Ներքին Միտք 8 ամիս առաջ - 20:55 31-12-2025

Համախմբվե՛նք համազգային գաղափարների շուրջ, մեր ողջ ներուժը սևեռենք հայրենիքի հզորացմանն ու պայծառացմանը. Գուգարաց թեմի առաջնորդ

Գուգարաց թեմի առաջնորդը ուղերձ է հղել Սուրբ ծննդյան տոնին ընդառաջ

«Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»։ Մատթէոս 1.23

Իմ շատ սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Ամենայն սիրով և ուրախությամբ` մեր ջերմ օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք հղում՝ Ձեզ Ամանորի, Մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության բերկրաշատ և սքանչելախորհուրդ տոների առթիվ և շնորհավորում ամենքիդ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Ծննդյան կենսաբեր և հոգեզվարթ ավետիսով` «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»:

Նոր տարվա շեմին ենք, լի սպասումներով ու հույսերով և իհարկե անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Հայրենիքը տակավին կանգնած է անվտանգային լուրջ մարտահրավերների առջև, Հայաստան աշխարհը ապրում է ծանրագույն ժամանակներ՝ դիմակայում է արժանապատիվ, անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների:

Արդարև, երբ խաթարվում է մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը, ներքին միասնությունը, խարխլվում են մեր ինքնության հիմնասյուները՝ առ Աստված ապավինությամբ, աղոթքով, ապաշխարելով ու զղջալով բոլոր մեղքերի ու սխալների համար՝ մեր թերացումների հետ առերեսվելով, միմյանց ներելով հանդերձ՝ միանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին Սուրբ Ծննդյան կենսաբեր լույսով, շնորհներով և հավատքով, գոտեպնդվենք, նորոգվենք ու վերափոխվենք՝ վերարժևորելով մեր կյանքն ու կենցաղը:

Պանծացնենք մեր մեջ եղած սիրո և համերաշխության շնորհները, որպեսզի իրագործենք Աստծո կամքը՝ «բարին և հաճելին և կատարյալը»:

Համախմբվե՛նք համազգային գաղափարների շուրջ, հեռու վանենք մեզանից անհուսությունն ու անտարբերությունը՝ ունենանք միմյանց նկատմամբ պատասխանատվության բարձր գիտակցություն և մեր ողջ ներուժը սևեռենք հայրենիքի հզորացմանն ու պայծառացմանը՝ կառչած մնալով մեր ազգային ինքնությանը, մեր գոյության հիմնաքարերին՝ մեր սուրբ եկեղեցուն, հայրենիքին ու մեր լեզվին:

Սիրելի՛ հավատացյալներ,

Կրկին մեր օրհնություն ու շնորհավորանքն ենք հղում բոլորիդ և մաղթում, որ Սուրբ Ծննդյան կենսատու շնորհներով ամուր մնաք լույս հավատքի, առ Աստված ապավինության մեջ, զորացնե՛ք աղոթքը ձեր ամենօրյա կյանքում և անմնացորդ նվիրումով մասնակից դառնաք մեր հայրենիքի և քրիստոնեական հավատքի հզորացման սուրբ գործին:

Աղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք:

Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ
ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ
Օրհնությամբ՝
Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Առաջնորդ Գուգարաց թեմի

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում