։

Հռոմեական պատմիչ Ամիանոս Մարկելինոսի վկայությամբ՝ Պապ թագավորին սպանել են օտարները։ Հռոմեական կայազորի հրամանատար Տրայանոսը 374 թվականին Պապին հրավիրում է խնջույքի, և որի ժամանակ Պապին դավադրաբար սպանում են ծպտված երկու հռոմեացի զինվորներ։ Հռոմեացի պատմիչը Պապին բնութագրում է մարդկային դրական, վեհ հատկանիշներով։

Փավստոս Բյուզանդի պատմությունը տարբերվում է։ Այստեղ Պապ թագավորի մասին շատ վատ բաներ են խոսվում, վերագրվում ծանր մեղքեր։ «Նրանք ամբողջ կյանքի ընթացքում սաստիկ հանդուգն էին, Աստծուց երկյուղ չունեին, կյանք էին վարում մեծ անառակությամբ և ցոփությամբ, Աստվածային կարգերն արհամարհում ու ծաղրում էին… Սաստիկ հարբելով՝ նրանք ծաղրում էին ​Աստծու տաճարը, երկուսով գնում մտնում էին այնտեղ գտնվող եպիսկոպոսանոցը, այնտեղ գինի էին խմում բոզերի, վարձակների, գուսանների և կատակաբանների հետ, սուրբ ու նվիրական տեղերը արհամարհելով ոտնակոխ էին անում»,- գրում է հայ պատմիչը։ Այս համեմատությամբ՝ Փաշինյանը հայհոյանք ու վատաբանություն է հասցեագրել հոգևորականների հասցեին, եկեղեցիները որակել չուլանացված և այլն։

Բյուզանդը փորձում է հիմնավորել, թե ինչու հոգևորականները չէին հարգում Պապին։ Սոցիոլոգիական կարծիք կա, թե այս անհարգալից վերաբերմունքը պատճառ դարձավ, որ Պապի դավադրաբար սպանությունից հետո հայ ժողովուրդը, ազնվականությունն ու հոգևորականնությունը Հայաստանի թագավորությունը վերականգնելու, անկախության պաշտպանության դիրքերում չկանգնեցին։

Պարզ ասած՝ Պապ թագավորի օրինակը վկայում է, որ եկեղեցու դեմ արշավը վերջնահաշվարկում վատ ելք է ունենում պետության ու ժողովրդի համար։ Իսկ եթե իրապես ուզում ենք Պապի լիարժեք վրեժը լուծել, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի ոչ թե եկեղեցուն ու հոգևորականներին, այլ արտաքին ու թշնամական ուժերին, որոնք ինչպես 4-րդ դարում կործանեցին հայկական թագավորությունն ու խլեցին հայ ժողովրդի ազատությունն, այնպես էլ այսօր ոտնձգություններ են կատարում մեր անկախության դեմ, կասկածի տակ դնում մեր անկախ լինելու իրավունքը։ Այս տեսանկյունից՝ Փաշինյանը Պապ թագավորի հակապատկերն է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»