Տիգրան Չուխաճյանը հայ ազգային օպերային արվեստի հիմնադիրն է։ Նրա ստեղծագործական գործունեությունը հիմք է դարձել ժամանակակից ազգային պրոֆեսիոնալ երաժշտության համար: Նրա շնորհիվ գործածության մեջ է մտել «հայ կոմպոզիտոր» հասկացությունը: Չուխաճյանին անվանել են հայկական Վերդի:
Չուխաճյանը, կոմպոզիտոր լինելուց բացի, նաև դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ էր։ Նա մշտապես պայքարել է հայ ազգային մշակույթի զարգացման համար՝ իր մասնակցությունն ունենալով հայկական ազգային երաժշտական մամուլի, երգչախմբերի, երաժշտական թատրոնների ձևավորման գործում։
Չուխաճյանը ծնվել է 1837 թ. Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում, արքունական ժամագործի ընտանիքում։ Հայրը՝ Գևորգը, արվեստի սիրահար էր, ամեն կերպ աջակցում էր տաղանդավոր որդուն ստանալ երաժշտական կրթություն, որը դեռևս վաղ տարիքից աչքի է ընկել երաժշտական ունակությամբ։ Սկսել է ստեղծագործել 16 տարեկանից. արդեն այդ տարիքում պատանի Չուխաճյանը գրավեց երաժշտական հանրության ուշադրությունն իր դաշնամուրային կատարումներով։
Չուխաճյանի մասնագիտական կրթության ձևավորմանը նպաստել է կոմպոզիտոր Գաբրիել Երանյանը: Հետագայում՝ 1861 թ., Չուխաճյանը և Երանյանը մի խումբ հայ երիտասարդների հետ Կոստանդնուպոլսում հիմնադրել են «Քնար հայկական» երաժշտական ընկերությունը, որը նպաստել է ազգային-հայրենասիրական երգերի տարածմանը և հայկական ազգային օպերայի ստեղծմանը:

Աշակերտել է պոլսաբնակ իտալացի դաշնակահար Չ. Մանձոնիին, որի խորհրդով էլ մեկնել է Իտալիա՝ կատարելագործվելու։ Այսպիսով՝ Չուխաճյանը դարձել է հայ կոմպոզիտորներից առաջիններից մեկը, որը բարձրագույն երաժշտական կրթություն ստացավ Եվրոպայում։
1861-64 թթ. Միլանում ուսումնասիրել է կոմպոզիտորական արվեստի գաղտնիքները, հաղորդակցվել է արևմտաեվրոպական երաժշտությանը, մասնավորապես՝ Ջուզեպպե Վերդիի օպերային արվեստին: Վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ զբաղվել է մանկավարժությամբ, ղեկավարել սիմֆոնիկ համերգներ:
1868 թ. Չուխաճյանն ավարտել է իր ամենանշանավոր ստեղծագործությունը՝ «Արշակ Բ» օպերան՝ սկզբնավորելով հայկական օպերային արվեստը:
Օպերայի գրական-երաժշտական ողջ հյուսվածքը պայմանավորված է ժամանակի հայ իրականությամբ և արձագանքում էր ազգային իղձերին ու նպատակներին:
Կոմպոզիտորի կենդանության օրոք օպերան ամբողջությամբ չի բեմադրվել Պոլսի «Նաում» թատրոնում թուրքական իշխանությունների ընդվզումների պատճառով. համերգային կատարմամբ հնչել են միայն նախերգանքը և առանձին հատվածներ, որը նպաստել է Չուխաճյանի ազգային-հերոսական խմբերգերի տարածմանը, ոգեշնչել հայ երիտասարդությանը: Օպերան առաջին անգամ բեմադրվել է 1945 թ. Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնում:
1870-ական թվականներին Չուխաճյանը ստիպված փոխել է իր ստեղծագործության ուղղվածությունը. գրել է երաժշտական կատակերգություններ, որտեղ, քողարկելով ազգային ու սոցիալ-քաղաքական տարրերը, առաջնային է դարձրել կենցաղային պատկերները, բեմական սուր իրավիճակները, երգիծական զավեշտը, քնարական ապրումները («Արիֆի խարդախությունը», «Քեոսե-Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»): Երեքն էլ բեմադրել են հայկական երաժշտաթատերական խմբերը (նախ՝ թուրքերեն):

Չուխաճյանը Թուրքիայում պայքարել է հայ ազգային մշակույթի պահպանման համար, ղեկավարել սիմֆոնիկ համերգներ, նաև՝ Կոստանդնուպոլսի Խասգյուղ շրջանի հայկական նվագախումբը:
1872 թվականին դարձել է հայկական երաժշտական թատրոնի հիմնադիրը: 5 տարի անց ղեկավարել է երաժշտական թատերախումբը: Հիմնադրել է «Օտտոմանյան օպերայի թատրոնը», որն ավելի ուշ վերանվանվել է «Թուրքական օպերետի հայկական թատերախումբ»: Եղել է Հակոբ Վարդովյանի «Արևելյան թատրոնի» երաժշտական ղեկավարը:
1880-ական թվականների վերջին Չուխաճյանն ավարտել է արաբական հեքիաթի հիման վրա գրած «Զեմիրե» օպերան, որը բեմադրել են Կոստանդնուպոլսի ֆրանսիական (1891 թ.) և իտալական (1894 թ.) թատերախմբերը:
Կոմպոզիտորի կյանքի վերջին տարիներն անցել են Իզմիրում (Զմյուռնիա), ուր նա տեղափոխվել էր 1896 թվականին ընտանիքով՝ խուսափելով հակահայկական բռնություններից: Այստեղ նա շարունակել է իր ակտիվ մանկավարժական և կատարողական գործունեությունը, որն ընդհատվել է ծանր հիվանդությամբ. չնայած քաղցկեղին՝ մինչև կյանքի վերջին պահը նա չի դադարել ստեղծագործել. 1897 թ. ավարտել է «Ինդիանա» օպերան, սկսել է երաժշտաթատերական նոր գործ, որն անավարտ է մնացել:
Տիգրան Չուխաճյանը վախճանվել է 1898 թ. մարտին նյութական ծանր կացության մեջ:
«Միշտ միևնույնը,- գրել է կոմպոզիտորի մահվան առթիվ Թիֆլիսի «Մշակ» թերթը,- մահ՝ աղքատության մեջ և փառավոր թաղում»:
Տիգրան Չուխաճյանի անունով Երևանում կոչվել են փողոց և երաժշտական դպրոց, որի առջև տեղադրված է նրա հուշարձանը:

Դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք նրա ստեղծագործությունները լայն տարածում են ստացել ոչ միայն Թուրքիայում, այլև դրա սահմաններից դուրս. նրա գործերը կատարվել են Իտալիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, իսկ ավելի ուշ՝ Անդրկովկասում: Մեծ համբավ է վայելել հատկապես «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետը, որը կոմպոզիտորի կենդանության օրոք բեմադրվել է Արշակ Պենկլյանի երաժշտական թատրոնում, ապա՝ Ռումինիայում, Բուլղարիայում, Եգիպտոսում, Հունաստանում, նաև Վիեննայում և Լոնդոնում:
Տ. Չուխաճյանի ստեղծագործության իսկական ժառանգորդը, սակայն, Հայաստանն է, որտեղ առաջին անգամ բեմադրվել է «Արշակ Բ» օպերան:
Երաժշտական քննադատ Ադոլֆո Տարրասոն Չուխաճյանի ստեղծագործության մասին գրել է.
«Տիգրան Չուխաճյանն առաջին երգահանն էր, որը կիրառեց եվրոպական երաժշտության տեխնիկան արևելյան երաժշտության մեջ։ Նրա խիստ յուրահատուկ մտքերը, երաժշտական լեզվի թարմությունը, փայլուն գործիքավորումը, ամեն ինչ ներծծված է Արևելքի լույսով։ Նրա հորինվածքը լի է հմայքով և իշխանությամբ, առանձնանում է համադրության և փոխլրացման կատարելությամբ»:
Տեսանյութում՝ «Արշակ Բ» օպերայի նախաբանը:
Հասմիկ Ասլանյան