Հրապարակավ անարգանքը վերադառնում է որպես պատժի ձև։ ՔՊ-ական իշխանությունները այդպիսի մի պատժի մեխանիզմ են կիրառում անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ։ Հունվարի 23-ին այս մասին տեղեկացրեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:
«Բոլոր այն կետերում, որտեղ տեսչական մարմինը հայտնաբերում է թերլիցքավորումներ, որպես հանրային իրազեկման և տնտեսվարողին պատժելու մեխանիզմ՝ կիրառվում է հետևյալ մեթոդը, թերլիցքավորում իրականացրած սուբյեկտների մոտ վառելիքաբաշխիչ աշտարակների վրա փակցվում է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» ցուցանակները 1 ամիս ժամկետով: Սա քաղաքացիների տեղեկացված լինելու համար է, քաղաքացին պետք է իմանա, որ տվյալ տնտեսվարողը անբարեխղճորեն թերլիցքավորում է իրականացրել»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը:
Ինչո՞ւ է ՔՊ-ն այսպիսի նվաստացուցիչ մեխանիզմ կիրառում, ի՞նչ էֆեկտ կտա։
ՔՊ-ն ենթադրաբար՝ ակնկալում է, որ թերլիցքավորող գազալցակայանի ճակատին այսպիսի ցուցանակ տեսնող քաղաքացին այդտեղից գազ չի գնի որոշ ժամանակ, բարձրաձայն ամոթանք կտա տվյալ լցակայանի աշխատողին, կթքի նրա ուղղությամբ, որն անազնիվ է աշխատում, խաբում հաճախորդներին։
Հիշենք, որ հին աշխարհում այսօրինակ պատժի մի ձև կար, կոչվում էր անարգանքի սյուն։ Դա քաղաքային հրապարակում, կառափնարանի մոտ կանգնեցված սյուն էր։ Դատապարտյալին առավոտյան բանտից բերում, կապում էին անարգանքի սյանը, իսկ գլխավերևում գրում, թե ինչ վատ բան է արել նա։ Անցորդներն օրվա ընթացքում կարդում էին այդ գրվածն ու ամոթանք էին տալիս, թքում նրա ուղղությամբ։ Սա հակահումանիստական, մահացու պատժի ձև էր, որը վերացել է հանճարեղ Դանիել Դեֆոյի «Ձոն անարգանքի սյանը» պոեմի ազդեցությամբ։ Երբ Դեֆոյին դատապարտում են 3 օր անարգանքի սյանը կապելու պատժի, նա առաջին գիշերը բանտում գրում է այս պոեմը, որն առավոտյան լույս է տեսնում թերթում, ինչից հետո հին ու բարի Անգլիայում և ամենուրեք վերացնում են պատժի այս ամոթալի ձևը։
Ներկայումս ՔՊ-ական իշխանությունների կողմից կիրառվող նմանօրինակ պատիժը գուցե էապես կփոխի մեր հասարակության սոցիալ հոգեբանությունը։ Հայ տնտեսվարողը գուցե ազնիվ, անկեղծ, արդար, պատասխանատու, բարի կդառնա։ Չի բացառվում հակառակ էֆեկտը, որովհետև հայն անգլիացի չէ։ Գուցե այս պատժի ենթարկված անձանց արժանապատվությունը խոցվի, նրանք ու խաբվածները չարանան, ահավոր վատություններ անեն միմյանց ու ժողովրդի դեմ, չարությունը տարածվի, խորանա, սոցիալական բախումների պատճառ դառնա և այլն։
Նկատենք, որ քաղաքացիները մեծապես ընդօրինակում են քաղաքական առաջնորդներին։ Տվյալ դեպքում՝ գազալցակայանի լիցքավորողի վրա ազդեցություն ունի Նիկոլ Փաշինյանի վարքը։ Եթե վերջինս ազնիվ լինի, անկեղծ, արդար, բարի ու պատասխանատու, գազ լցնողն էլ նրանից օրինակ կվերցնի ու կդառնա նույնպիսին։
Հետևապես՝ ինչպե՞ս անել, որ քաղաքական առաջնորդները լինեն ազնիվ, անկեղծ, բարի ու պատասխանատու։ Գուցե կիրառվի նույն մեթո՞դը, որը կիրառում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը գազալցակայանների նկատմամբ։ Ցավոք՝ իշխանության վարքի ու բարոյականության վերահսկողության մարմին չկա։ Իսկ եթե լինի, ապա ի՞նչ ցուցանակ կպարտավորեցնի փակցնել ՔՊ-ի գրասենյակի ճակատին որպես պատիժ և քաղաքացու համար տեղեկատվություն։
Ենթադրելի է, որ ՔՊ-ին կպարտավորեցնի իր գրասենյակի ճակատին գրել՝ «Մենք սպասարկել ենք ռուսական շահեր, երբ Նիկոլ Փաշինյանը եղել է ֆորպոստի վարչապետ», «Մենք պարտվել ենք պատերազմում սխալ քաղաքականություն վարելու հետևանքով», «Մեր սխալներից օգտվելով՝ չբարեկամները զավթել են ՀՀ տարածքի որոշ հատվածներ», «Մենք թանկացրել ենք քաղաքային տրանսպորտը 50 դրամով», «Մենք հրաժարվել ենք Արցախից», «Մենք շարունակում ենք մնալ ՀՀ ինքնիշխան իրավունքները չճանաչող ՀԱՊԿ անդամ», «Մենք չենք հարգում խորհրդային բռնազավթման տարիներին կոմունիզմի զոհերի հիշատակը», «Մենք չենք կատարել մեր նախընտրական խոստումները», «Մենք կարծում ենք, որ կարմիր լույսը լեգիտիմ չէ» և այլն։
Այս շարքն անվերջանալի երկար է, աշխատատար ու թանկ կլինի այդքան երկար գրելը, քաղաքացիներն էլ գուցե չուզենան այդքան մանր կարդալ։ Ուստի՝ եթե իշխանության վարքը վերահսկող հանրային տեսչական մարմին լինի, ապա ՔՊ-ին կպարտավորեցնի իր շենքի ճակատին մեծ տառերով գրել՝ «Մեզ մի ընտրեք»։ Եթե սա արդյունք չտա, և քաղաքացին կրկին ՔՊ ընտրի, ապա թերլիցքավորողի ճակատին փակցված ցուցանակն էլ արդյունք չի տա, միայն մարդկանց կչարացնի։
Թաթուլ Մկրտչյան