Աշխարհում հայտնի շատ ու շատ պոպուլիստներ կան։ Նրանց մի մասը պոպուլիզմով պետություններ է ղեկավարում, մի մասը պարզապես խաբում է ժողովրդին, իսկ մյուսների համար իշխանությունն ընդամենը մրցանակներ ու գովասանագրեր հավաքելու միջոց է։
Շատերի համար կարևոր էլ չէ, թե ինչ գովասանագիր կամ ինչ մրցանակ են ստացել․ կարևորն այն է, որ դա ցույց տան ժողովրդին ու ասեն՝ «տեսե՛ք՝ ինձ ինչ են տվել»։
Առավել ցանկալի են անգլերեն անվանումներով մրցանակները, որպեսզի հասարակությունը ոչ խորանա, ոչ էլ հետաքրքրվի՝ իրականում ինչի համար են դրանք տրվել։
Օրեր առաջ Կառավարությունից տեղեկացրին, որ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը հայտարարել է 2026 թվականի մրցանակակիրներին։ Դրանց թվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։
Արաբական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ մրցանակի դափնեկիրներից է նաև աֆղան աղջիկների կրթության պաշտպան Զարքա Յաֆթալին։ Նա, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, դարձել են Կովկասից և Աֆղանստանից այս մրցանակը ստացած առաջին անձինք։
Մրցանակների հանձնման արարողությունը կկայանա փետրվարի 4-ին Աբու Դաբիում։ Մրցանակը հիմնադրվել է 2019 թվականին, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ու Ալ-Ազհարի մեծ իմամ Ահմեդ ալ-Թայեբը ստորագրեցին Մարդկային եղբայրության փաստաթուղթը՝ հանուն խաղաղության, համերաշխության և համատեղ գոյակցության։ Մրցանակակիրներին տրվում է նաև 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամական պարգև։
Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել էր մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, ինչպես նաև հանձնաժողովի անդամներին՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։
Հայաստան ժամանած հանձնաժողովի անդամներից էր նաև հայ հանրությանը լավ հայտնի Շառլ Միշելը, որի «տեսլականով» Լեռնային Ղարաբաղում պետք է ապրեին «էթնիկ հայեր»՝ միջազգային մեխանիզմներով ապահովված անվտանգության և իրավունքների ներքո։ Եթե Շառլ Միշելի պատկերացրած ապագան էթնիկ զտված ու հայաթափված Արցախն էր, ապա անհրաժեշտ էր այդ մասին սկզբից ևեթ անկեղծ հայտարարել և դրա դիմաց մրցանակ առաջարկել։
Շառլ Միշելին վաղուց արդեն դժվար է կապել եվրոպական արժեքների հետ․ շատերի ընկալմամբ նա Ալիևի լոբբիստն է Եվրոպայում և միջազգային տարբեր հարթակներում։ Ընտրություններից առաջ նման մրցանակը ոչ այլ ինչ է, քան Նիկոլ Փաշինյանին «խաղաղության դեսպան» ներկայացնելու փորձ և հասարակության աչքերը կապելու հերթական գործիք։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Փաշինյանը կստանա 1 միլիոն ԱՄՆ դոլար՝ մոտավորապես 382 միլիոն դրամ, և հիմնավոր կասկածներ կան, որ այդ գումարը կծառայի ոչ թե բարեգործությանը, այլ ընտրական նպատակներին։
Կա ևս մեկ ուշագրավ հանգամանք․ գոյություն ունի նույնանուն մեկ այլ մրցանակ՝ «Զայեդ» կայունության մրցանակը, որը տրվում է փոքր և միջին ձեռնարկություններին, ոչ առևտրային կազմակերպություններին և նույնիսկ ավագ դպրոցների սաներին։ Վերջին տարիներին այն ստացել են, օրինակ, դպրոցականներ, որոնք ինչ-որ պարզ տեխնոլոգիա էին առաջարկել անձրևաջրերի հոսքը կառավարելու համար։
Ինչ վերաբերում է մարդկային եղբայրության մրցանակին, այն տրվելու է նաև Իլհամ Ալիևին։ Փաշինյանը հայտարարել է, որ մրցանակը «կկիսեն» Ալիևի հետ, սակայն հարց է առաջանում՝ արդյոք նա պատրաստվում է իր 1 միլիոն դոլար դրամական պարգևը նույնպես կիսել Ալիևի հետ, թե ոչ։
Ք. Ս.