2012 թվականին Երևանի Ֆրունզե փողոցի 12 շենքի 6-րդ բնակարանի սեփականատեր Հենրիկ Ներսեսյանը դիմել էր դատարան ընդդեմ վերևում գտնվող 9-րդ բնակարանի սեփականատեր, ներկայումս Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի:
Նա պահանջում էր 9.000 դրամի վնասի փոխհատուցում, քանի որ Միրզոյանի բնակարանի սանհանգույցից ջուր էր թափվել իր բնակարանի առաստաղի և պատի վրա, ինչպես նաև պահանջում էր, որ պատասխանողը փոխի իր սանհանգույցի տեղը:
Դատարանը գործի շրջանակներում 2012 թվականի հունիսին շինարարատեխնիկական փորձաքննություն էր նշանակել և կասեցրել էր գործի վարույթը մինչև դրա արդյունքների ստացումը:
2014 թվականի հոկտեմբերի 14-ին Հենրիկ Ներսեսյանը դատարանին ներկայացրել է դիմում՝ հայտնելով, որ հրաժարվում է իր հայցից: Դատարանը, հաշվի առնելով այս հանգամանքը, 2014 թվականի հոկտեմբերի 17-ին որոշեց գործի վարույթը կարճել` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, ըստ որի՝ եթե հայցվորը հրաժարվում է հայցից, գործի վարույթը պետք է կարճվի:
Արդյունքում, դատարանը որոշեց դադարեցնել գործի քննությունը, իսկ դատական ծախսերը ճանաչվեցին լուծված: Վճիռը կարող էր բողոքարկվել մեկ ամսվա ընթացքում:
Այսպիսով, Արարատ Միրզոյանի տան սանհանգույցը դարձել էր գլխացավանք, բայց ամեն դեպքում քաղաքացին հրաժարվել է իր հայցից, որի հետևանքով Արարատ Միրզոյանի սանհանգույցը չի տեղաշարժվել, իսկ 9000 դրամ վնասի փոխհատուցում չի տրվել։
Հաջորդ գործը վերաբերում է վիրավորանքի և զրպարտության հիմքով հայցադիմումին, որը ներկայացրել է ինքը՝ Արարատ Միրզոյանը:
Հայցվորը՝ Արարատ Սամվելի Միրզոյանը, ներկայացրել է հայց ընդդեմ Նարեկ Բագրատի Սամսոնյանի, պահանջելով հրապարակային ներողություն, վնասի փոխհատուցում և որոշ գումարների բռնագանձում:
Դատարանը որոշել է վերադարձնել հայցադիմումը՝ գտնելով, որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին:
Դատարանը պարզել է, որ հայցադիմումը չունի հստակ ձևակերպված պահանջներ, հայցապահանջները հիմնավորող փաստեր և անհրաժեշտ մանրամասներ, ինչը խախտում է օրենսգրքով սահմանված կանոնները:
Այս հիմքով հայցադիմումը վերադարձվել է, սակայն հայցվոր կողմին տրվել է եռօրյա ժամկետ՝ թերությունները վերացնելու և կրկին հայց ներկայացնելու համար:
Այս մի գործի զավեշտն էլ այն է, որ Միրզոյանը չի կարողացել ճիշտ ներկայացնել եղելությունը ու ստիպված է եղել ուղղել իր դիմումը:
Ք. Սահակյան