Արտաքին 6 ամիս առաջ - 19:54 09-01-2026

Իրանում ցույցերի ճնշմանը ներգրավված է նաև ԻՀՊԿ-ն. երեկ ստորաբաժանման 2 զինծառայող է զոհվել

Իրանում իրադրության մասին՝ մի քանի կետերով

1. Իրանում իրավիճակը նոր մակարդակի է անցել։ Երեկվա ցույցերն իրենց ուժգնությամբ գերազանցել են նաև 2022թ. ցույցերի պիկը, իսկ դրանք ամենահուժկու ցույցերն էին վերջին տարիներին: Երեկ ցույցերը եղել են երկրի գրեթե բոլոր նահանգներում:

Իրանում իրոք կա դժգոհություն: Այդ դժգոհությունը տարիներ շարունակ կուտակվել ու աճել է։ Արդյունքում հանրության զգալի հատված բոլոր տեսակի խնդիրների վերացումը տեսնում է իշխող համակարգի հեռացման մեջ։ Դրա պատճառով էլ տնտեսական շարժառիթով սկսված բողոքը արագ վերածվում է քաղաքականի։

2․ Ցույցերի մեկնարկից ի վեր Իրանի իշխանություններն ունեցել են մեղմ հռետորաբանություն (բայց վերջին օրերին որոշ ինստիտուտների մոտ որոշակիորեն փոխվել էր)։ Հատկապես տարբերվել է կառավարության հռետորաբանությունը, որը պարբերաբար նշել է երկխոսության ու ուժային միջոցներից հնարավորինս խուսափելու մասին։

Այս մեղմ մոտեցմամբ՝ կառավարությունը փորձում էր ավելի չբորբոքել դժգոհությունը ու նաև հետագայի համար երկխոսելու հնարավորություն ստեղծել, բայց դա հանրային տրամադրությունների վրա ոչ մի ազդեցություն չի ունեցել: (Կառավարության մասին դեռ առանձին կգրեմ):

Իմ տպավորությամբ՝ ուժային կառույցներն էլ, որ ենթարկվում են երկրի
գերագույն առաջնորդին, ի սկզբանե ցույցերը չեն ճնշել այնքան բիրտ, որքան նախորդ տարիների ակցիաները: Չի բացառվում, որ Թրամփի սպառնալիքներն էլ են ազդեցություն ունեցել։

3․ Բայց հունվարի 7-8-ին իրավիճակն ավելի բարդ կառավարելի է դարձրել, և իշխանությունները հավանաբար սաստկացնելու են ճնշումը՝ ներգրավելով հավելյալ ուժեր: Սա են վկայում նաև այսօրվա հայտարարությունները:

Որպես պատճառ / պատրվակ կարող են դիտվել նաև անջատողական խմբերը, ինչպես օրինակ քրդաբնակ շրջանների զինված, ծայրահեղական խմբավորումները։ Երեկ երեկոյան հաղորդվել է Քերմանշահում «անջատողականների դեմ պայքարում» ԻՀՊԿ 2 զինծառայողի զոհվելու մասին:

Սա նշանակում է, որ ցույցերի ճնշմանը ներգրավված է նաև հենց ԻՀՊԿ-ն, որն իսլամական պետական համակարգի պաշտպանության համար է ստեղծվել:

ԻՀՊԿ ներգրավման պայմաններում ուժայինների ռեսուրսի խնդիր Իրանի իշխանությունները չունեն (դեռ բանակ էլ կա): Բայց եթե հունվարի 8-ի ցույցերի ուժգնությունը շարունակվի կամ ավելանա, ապա հարց է առաջանում, թե որքան կդիմանան ուժայինները։

4. Նախկին ցույցերի նման, սրանք էլ չեն ունեցել հստակ առաջնորդություն։ Բայց հիմա նման դեր է փորձում ստանձնել վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին։ Նա նախկինում էլ է ակտիվ եղել, բայց հիմա առանձնահատուկ ջանքեր է գործադրում։

Հունվարի 8-9-ին նա ցույցերի դուրս գալու կոչ էր արել։ Ու անկախ նրանից՝ նրա կոչին արձագանքելով են փողոց դուրս եկել, թե ոչ, հունվարի 8-ի ակցիան արդեն նրան է վերագրվում (հունվարի 9-ին դեռ պարզ չէ, թե ինչ է կատարվում / կատարվելու): Քարոզչական տիրույթում սա նաև օրակարգ է ձևակերպում՝ «մարդիկ շահի վերադարձն են պահանջում»։

Փահլավիից բացի, առաջնորդի այլ «հարմար թեկնածու» չկա էլ։ Բայց նրա հանդեպ մոտեցումն էլ միանշանակ չէ։ Երեկ թյուրքախոս նահանգներում, օրինակ, նաև հակաշահական կոչեր են եղել։

5. Եթե Իրանի իշխանություններին հաջողվի հանդարտեցնել այս ցույցերը, դրանից հետո, միևնույնն է, խորքային փոփոխություններ են անհրաժեշտ լինելու։ Եթե դրանք չեղան (ինչպես չեղան 2022-ի ցույցերից հետո), թեթև կայծից Իրանում նորից ցույցեր են լինելու՝ հավանաբար ավելի կազմակերպված ու ուժգին։

Սրան պետք է գումարել նաև արտաքին միջամտության վտանգը։
Ու խոսքը հռետորաբանական, քարոզչական կամ գործակալական միջամտության մասին չէ․ դրանք արդեն իսկ կան:

Աղբյուրը՝ «Իրանն այսօր» տելեգրամյան ալիք

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ