Երեկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հերթական անգամ անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին, ինչպես նաև հունիսի սկզբին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Ֆիդանը պնդել է, որ միջանցքի ծրագիրը կյանքի է կոչվում այնպես, ինչպես դա ցանկանում է Ադրբեջանը։ Թուրք պաշտոնյան ծրագրին անդրադարձել է նաև ավելի լայն ռազմավարական համատեքստում, ընդգծել դրա կարևորությունը Թուրքիայի համար։
«Սա կարևոր է տարածաշրջանային համատեքստում, մասնավորապես՝ ցամաքային ուղիով Նախիջևանի միավորումը Ադրբեջանին։ Իհարկե, նաև Միջին միջանցքը, որը թույլ է տալիս այս երթուղով ուղղակի կապ հաստատել թյուրքական աշխարհի հետ և հասնել Կենտրոնական Ասիա․ սրանք բոլորն էլ շահութաբեր ուղղություններ են։ Այս առումով ակտիվ աշխատանք է իրականացվում։
Երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ԱՄՆ-ում էր, հրապարակվեց մի փաստաթուղթ, որը նրանք անվանում են TRIPP, իսկ մենք՝ «Զանգեզուրի միջանցք»։ Այն վերաբերում էր նրան, թե ինչպես ենք այն իրագործելու։ Այժմ դրա հետ կապված կան որոշ տեխնիկական հարցեր։ Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք այդ փաստաթուղթը»,- ասել է Ֆիդանը։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին՝ այս հարցում կարևորելով հատկապես երեք երկրների քաղաքական առաջնորդների ցուցաբերած քաղաքական կամքը։
Անդրադառնալով Հայաստանում կայանալիք ընտրություններին՝ Ֆիդանը մասնավորապես նշել է. «2026–ի հունիսին Հայաստանում ընտրություններ են լինելու, որոնք այս գործընթացի մի կարևոր հատվածն են լինելու։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ սոցհարցումներով Փաշինյանն առաջատար է։ Այս հարցում աջակցում ենք նրա կառուցողական դերակատարությանը։ Անհրաժեշտ է, որ այդ գիծը, այս կամքը շարունակվի»։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը նկատում է, որ Թուրքիան միայն հայտարարություններով կարող է Փաշինյանին աջակցել՝ չբացառելով, որ այդ հայտարարությունները կարող են հակառակ ազդեցություն ունենալ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ֆիդանի հայտարարությունները Հայաստանի ներքին գործերին միջամտություն չեն համարվում, ինչպես նաև դրանք բացահայտ աջակցություն չեն Նիկոլ Փաշինյանին։ Վարդանյանն ընդգծում է՝ Թուրքիան տեսնում է Փաշինյանի քաղաքական կուրսի շարունակականությունը, իսկ ընդդիմության հնարավոր հաղթանակի դեպքում հարաբերությունների ապագան անորոշ է:
Նա նշեց նաև, որ Ֆիդանի կողմից հիշատակված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ն առավելապես քարոզչական ենթատեքստ ունի, քանի որ այն չի լինելու այն միջանքը, որը տարիներ շարունակ ցանկանում էին Թուրքիան և Ադրբեջանը։
Արմեն Վարդանյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Հայաստանը լիարժեք վերահսկելու է իր տարածքով անցնող ճանապարհները, կարող է ստուգել բեռնատարները, տրամադրել մուտքի և ելքի թույլտվություններ, ինչպես դա տեղի է ունենում ինքնիշխան պետություններում։ Նա շեշտում է, որ ներկայիս կարգավորումը թույլ է տալիս, որ Ադրբեջանն ու Թուրքիան կապվեն իր համար անհրաժեշտ ուղղություններով, սակայն դա այլևս չի համապատասխանում նրանց նախնական մտադրություններին:
Արմեն Վարդանյանը հավելում է՝ նախկինում Ադրբեջանը հայտարարում էր, որ Հայաստանի հետ բանակցելու ոչինչ չունի, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։
Մանրամասները՝ տեսանյութում:
Մերի Հակոբյան
Oragir.News