Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 15:15 21-01-2026

Բաստիոնի հակառակ կողմը. Փաշինյանի քարոզիչը հետապնդել է ընդդիմադիր կին պատգամավորին ու անպատիժ մնացել

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնել է, որ քննարկում է իրավական քայլերի դիմելու հնարավորությունը՝ իրեն հանրային վայրում հետապնդած և վիրավորանքներ հնչեցրած անձի գործողությունների կապակցությամբ։

Օրերս իրեն քաղաքագետ ներկայացնող` Նիկոլ Փաշինյանի քարոզիչ Արամ Ավետիսյանը, որը շատ մասնագետների կարծիքով իր վարքով վարկաբեկում է քաղաքագիտության ոլորտը, հանրային վայրում հետապնդել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին, նկարահանել նրան և նրա հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ։

Դրանով չսահմանափակվելով՝ Ավետիսյանը իր յութուբյան էջում տեղադրել է նաև տեսանյութ, որտեղ շարունակել է վիրավորանքները՝ նշելով, թե «բոլոր ընդդիմադիր գործիչների տեղը Սովետաշենի աղբանոցն է»։

Մի շարք դիտարկումների համաձայն՝ եթե նման վարքագիծը դրսևորվեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի նկատմամբ, իրավապահ մարմինների արձագանքը, հավանաբար, կլիներ անհապաղ։

Oragir.News-ը զրուցել է Լիլիթ Գալստյանի հետ՝ պարզելու, թե նա այս փաստով հաղորդում ներկայացրե՞լ է ոստիկանություն։

«Մեր փաստաբանական խմբի հետ խորհրդակցում ենք՝ գործին ընթացք տալու վերաբերյալ։ Սա ակնհայտորեն իմ նկատմամբ հետապնդում էր, անգամ սպառնալիքներ էին հնչեցվում։ Ես նույնիսկ չեմ դիտել այդ տեսանյութը, նախկինում էլ այդ անձին չեմ ճանաչել, բայց կարող եմ վստահ ասել՝ սա նաև իմ անձնական անվտանգությանն է վերաբերում»,- նշեց պատգամավորը։

Գալստյանի խոսքով՝ տեղի ունեցածը չի կարելի դիտարկել որպես անհատական կամ պատահական միջադեպ։ Նրա համոզմամբ՝ խոսքը ընդդիմադիր գործիչների նկատմամբ թիրախավորված և համակարգված վարքագծի մասին է։

Դեպքի առնչությամբ Oragir.News-ը զրուցել է նաև իրավաբան Վարազդատ Հարությունյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք հանրային գործչի նկատմամբ նման վարքագիծը ենթադրո՞ւմ է քրեական վարույթի հարուցում, նույնիսկ՝ առանց տուժողի պաշտոնական դիմումի։

Հարությունյանի խոսքով՝ եթե առկա է հանրային քրեական հետապնդման ենթակա հանցակազմ, ապա գործի հարուցման համար պարտադիր չէ պատգամավորի առանձին բողոքը։ «Այդ դեպքում իրավապահ մարմինները կարող են ինքնուրույն նախաձեռնություն ցուցաբերել»,- նշեց նա՝ հավելելով, որ առանց տեսանյութը դիտելու դժվար է հստակ իրավական գնահատական տալ, սակայն ներկայացված նկարագրությունից հնարավոր է ենթադրել խուլիգանության հատկանիշներ։

Իրավաբանը նաև ուշադրություն է հրավիրել իրավապահ մարմինների տարբերակված արձագանքին՝ հիշեցնելով, որ այլ դեպքերում, մասնավորապես՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ, նույնիսկ ավելի մեղմ ձևակերպումների համար հարուցվել են քրեական գործեր խուլիգանության հոդվածով և կիրառվել են կալանքի միջոցներ։

«Եթե այդ դեպքերում քրեական հետապնդումը իրականացվել է հանրային հիմքով, ապա նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև այս դեպքում։ Հակառակ պարագայում առաջանում է իրավական անհավասարության և ընտրովի արդարադատության լուրջ հարց»,- ընդգծեց Հարությունյանը։

Պարզելու համար՝ արդյոք տվյալ միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել, Oragir.News-ը հարցում է ուղարկել Ներքին գործերի նախարարություն։

ՆԳՆ-ից խնդրել են տրամադրել տեսանյութը, որ կարողանան հարցին պատասխանել և լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։

Որոշ ժամանակ անց Ոստիկանությունից տեղեկացրին Oragir.News-ին, որ Ոստիկանության Կենտրոնական բաժինն այդ նյութի վերաբերյալ հաղորդում չի ստացել։