Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 22:00 14-04-2024

Հայկ Սուքիասյան․ անգրագիտության բաստիոնի հպարտ պահապանը, կամ քաղաքագե՞տ է նա, թե՞ գրականագետ

Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերից կտրված մի տեսագրություն հանդիպեց, որտեղ մի միջին տարիքի տղա ոգևորված պնդում էր, որ հայ գրականության մեջ դաշտերի մասին պոեզիա չկա, քանի որ մեր երկրի լեռնային աշխարհագրությունն ազդել է մեր մտածողության ու մշակույթի վրա, ու մենք տարածական ընկալում չունենք։ Առաջին պահին մտածեցի՝ դե ազգի պսիխիկան խախտվել է, հերթական մի աննորմալին եթեր են տրամադրել, որ ցրի կասկածները, արդարացնի Նիկոլ Փաշինյանին, գուցե ուրախացնի ու զբաղեցնի։ Բայց ճիշտն ասած՝ չկարողացա հանգիստ անցնել տեսանյութի կողքով և սկսեցի փնտրել ամբողջական հարցազրույցը և այլ նյութեր ևս։ Մտածում էի՝ տեսնես՝ ինչի մասնագետ կլինի այս կերպարը, որ Դանիել Վարուժան ու Վահան Տերյան դպրոցում չի սովորել, բայց հերիք չէ, որ չի սովորել, մի հատ էլ վստահ պնդում է իր չիմացածը և ընդհանրացումներ անում։ Նման մի մարդու էլ եմ ճանաչում, որն արդեն 6 տարի է՝ ինչ ուզում, պնդում է, ու այդ պնդումների վերջը կարծես թե չի երևում։

Մի քիչ փնտրելուց հետո պարզվեց, որ գործ ունեմ մերօրյա ծագող աստղերից մեկի հետ՝ Հայկ Սուքիասյան, որ համ քաղաքագետ է ու դասախոս, համ ամբիոնի վարիչ ու նիկոլական, համ կուսակցական է ու Լևոն Շիրինյանի կուսակցության փոխնախագահ։ Բայց սա դեռ ամենը չէ․ պարզվում է՝ նա նիկոլական եթերի ու մամուլի անփոխարինելի աստղն է։ Բայց դե հանուն ճշմարտության պետք է նշել՝ այն, ու Հայաստանում ամենից՝ մեղմ ասած խնդրահարույց դեմքերն են զբաղվում քաղաքականությամբ, նորություն չէ, բայց մյուս կողմից էլ՝ ախր ոնց կարող է գիտնականը նման ձևակերպումներ անել․ թե բա՝ հայ գրականության մեջ դաշտերի մասին ոչինչ չկա գրված։

Հետո գտա Հայկ Սուքիասյանի տիտղոսներն ու պաշտոնները, որոնք ավելի հետաքրքրացրին նրա անձը՝ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հասարակագիտության ամբիոնի վարիչ, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դասախոս, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի քաղաքագիտության բաժնի ավագ գիտաշխատող։

Այս բացահայտումներից հետո որոշեցի կարդալ Հայկ Սուքիասյանի գիտական աշխատանքները, որովհետև որպես հումանիտար գիտություններով հետաքրքրված մարդ՝ անչափ հետաքրքիր է կարդալ նիկոլական գիտնականի ու քաղաքական գործչի մտքի արգասիքը։

Եվ այսպես, անցնենք քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Սուքիասյանի գիտական հրապարակումների մակերեսային ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը։

Ըստ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կայքէջի Հայկ Սուքիասյանը միանձնյա հեղինակ է ընդամենը մեկ մենագրության՝ «Տեղեկատվական հասարակություն․ սոցիալ-քաղաքական հիմնախնդիրներ» վերնագրով, 264 էջ ծավալով, հրապարակված 2009թ․, ճիշտ նույն տարում, երբ նա պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը՝ «Տեղեկատվական հասարակության սոցիալ-քաղաքական հիմնախնդիրները» թեմայով։ Համացանցում չգտնելով Սուքիասյանի ո՛չ թեկնածուական ատենախոսությունը, ո՛չ էլ մենագրությունը և դատելով այս երկու աշխատանքների վերնագրերի խիստ նմանությունից ու նույն տարում կատարվելու հանգամանքից՝ այս պահին ենթադրում եմ, որ ամբիոնի վարիչ, դոցենտ, գիտաշխատող Սուքիասյանի միանձնյա մենագրությունը թեկնածուական ատենախոսության հրատարակումն է ընդամենը։

Հայկ Սուքիասյանի մյուս բոլոր վեց հրապարակումները համահեղինակությամբ են։ Այսպես, նա համահեղինակ է մեկ ուսումնամեթոդական ձեռնարկի, 4 կոլեկտիվ մենագրության և մեկ հոդվածի։ Բոլոր աշխատանքներում տեսնում ենք նույն համահեղինակներին՝ Լևոն Շիրինյան և Էմիլ Օրդուխանյան։ Լևոն Շիրինյանը Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահն է (որի փոխնախագահն է ինքը՝ Հայկ Սուքիասյանը), Էմիլ Օրդուխանյանն էլ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենն է։

Դատելով 5 կոլեկտիվ մենագրությունների բովանդակությունների միջև եղած մեծ տարբերություններից՝ խիստ լավատես լինելու պարագայում կարելի է ենթադրել, որ դրանց համահեղինակ Հայկ Սուքիասյանի մասնագիտական դիտույթը չափազանց լայն է՝ կոնսոցիատիվ ժողովրդավարությունից մինչև Հայոց ցեղասպանություն։ Եվ այսպես, 2012-2020թթ․ Հայկ Սուքիասյանը համահեղինակ է դարձել 4 կոլեկտիվ մենագրության․ 1/ Քաղաքական մշակույթի առանձնահատկությունները Հայաստանում, 2/ Հայոց Ցեղասպանության երկրաքաղաքական համատեքստը և Հայկական հարցի էվոլյուցիան, 3/ Հարավային Կովկասը կոնսոցիատիվ ժողովրդավարության համատեքստում, 4/ Հայաստանի քաղաքական զարգացման արդի հիմնախնդիրներ․ տեսական և մեթոդաբանական հարցեր։

Նշված մենագրություններում հատկապես Հայկ Սուքիասյանի բաժինները, մեղմ ասած, չեն փայլում իրենց գիտականությամբ։ Առավելապես ծանոթագրական, հանրագիտարանային ոճի շարադրանքի մեջ վերլուծության, փաստարկման տարրեր նկատելի չեն։ Առավել ուշագրավ է վերջին կոլեկտիվ մենագրության («Հայաստանի քաղաքական զարգացման արդի հիմնախնդիրներ․ տեսական և մեթոդաբանական հարցեր») մեջ Հայկ Սուքիասյանի բաժինը։

Նախ՝ մենագրության կառուցվածքը ոչ միայն հեռու է գիտականությունից, այլև նույնիսկ հասարակ տրամաբանությունից։ Յուրաքանչյուր գիտական աշխատանքի, առավել ևս գիտական մենագրության (որը, նամանավանդ, հրատարակության է երաշխավորվել ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ) կառուցվածքը (գլուխներ, ենթավերնագրեր) պետք է բխի աշխատանքի վերնագրից։ Այլ կերպ ասած՝ աշխատանքի վերնագիրը պետք է արտահայտի գիտական, հետազոտական որևէ նշանակալի պրոբլեմ, իսկ աշխատանքի մասերը, նրանցում առկա փաստարկումներով, վերլուծությամբ, համադրությամբ, պետք է առաջադրված խնդրի լուծումը ցույց տան կամ հիմնավորեն բարձրացված խնդրի արդիականությունը։ Եթե այս տեսանկյունից մոտենում ենք նշված աշխատանքին (վերնագիրը՝ «Հայաստանի քաղաքական զարգացման արդի հիմնախնդիրներ․ տեսական և մեթոդաբանական հարցեր»), ապա ծիծաղ կամ առնվազն տարակուսանք են հարուցում այդ աշխատանքի գլուխների վերնագրերը։ Այսպես, աշխատանքի առաջին մասը վերնագրված է որպես «Արարչագործության ֆենոմենը Հայաստանի քաղաքական զարգացման հեռանկարում», երկրորդ մասը՝ «Հայաստանը մեծ տերությունների ուժերի ռազմավարական հաշվեկշռում», որտեղ Հայաստանի քաղաքական զարգացման թեմայի նշույլն անգամ չկա, քանի որ քննարկվում է մեզնից 100-150 տարի առաջվա պատմական ընթացքը՝ ներկայի հետ կամրջման առանց որևէ փորձի, երրորդ մասը վերնագրված է «Հետխորհրդային քաղաքական գործընթացների փոխակերպում», որտեղ միաժամանակ արծարծվում է հետխորհրդային ինտեգրման ու արտաքին քաղաքական վեկտորների թեման ՀՀ-ում խորհրդարանական կառավարման անցման թեմայի հետ միասին, կրկին առանց կապ ցույց տալու, և վերջապես, չորրորդ մասը, որի հեղինակն է Հայկ Սուքիասյանը, վերնագրված է «Էլիտա․ ներքին և արտաքին չափումներ»։

Այժմ ընթերցողին, ով կարդում է գիտական աշխատանքներ կամ ունի գիտական աշխատանքներ գրելու փորձ, խնդրում եմ մտովի պատկերացնել նշված մենագրության վերնագիրն ու դրա ենթավերնագրերը։ Այս աջապսանդալի ողջ համուհոտը, սակայն, հենց վերջին մասի բովանդակությունն է։

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի կողմից հրատարակության երաշխավորված գիտական այս «կոթողի» վերջին գլուխը սկսվում է հետևյալ նախադասությամբ․ «Էլիտա – ամենաբարդ և դժվար ստեղծվող բանը ժողովուրդների կյանքում»։ «Կարելի է անընդհատ ստեղծել և ունենալ իշխանություն, տարբեր տեսակի վերնախավ, իսկ այ էլիտա՝ դժվար բան է»․ սա էլ երկրորդ նախադասությունն է։ Հայկ Սուքիասյանին ո՛չ բուհում, ո՛չ ԳԱԱ-ում չեն սովորեցրել, որ եթե գրում ես կոլեկտիվ մենագրություն, ապա գրածդ պետք է գիտական պրոբլեմ արտահայտի, պետք է շարադրանքիդ սկզբում ներկայացնես այդ պրոբլեմը, հիմնավորես դրա առկայությունը, ցույց տաս մեթոդական այն գործիքները, որոնք կիրառում ես գիտական աշխատանքն անելիս և այլն, և այլն։ Կոլեկտիվ մենագրությունը կանոններ ունի, գիտականություն սահմանող կանոններ, այն չպետք է մտքերի կույտ հիշեցնի, ինչպիսին որ այս աշխատանքի հատկապես այս բաժինն է։ Առանձին հատվածներ հրապարակախոսական էսսե են հիշեցնում․ էջ 92, օրինակ․

«Վերնախավը մարդիկ են, ովքեր այս կամ այն ճանապարհով հասնում են իշխանության կամ գտնվում են սոցիալական հիերարխիայի վերին շերտում։ Բայց արդյո՞ք դա էլիտա է՝ ընտրախավ, արդյո՞ք դա հասարակության ընտիր, լավագույն հատվածն է։ Արդյո՞ք կոռումպացված, ցածր մշակութային ճաշակով, կողոպուտով զբաղվող, ընտրություն կեղծող դասը կարող է համարվել էլիտա՝ ընտրախավ։ Իհարկե՝ ոչ։ Մեր ունեցածը՝ այն ինչ մենք կարողացել ենք արտադրել, ստացվել է վերնախավ։ 2018թ․ հեղափոխությունը, որը ժողովրդական համազգային ընդվզում էր, ստեղծել էր հնարավորություններ իսկական ընտրախավ ստեղծելու․․․»։

Նման ձևակերպումներ կարելի է անել թերթային հոդվածի, լավագույն դեպքում՝ հրապարակախոսական էսսեի շրջանակում, բայց գիտական աշխատանքում անթույլատրելի է նման բաներ գրելը։

93-րդ էջում հեղինակը շարունակում է բարձրաձայն մտորել գիտական մենագրության մեջ․ «Դուք կարող եք ասել, որ սա արդար չէ։ Ինչու՞ պետք է հասարակությունը բաժանվի էլիտար և ոչ էլիտար հատվածների, ինչո՞ւ ինչ-որ մեկը պետք է լինի էլիտա, իսկ մեկ ուրիշը՝ ոչ։ Եվ մի գուցե դուք կլինեք ճիշտ։ Դուք մի գուցե լինեք շատ կազմակերպված, անընդհատ ձգտեք այդ ակումբ ներգրավվելու համար, բայց այդպես էլ երբեք չհայտնվեք այնտեղ․․․» («միգուցե» բառը «մի գուցե» ձևով գրելը քերականական միակ սխալը չէ, ի դեպ, ուղղագրական, ուղղախոսական, շարադասական, շարվածքային սխալները բազմաթիվ են, որոնք, ցավոք չեն նկատվել գրքի խմբագրի, կամ «Լիմուշ» հրատարակության սրբագրիչի կողմից)։

94-րդ էջում մեկ այլ «հանճարեղ», «գիտական» միտք է տեղ գտնում․ «Բայց եթե ավելի նեղ և ոչ հետխորհրդային այլանդակությունների համատեքստում դիտարկենք հարցը, ապա պետք է նշենք, որ սրանք տնտեսության ոլորտում ամենաբարձր արդյունքների և հաջողությունների հասած մարդիկ են․․․»։

Մի կողմ թողնելով արտահայտված մտքի գիտականության հանգամանքը՝ զուտ նկատենք, որ գիտական աշխատանքի շրջանակներում չի կարելի գործածել «հետխորհրդային այլանդակություն» կապակցություն։ Գիտական էթիկային հակասող հանգամանք է նաև «խելքը գլխին լիբերալներ» ձևակերպումը, էջ 106․

«Այսինքն՝ լիբերալիզմի մեջ կա երկու ուղղություն․ մեկը կարծում է, որ ամբողջ գործընթացը սկսում և ավարտվում է էլիտայի դեմոկրատական ռոտացիայի գործընթացով, դրանք, այսպես ասած, խելքը գլխին լիբերալներն են, և կան ռադիկալ լիբերալներ, որոնք լրջորեն համոզված են, որ Պարետոն սխալվում է, և որ զանգվածները կարող են ձեռք բերել որոշակի լրացուցիչ որակներ, որոնք կարող են զանգվածներին վերածել էլիտաների․․․»։

Այսպիսի աշխատանք ընթերցելիս երբեմն ցանկություն է առաջանում առաջարկել, որ խմբագիրներին վարձատրության հետ մեկտեղ նաև անվճար կաթ տրամադրեն՝ ընթերցողի առողջության կորուստը փոխհատուցելու համար, կամ առաջարկել, որ գիտական աշխատանքը հրատարակության վերցնելիս անպայման սթափության թեստ պահանջեն։ Հավատացե՛ք, չի կարող գիտնականը, ում անգլերենի իմացությունը գնահատված է բավարար, անգլերենով կարդա Ջեյմս Ռոզենոյի աշխատությունը և դրան հղում անի՝ “Turbulence in World Politics“ կապակցությունը (Ռոզենոյի աշխատության վերնագիրն է) թարգմանելով «Միջազգային հարաբերությունների ալեկոծում»։

103-112 էջերում հեղինակը մի աննախադեպ գիտական ձեռնարկում է անում․ մեջբերում եմ․ «Քննարկենք էլիտայի և զանգվածի այս խնդիրը միջազգային հարաբերությունների տարբեր պարադիգմների տեսանկյունից»։ Կոչ ենք անում միջազգային հարաբերությունների տեսությամբ զբաղվող մասնագետներին լուրջ ուշադրության արժանացնել գիտական այս խրոխտ ձեռնարկումը՝ քննարկել էլիտայի և զանգվածի այս խնդիրը միջազգային հարաբերությունների տարբեր պարադիգմների տեսանկյունից, եթե, իհարկե, հասկանալի է, թե ի՞նչ է «այս խնդիրը» և թե ի՞նչ կապ ունի այն միջազգային հարաբերությունների տեսությունների հետ։ Թող փորձեն մասնագետները հասկանալ՝ ինչ ասել է, օրինակ, «ռեալիստները պնդում են, որ էլիտայի և զանգվածի հարցը պետք է քննարկել ազգայինի համատեքստում»։ Թող փորձեն հասկանալ, թե ռեալիստները, ովքեր իրականում ընդամենը գիտական ուղղության, տրադիցիայի ներկայացուցիչներ են, ըստ հեղինակի ինչպե՞ս են «հարաբերություններ հաստատում և՛ էլիտաների հետ, այսինքն՝ խոսքը պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների մասին է, և՛ կոնտրէլիտայի հետ, կախված ազգային շահերից» (էջ 104)։ Թող մասնագետները մեկնաբանեն, թե ինչպե՞ս կարող է ամբիոնի վարիչ Հայկ Սուքիասյանը երկու էջ գրի այն մասին, թե միջազգային հարաբերությունների տեսության ռեալիզմի դպրոցի ներկայացուցիչները ի՛նչ շեշտադրումներ են անում էլիտայի և զանգվածի միջև հարաբերությունների մասին, բայց ոչ մի հղում չդնի, որ հասկանալի լինի, թե ովքեր են այդ հանճարեղ մտքերի հեղինակները։ Բայց առավել կարևոր է, որ մասնագետները փորձեն բացատրել, ի վերջո ինչու՞ է մարդը էլիտա-զանգված «այս խնդիրը» քննարկում միջազգային հարաբերությունների տեսությունների համատեքստում, այս ձեռնարկումը ի՞նչ է ընթերցողին տալու ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական խորհրդի կողմից երաշխավորված կոլեկտիվ գիտական մենագրության վերջին բաժնի գիտական պրոբլեմը հասկանալու հարցում, պրոբլեմ, որ արտահայտված է «Էլիտա․ ներքին և արտաքին չափումներ» կապակցությամբ։

Անհեթեթությունների այս շարքը վերջ չունի, իսկ ընթերցողն էլ ի վերջո չի կարողանում մտքերի ու բառերի այս կույտից ինչ-որ միտք, գիտական վերջնարդյունք դուրս բերել, նամանավանդ, որ եզրակացություն չկա, ամենահասարակ պահանջը, որ վերաբերում է ցանկացած գիտական աշխատության։ Ի վերջո հասկանալի չի դառնում, թե «Էլիտա․ ներքին և արտաքին չափումներ» վերնագրված աշխատանքը «Հայաստանի քաղաքական զարգացման արդի հիմնախնդիրներ․ տեսական և մեթոդաբանական հարցեր» թեմայի մեջ ինչպե՞ս է տեղավորվում, ո՞րն է Հայաստանին վերաբերողն այս աշխատանքի մեջ, այն, որ երբեմն-երբեմն քաղաքական ելույթ հիշեցնող տողե՞ր կան այստեղ, ո՞րն է ներքին չափումը, ո՞րն է արտաքին չափումը։

Կարճ ասած՝ Հայկ Սուքիասյանի քաղաքագիտական ժառանգությունն ուսումնասիրելուց հետո հասկացա, որ թեև նա, դեմքի վստահ ու ինքնագոհ արտահայտությամբ, չափազանց խոցելի մտքեր է արտահայտում, բայց քաղաքագիտական վերլուծությունների ու տեքստերի համեմատությամբ՝ «դաշտերի մասին հայ գրականություն չկա» պնդումն ուղղակի գիտական գյուտ է, և ճիշտ կլինի, որ նրան այսուհետ համարենք նաև գրականագետ։


Գևորգ Էմին-Տերյան