Հոգևորականների նկատմամբ հետանդումները հասան Մայր Աթոռ։ Հունվարի 29-ին ՔԿ-ն հաղորդագրություն տարածեց, թե Գերագույն հոգևոր խորհուրդը չի կատարել դատարանի որոշումը և այդ փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔրՕր-ի 507 հոդվածով։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի գնահատմամբ՝ սրա նպատակը Վեհափառ Հայրապետի ու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ բացակայելու արգելք՝ խափանման միջոց կիրառելն է, որ չկարողանան Հայաստանից դուրս գալ։ Սրանով փորձում են խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի գումարումը։
Ի՞նչ կտա այս վարույթը Նիկոլ Փաշինյանին։
Ամենատարածված վարկածով ենթադրվում է, թե առաջիկա Եպիսկոպոսաց ժողովի մասնակիցները միասնաբար ու ի տես աշխարհի կդատապարտեն Նիկոլ Փաշինյանի հալածանքները հոգևորականների նկատմամբ։ Բայց այստեղ նորություն չկա։ Ամբողջ աշխարհն այս մասին գիտի։ Նույնիսկ հեռավոր ԵԽԽՎ-ում պահպանողական պատգամավորի կողմից Արարատ Միրզոյանին ուղղված հարցը հայ եկեղեցու ու հոգևորականության դեմ հալածանքների մասին վկայությունն է այն բանի, որ աշխարհը լավ գիտի, թե ինչ է կատարվում ՀՀ-ում։ Ուստի՝ տրամաբանական չէ վարկածը, թե Փաշինյանը խոչընդոտում է Եպիսկոպոսաց ժողովի գումարումը, որ աշխարհը չիմանա ՀՀ-ում հոգևորականների նկատմամբ ՔՊ-ի սանձազերծած անմարդկային և հակաքրիստոնեական հալածանքների մասին։
Դիտարկենք հակառակ վարկածը, ըստ որի՝ առաջիկա Եպիսկոպոսաց ժողովում Վեռափառը մտադիր է հրաժարական ներկայացնել, կատարել Նիկոլ Փաշինյանի պահանջն ու ազատել վեհարանը։ Այս պարագայում Փաշինյանն էլ չի կարող աշխարհին ցույց տալ, թե իր դեմ գործող մեծ ուժեր կան։ Նա էլ չի կարողանա արդարացնել իր անգործությունը և ստիված կլինի անկախության ու ժողովրդավարության պաշտպանության ուղղությամբ գործուն քայլեր կատարել, ինչի հետևանքով Մոսկվան կփորձի հեղափոխություն կազմակերպել, ինչպես 2018-ին արեց ու Փաշինյանին կարգեց ֆորպոստի վարչապետ։ Այսինք՝ հունվարի 29-ին հարուցված գործի իմաստն այն է, որ Գարեգին Բ-ն անակնկալ հրաժարական չտա։
Մեկ այլ վարկածով էլ ենթադրվում է, որ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողովում եկեղեցու դիրքորոշման արմատական փոփոխություն է տեղի ունենալու, ու եկեղեցին կանգնելու է ՀՀ անկախության և ժողովրդավարության պաշտպանության դիրքերում, քանի որ ՀՀ անկախությունն ու ժողովրդավարությունը Աստծո մեծագույն շնորհն է մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս։ Մեր ազգային եկեղեցին կապացուցի աշխարհին ու ժողովրդին, որ չի սպասարկում ռուսական շահերը։ Հոգևորականներին կհանձնարարվի ամենուրեք առաջին էջով խոսել խորհրդային բռնազավթման տարիներին հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների, հայ ազգի քաղաքակրթական ընտրության, քրիստոնեության և արևմտյան արժեքների ընդհանրության, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու, ազատ աշխարհի հետ ներդաշնակության անհրաժեշտության մասին։
Եկեղեցին այս դիրքորոշմամբ կապացուցի քրիստոնյա Ավստրիային, Եվրոպային և ամբողջ աշխարհին, որ հայ իրականության մեջ ամենամեծ ժողովրդականություն ունեցող կառույցն ու նրա միլիոնավոր հետևորդները բաց աչքերով, քրիստոնեական, եղբայրական սիրով են նայում ազատ աշխարհին ու քաղաքակիրթ մարդկությանը։ Եվ կփշրվի Փաշինյանի մանիպուլյատիվ նարատիվը, թե հայերն աշխարհընկալման խնդիրներ ունեն, ատելությամբ են լցված, անհուսալի ռուսամետ են, հոգեբանորեն խեղված են, եկեղեցու ղեկավարները ռուսական գործակալ են և այլն։ Արդյունքում՝ Փաշինյանը կզրկվի ազատ աշխարհի և հայ ժողովրդի աջակությունից։
Պարզ ասած՝ հունվարի 29-ին Վեհափառի և Հոգևոր խորհրդի դեմ փաստացի հարուցված քրեական վարույթը ի ցույց է դնում Փաշինյանի ողջամիտ վախերը, որ եկեղեցին կարող է համոզիչ փաստերով ի լուր աշխարհի հերքել իրեն ու իր ղեկավարներին վերագրվող կեղծ մեղադրանքները, բացահայտ կանգնել Աստվածային մեծ շնորհը՝ անկախությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու դիրքերում, քաղաքակիրթ աշխարհի կողքին, ինչպես վայել է առաջին քրիստոնյա ազգին։ Փաշինյանի դիրքերն այս պարագայում էապես կթուլանան, և նա կպարտվի հունիսի 7-ին ու ընդդիմություն կդառնա։
Թաթուլ Մկրտչյան