Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:00 03-02-2026

Սերժ Սարգսյանն ընդդիմության միավորմանը չի հավատում, Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգվեց․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 3-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը դեռևս չի որոշել՝ ի վերջո մասնակցելո՞ւ է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Այսօր էլ Սերժ Սարգսյանն իր գործով դատական նիստից առաջ պնդեց՝ չունեն որոշում. - «Ո՛չ, չունենք որոշում, եթե ունենանք, կասենք»: Ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու վերաբերյալ հարցին ի պատասխան էլ երրորդ նախագահն ասաց, թե դա բարդ խնդիր է: «Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին: Բայց տեսնենք»,- ասաց Սարգսյանը՝ ըստ էության չհավատալով, որ ընդդիմությանը կհաջողվի միավորվել ընտրություններին ընդառաջ։ Դատական նիստի ավարտից հետո էլ Սերժ Սարգսյանը նաև նշեց՝ մինչև վերջ չգիտեմ, թե ինչ է TRIPP-ը։ «Ադրբեջանցիները դրան անվանում են միջանցք, թուրքերն անվանում են միջանցք, Հայաստանի հանրության մի մասն անվանում է միջանցք։ Իսկ իշխանությունները համարում են անվտանգության երաշխիք, խաչմերուկ, բայց իրենց ասածները մի շաբաթ հետո, մի ամիս հետո կփոխվեն, 2 ամիս հետո բոլորովին հակառակը կլինի»,- ասաց երրորդ նախագահը, ապա շարունակեց․ «Երբ փաստաթուղթը տեսնենք, թե ինչ կարգավիճակ ունի, այն ժամանակ էլ կասեմ, ռիսկեր տեսնում եմ, թե ոչ: Հայկական բանակը չթողեցին, որ խաղաղության երաշխավոր լինի, այդ փաստաթուղթն ինչ խաղաղության երաշխավոր պետք է լինի»։

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը: Փաստաբան Արսեն Բաբայանի փոխանցմամբ՝ Արշակ Սրբազանի մոտ տեսակցությունները սահմանափակվել են, նրան միայն քրոջ երեխաները կկարողանան այցելել: Փաստաբանը որոշման հիմնավորումները դեռ չի ստացել: «Սրանով շարունակվում են եկեղեցու դեմ ճնշումները, Արշակի սրբազանի դեմ սկսված ճնշումները», - ասաց Բաբայանը: Անդրադառնալով Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցի՝ մարիխուանայի գլանակի անհետացման մասին «Ազատության» հարցին՝ փաստաբան Արսեն Բաբայանը պատասխանեց. «Քննիչը կատեգորիկ հերքեց, ասաց՝ «նման բան չկա, ոչ մի ապացույց չի կորել է», ասում է՝ «տեղում է»: Հարցին՝ չե՞ն ուզում տեսնել գլանակն իսկապես տեղում է, թե՞ ոչ, Բաբայանն արձագանքեց, որ այս պահին չեն կարող, քննության ժամանակ կկարողանա տեսնել: Հիշեցնենք՝ իրավապահները պնդում են, որ 2018-ին կաթողիկոսի հեռացումը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Արշակ Սրբազանը հրահանգել էր ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց գցել: Դեկտեմբերից կալանավորված Մայր Աթոռի դիվանապետը հերքում է իրեն վերագրվող մեղադրանքը:

Երևանում` նախագահական նստավայրի շենքի դիմաց, զոհված զինծառայողների ծնողները, հարազատները և մի շարք այլ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք Վահագն Խաչատուրյանից պահանջել են ներողություն խնդրել Դավոսում Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։ «Վահագն Խաչատուրյա՛ն, քեզ սպասելու ենք Եռաբլուրում, ու դու պիտի գաս։ Եթե չգաս, ապա մենք քեզ մի տեղ տեսնելու ենք։ Պարտավոր ես հրապարակային ներողություն խնդրել։ Եթե այդքան ուժ չունես, ապա պահանջելու ենք` լքես այս պաշտոնը»,- ասաց բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը։ Զոհված զինծառայողներից մեկի մայրն էլ նշեց՝ իրենք սառը քարերը գրկած են տոները դիմավորում, իսկ երկրի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Իլհամ Ալիևին։ «Այս ցավը պետք է իշխանության ներկայացուցիչներից ցանկացածի տանը պետք է լինի, որպեսզի հասկանան՝ ինչ ենք մենք զգում։ Ալիևին ասում եք շնորհակալություն, բայց 2 օր հետո գալիս եք ու Եռաբլուրում չակերտավոր գլուխ եք խոնարհում»,- ասաց կինը Բողոքի ակցիայի մասնակիցները նաև իրենց ձեռքերում պահում են «Մեր ցավը քո դիվանագիտությունը չէ», «Դավոսում՝ շնորհակալություն, Եռաբլուրում՝ պատասխան», «Ալիևին շնորհակալությունն իսկական ամոթ է» և այլ գրություններով պաստառներ։ Հունվարի 20–ին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ Վահագն Խաչատուրյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողություն կունենա, որովհետև երկու երկրներն էլ առաջ են նայում, իսկ եթե հետ նայեն ու փորձեն գտնել հակամարտության պատճառները, դա կզրկի այսօր ստեղծված հնարավորություններից։ Խաչատուրյանն իր ելույթի ընթացքում նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին դրսևորած քաղաքական կամքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում: