Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 18-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Այսօր մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 16:00-ի սահմաններում Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ «սպանության փորձի» հատկանիշներով և ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների, «Lexus»-ի սեփականատիրոջ ինքնությունը։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մաշտոցի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Ավելի ուշ Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: Ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Գերատեսչությունից հաստատել են, որ 1քաղաքացի մահացել է և նշել, որ վիրավորների առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը։ Այս մասին հայտնում է Եպիսկոպոսաց հավաքի դիվանը։ Հավաքին մասնակցում են Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու Ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից։ Եպիսկոպոսաց հավաքը բացվել է Տերունական աղոթքով, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայրական իր խոսքն ու պատգամն առցանց է հղել մասնակիցներին։ Հավաքի մասնակիցներին իրենց ողջույնն են հղել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքները։ Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվանը՝ վարելու Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։ Նշվում է, որ Սանկտ Փյոլթընի Մայր Տաճարում եպիսկոպոսների մասնակցությամբ տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն, որի առիթով նրանց ողջույնի խոսք է հղել Կաթոլիկ եկեղեցու Սանկտ Փյոլթընի թեմի առաջնորդ Գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շվարցը։ Հիշեցնենք` փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է Եպիսկոպոսաց ժողով տեղի ունենար։ Ժողովի մի խումբ մասնակիցների, այդ թվում Ամենայն Հայոց կաթողիկոսի ելքը Հայաստանից արգելվել է, ինչի պատճառով վերջիններս չեն կարողացել ժողովին ներկա գտնվել, ժողովն էլ փաստացի հավաքի է վերածվել։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։ Դատախազը 2025թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել: «Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 1998-2010 թվականներին ռուսաստանաբնակ գործարարից՝ Միխայիլ Բաղդասարովից, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը դրսևորվել է Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը Ս. Սարգսյանին փոխանցելով: Քրեական հետապնդումը հարուցվել է նախկին Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին, այն է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը»,- նշել էին դատախազությունից։
Մանրամասները՝ տեսանյութում: