Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:45 19-01-2026

Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում կկայանա, Սիմոնյանը լավատես է, Ադրբեջանով հեղուկ գազ կգա․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 19-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։ Այս մասին 24News-ին հայտնել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Եպիսկոպոսաց ժողովը նախատեսվում է կազմակերպել Հայաստանից դուրս։ «Հարկ է ընդգծել, որ Հայ Առաքելական Եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և Գերագույն հոգևոր խորհրդի գումարման պարագային։ Ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին», - նշել է Տեր Եսային։

Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձևավորված «Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» անվամբ։ Էլեկտրոնային ռեգիստրի տեղեկատվության համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը գրանցել են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը։ Նրանք «Մեր ձևով» շարժման անդամներն են։ Կուսակցությունը ստեղծվել էր դեռ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 8-ին, և կոչվում էր «Հայամետ», այնուհետև 2026-ի հունվարի 16-ին անվանափոխվել է «Ուժեղ Հայաստան»-ի։ Կուսակցությունը գրանցված է «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում՝ Տերյան 69 հասցեում։ «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ «Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի»։ Նրա խոսքով՝ այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի և քաղաքական ակտիվ գործընթացներում ներգրավվելու միջոցով։ «Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են։ Առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով և կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը»,- ասել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակը։

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ վարկանիշը կայուն բան չի կարող լինել, և աշխարհում դրա օրինակը չկա: Այս մասին Սիմոնյանն ասել է լրագրողների հետ զրույցում՝ ընդգծելով՝ իրենց աշխատանքի տրամաբանությունը դրել են այսպես, որ սկսում են 0%-ից, զրոյից սկսում են քարոզարշավ անել, առաջ գնալ: «Ակնհայտ է, որ մասնավորապես օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթղթից, դրան հաջորդած իրադարձություններից հետո, մենք անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունենք, թեպետ ես կարծում եմ՝ դրանից առաջ էլ չունեինք: Մեր համար շատ կարևոր է սահմանադրական մեծամասնություն ձևավորելը, և մենք գնում ենք այդ ուղղությամբ»,-նշել է նա։ Ալեն Սիմոնյանը լավատեսորեն ենթադրել է նաև, որ իրենք առաջիկա ընտրություններում ավելի շատ ձայն և ավելի շատ տոկոսային ներկայացվածություն են ունենալու, քան 54%-ը, որը ունեցել էին 2021 թվականին։ Հարցին՝ Սիմոնյանը ՔՊ-ի վարկանիշն ավելի բարձր է գնահատում հիմա, քան 2021 թվականի ընտրությունների՞ն, նա պատասխանել է՝ համեմատելի չեն, քանի որ 2021 թվականի ընտրությունները վարկանիշային չէր, այլ հայ ժողովրդի պատասխանը՝ տարբեր միջազգային կենտրոններին:

Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կալանքով։ Այսօր նման որոշում կայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ Հարություն Պետրոսյանի նախագահությամբ։ Երևանի քրեական դատարանը հոկտեմբերի 23-ին Համբարձումյանի վերաբերյալ դատավճիռ էր կայացրել` դատապարտելով 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, վերացրել էր գրավը և որպես խափանման միջոց կիրառել կալանքը։ Այսօր վերաքննիչ դատարանը քննում էր առաջին ատյանի կայացրած ակտի դեմ նրա պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը: Դատարանը մասնակի բավարարեց Համբարձումյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ նրա նկատմամբ կիրառելով տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։ Դատարանի դահլիճում ներկաները ծափերով ողջունեցին որոշումը։ Տնային կալանքի պայմաններում Դավիթ Համբարձումյանին արգելված են տեսակցություններն ու այցերը` բացառությամբ ընտանիքի անդամների և պաշտպանների։ Գործի քննությունը կշարունակվի փետրվարի 5-ին՝ 14։00-ին։ Դավիթ Համբարձումյանը հոկտեմբերի 23-ին ազատազրկման դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու և ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով։ Որոշման հրապարակման պահին Համբարձումյանն արտերկրում էր, սակայն հայտարարեց, որ փախչելու մտադրություն չունի ու արդեն օրեր անց վերադարձավ և հենց օդանավակայանում կալանավորվեց։

Մանրամասները՝ տեսանյութում: