ՔՊ-ի ժամանակից շուտ մենարկած քարոզարշավը ճգնաժամի առաջ է։ «Կրթվելը նորաձև է» շարժման կազմակերպիչները հույս ունեին, որ հանդիպումները օրեցօր ավելի մարդաշատ կդառնան։ Սակայն մասնակիցները չեն շատանում։ Մեծ ջանք է պահանջվում դահլիճը լցնելու համար։ Զոռով բերվածները կոճղի նման անշարժ, անձայն նստում, ծափ են տալիս։ Հանդիպումները դառնում են տաղտկալի։ Այս իրավիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմում է ժողովրդի այն հատվածին, որը նրան ակնհայտ չի սիրում։
«Սիրելի հայրենակիցներ, «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում իմ «Իմանալ ինչպես» եւ «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» բանախոսությունների շարքում ես անդրադառնում եւ պատասխանում եմ բոլոր հնարավոր հարցերին, սկսած նրանից, թե արդյոք լիզում եմ թուրքի կոշիկները, շարունակած նրանով, թե արդյոք վաճառել եմ Ղարաբաղը, արդյոք ուրանում եմ մեր պատմությունը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությո՞ւն եմ ստացել արդյոք Ձեզ հայտնի կենտրոններից, կամ պարզապես առանց որեւէ մեկի հանձնարարության ուրանում ու նենգափոխու՞մ եմ մեր ինքնությունը։ Եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Համացանցում նման հարցադրումներ անող եւ նման համոզմունք հայտնող բոլոր օգտատերերին հրավիրում եմ մասնակցելու «Կրթվելը նորաձեւ է» շարժման հանդիպումներին։ Գրանցվեք, մասնակցեք։ Համոզված եմ, Դուք կստանաք Ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Հարգանքներիս հավաստիքը եւ մինչ հանդիպում»,- իր էջում գրել է Փաշինյանը։
Ովքե՞ր կարձագանքեն ՔՊ առաջնորդի հրավերին։
Ներկայումս խորհրդարանական ընդդիմությունը Փաշինյանին հարցեր ուղղելու հնարավորություն ունի ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի օրերին։ Քաղաքական համայնքի մյուս միավորները այդպիսի շանս չունեն։ Փաշինյանի այս հրավերն իրական նվեր է նրանց համար։ Շատերն էին նրա հետ բանավիճելու առիթ փնտրում։ Սակայն նրանց, հավանաբար, հետաքրքրում է, որ բանավեճը կամ հարցուպատասխանը հրապարակային լինի, եթե ուղիղ չհեռարձակվի, ապա գոնե տեսանկարահանվի ու հրապարակվի։ Եթե մարդու տված հարցն ու քաղաքական առաջնորդի պատասխանը ժողովուրդը չի լսելու, ապա այն հանրային բանավեճ չէ, թաքուն, գաղտնի, ժողովրդի թիկունքում ինչ-որ խոսակցություն նման մի բան է։ Բնականաբար՝ ընդդիմախոսները չեն ուզենա տպավորություն ստեղծել, թե Փաշինյանի հետ ժողովրդից թաքուն խոսակցություն են ունենում։
Հետևաբար՝ ընդդիմախոսներին «Կրթվելը նորաձև է» հանդիպումներին ներգրավելու համար առնվազն պետք է խոստանան, որ հանդիպման տեսագրությունը հրապարակվելու է։
Օրինակ՝ ԵՊՀ-ում ուսանողների հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումից հատված էր հրապարակել, որտեղ ուսանողը քննադատական շեշտադրումներով հարց է տալիս։ Այս հրապարակումը հանրային լայն արձագանք ստացավ։ Դրանից ոգևորված բազմաթիվ այլ ընդդիմախոսներ ևս, հավանաբար, կօգտվեն առիթից ու հարց կուղղեն Փաշինյանին, եթե հավաստիանան, որ իրենց հարցն ու նրա պատասխանը նույնպես հրապարակվելու են։
Ենթադրելի է, որ Փաշինյանի հրավերն առաջինը կընդունեն արցախցիները, որոնց շրջանում նա ցածր վարկանիշ ունի, գրեթե զրո։ Այս պատճառով էլ հրավերի մեջ ակնարկվում է Ղարաբաղի մասին։ Նրանք իրենց հարցերով կարող են պատռել Փաշինյանի դիմակն ու ցույց տալ, որ Փաշինյանը ադրբեջանա-թուրքական գործակալ է։ Ինքնության պահպանման ջատագովները նույնպես կարող են մասնակցել հանդիպումներին, իրենց կարևոր հարցերով շշպռել Փաշինյանին։ Հաշվի առնելով, որ առաջիկա ամիսներին ԱԺ-ն արձակուրդ է գնալու, ապա ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի կողմից ևս կարող է օգտագործվել Փաշինյանին հարցեր ուղղելու այս հարթակը։ ԵՄ անդամակցության ջատագովները նույնպես կարող են իրենց հարցերով պատռել նրա դիմակն ու ցույց տալ, որ նա ռուսական գործակալ է։ Իրավապաշտպանները նույնպես կարող են ժողովրդավարությանն առնչվող հարցեր ուղղել։ Ի վերջո՝ եկեղեցու պաշտպանության ջատագովները կարող են Փաշինյանի պորտը տեղը դնել ու վերջապես պարզել, թե էդ ո՞ւմ քեռակնոջ մասին էր նրա սկանդալային գրառումը։
Կարճ ասած՝ ընդդիմախոսները, հավանաբար, առիթից կօգտվեն՝ եթե հավաստիանան, որ նկարահանվելու է ու հրապարակվելու։ Իսկ եթե սկզբունքորեն մերժեն ու չմասնակցեն ՔՊ-ի փաստացի քարոզարշավին, ապա Փաշինյանը կարող է առանց հարցերի՝ խոսել թուրքի կոշիկները լիզելու, Ղարաբաղը վաճառելու, պատմությունն ուրանալու, ինքնությունը թրքացնելու, ժողովրդին հետաքրքրող թեմաների մասին ու հրապարակել դրանք առանձին վերնագրերով։ Գուցե դրանից հետո դահլիճը լցնելու խնդիրը կվերանա։
Թաթուլ Մկրտչյան