Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:40 05-02-2026

Պլանավորված դադա՞ր, թե՞ թուրքական պահանջ․ ինչու է Մեծամորի ԱԷԿ-ը 5 ամսով կանգնում

Մերի Հակոբյան

Լրագրող

Մեծամորի ատոմակայանը ապրիլից 5 ամսով դուրս կգա էներգահամակարգից: Այս մասին իր վերջին ասուլիսում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ չհամաձայնելով այն պնդումների հետ, թե ատոմակայանը «անսովոր երկար ժամկետով» է դուրս բերվելու շահագործումից:

Ըստ նրա՝ խոսքը պլանավորված երկարատև դադարի մասին է, ինչը հանրության շրջանում մտահոգություն է առաջացրել: Գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը առիթը մշտապես բաց չեն թողնում՝ պնդելու, որ Հայաստանն ատոմակայանի կարիք չունի, իսկ հայկական ԱԷԿ-ը տարածաշրջանի այլ երկրների և հատկապես իրենց համար վտանգներ է ստեղծում։ Դա է նաև պատճառը, որ ցանկացած երկրաշարժի ժամանակ թուրքակական մամուլում հայտնվում են Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու վերաբերյալ հրապարակումներ:

Այս ամենի ֆոնին Հայաստանում մտահոգություններ կան, որ Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքը Թուրքիայի պահանջով է կանգ առնելու:

Էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը Oragir.News-ին հայտնեց, որ գործընթացը նախապես ծրագրված է և նպատակ ունի երկարաձգելու ատոմակայանի շահագործման ժամկետը. «Խոսքն ատոմակայանի փակման մասին չէ, այլ նախատեսված, ժամանակացույցով սահմանված՝ մոտ հինգ ամսվա ժամանակավոր դադարի մասին: Դա նորմալ գործընթաց է, անհանգստանալու ոչինչ չկա: Այդ աշխատանքներն իրականացվում են, որպեսզի հնարավոր լինի երկարաձգել կայանի շահագործման ժամկետը ևս առնվազն 10 տարով՝ մինչև 2036 թվականը, և ապահովել դրա անվտանգ ու անխափան աշխատանքը: Շատ կարևոր է, որ ձևակերպումներում բոլորը զգույշ լինեն»:

Փորձագետը վստահեցնում է, որ ԱԷԿ-ի աշխատանքի դադարը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի պակասի: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի էներգահամակարգն ունի բավարար և նույնիսկ ավելցուկային հզորություններ՝ փոխարինելու ժամանակավորապես կանգնող բլոկի արտադրանքը:

«Եթե խոսում ենք էլեկտրաէներգիայի արտադրության մասին, Հայաստանը խնդիր չի ունենալու: Մենք ունենք Երևանի ջերմաէլեկտրակայանները, Հրազդանի 5-րդ բլոկը, Որոտանի և Սևանի հիդրոկասկադները, ինչպես նաև արևային և փոքր հիդրոկայաններ: Խնդիրն ավելի շատ ճիշտ կառավարման և դիսպետչերական կարգավորման տիրույթում է: Բոլոր հնարավորությունները կան, որպեսզի այդ հինգ ամսվա ընթացքում և նաև երկարաժամկետ հեռանկարում համակարգը կայուն աշխատի»,- վստահեցնում է նա:

Արձագանքելով պնդումներին, թե Հայաստանին մեծ ատոմակայան պետք չէ՝ Ավետիսյանն ասում է, որ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչ ուղի է ուզում որդեգրել: Ըստ նրա՝ եթե գոյատևման ճանապարհով ենք գնում, ապա ատոմակայան իսկապես պետք չէ, իսկ եթե ձգտում ենք լինել ինքնաբավ, ավելցուկային հզորություն ունեցող պետություն, որի շնորհիվ կարելի է նաև արտահանել էլեկտրաէներգիա, հզոր կայան ունենալն անհրաժեշտություն է:

Արթուր Ավետիսյանն անդրադառնում է նաև հարևան երկրների քննադատություններին` ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ միջազգային ամենաբարձր գնահատականը տվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն:

«Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Մեծամորի վերաբերյալ քարոզչությունը նոր չէ. դա շարունակվում է դեռ 1995 թվականից: Բայց անվտանգության ամենագրագետ և անաչառ գնահատականը տվել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը, որը տեղում ուսումնասիրություններից հետո հայտարարել է, որ կայանը համապատասխանում է անվտանգության պահանջներին: Այդ գնահատականից ավելի բարձր միջազգային չափանիշ պարզապես չկա: Անվտանգության մասով պատասխանն արդեն տրված է»,- նշում է նա:

Փորձագետը կարևորում է նաև նոր ատոմակայանի կառուցման ռազմավարական հարցը՝ այն համարելով Հայաստանի երկարաժամկետ էներգետիկ անվտանգության առանցքային ուղղություններից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Oragir.News
Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան