Oragir.News-ը ներկայացնում է հունվարի 13-ի միջազգային լրահոսը:
Գրենլանդիան չի դառնա Միացյալ Նահանգների մաս, չի պատկանի ԱՄՆ-ին և չի կառավարվի Վաշինգտոնի կողմից։
Այս մասին հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
Նա նշել է՝ եթե կղզին ընտրության առաջ կանգնի Միացյալ Նահանգների և Դանիայի միջև, ապա կընտրի թագավորությունը։
Իրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության աշխատակիցներ, հաղորդել է «Reuters»-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյայի:
Reuters-ի տվյալներով՝ իրանցի պաշտոնյան ասել է, որ ինչպես ցուցարարների, այնպես էլ անվտանգության աշխատակիցների մահվան հետևում կանգնած են այն մարդիկ, որոնց նա անվանել է ահաբեկիչներ: Պաշտոնյան չի մանրամասնել, թե ովքեր են զոհվել:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանում ցույցերը սկզբից խաղաղ էին, սակայն հետո ներգրավվել են ահաբեկչական խմբեր: նրա խոսքով՝ կան ձայնագրություններ, որոնցում ահաբեկիչները ասում են, որ կարող են կրակել ցանկացածին՝ զոհերի թիվը մեծացնելու նպատակով, քանի որ Թրամփը հայտարարել էր, որ կմիջամտի եթե զոհերի թիվը շատանա:
«Սկսած այս պահից՝ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բոլոր գործարքների համար», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը, այլ տարբերակների շարքում, քննարկում է Իրանի նկատմամբ ուժային մոտեցումները, բայց նախընտրում է դիվանագիտական լուծումը։ Լևիթը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը չի վախենում ռազմական տարբերակներ կիրառել, եթե դա անհրաժեշտ համարի, և Իրանը դա բոլորից լավ գիտի։
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը երկուշաբթի օրը հայտարարել է, որ անվտանգությունը, թմրանյութերի վերահսկողությունը և առևտուրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հեռախոսազրույցի թեմաներն էին։
«Մենք շատ լավ զրույց ունեցանք ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։ Մենք քննարկեցինք մի շարք թեմաներ, այդ թվում՝ անվտանգության ապահովումը՝ առանց ինքնիշխանության խախտման, և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարը։ Մենք նաև անդրադարձանք առևտրին և ներդրումներին», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Շեյնբաումն ասել է, որ «համագործակցությունը և փոխադարձ հարգանքը միշտ լավ արդյունքներ են տալիս»։
Մանրամասները՝ տեսանյութում: