Երեկ Ստեփանակերտի Ս. Աստվածածին Մայր Տաճարում առաջին անգամ կատարվել է քահանայական ձեռնադրություն:
⠀
Հընթացս պատարագի՝ Արցախի թեմի առաջնորդ հայր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը քահանայության է կոչել Գոռ սարկավագ Գյուրջյանին, ով արդեն իր առաքելությունը կշարունակի Տեր Վաչագան քահանա Գյուրջյան անվամբ։
⠀
Ինչո՞վ է կարևորվում ձեռնադրության կարգը, որքանո՞վ են կարողանում Արցախի փոքրաթիվ հոգևորականներն իրականացնել իրենց առաքելությունն այս բարդ իրավիճակում։ Oragir.News-ի հարցերին ի պատասխան՝ Վրթանես սրբազանը հաղորդեց, որ այս պահին Արցախի թեմի հոգևորականները 15-ն են՝ 13 քահանա և 2 կուսակրոն․ նրանցից մեկը Գանձասարում է, մյուսը՝ Դադիվանքում։
«Իսկ ձեռնադրությունը կարևոր էր, քանի որ Ստեփանակերտում Մայր Տաճարում ձեռնադրություն չի եղել, եղել է Գանձասարում։ Քանի որ ձեռնադրվողը Արցախից է, ցանկացա, որ այստեղ կատարվի կարգը, որպեսզի իր հարազատները, բարեկամները ներկա լինեն։ Երկրորդը՝ այս օրերին նման արարողությունը՝ ձեռնադրության կարգ կատարելը, լավատեսություն պիտի ներշնչի ժողովրդին՝ ապրելու, արարելու, առ Աստված աղոթք առաքելու։ Սրա մեջ ես մեծ կարևորություն եմ տեսնում․ ինչպես քահանան, բարձրանալով սուրբ սեղան, կերպարանափոխվում է՝ հին մարդը գնում և նոր մարդն է գալիս, այնպես էլ կուզեի, որ մեր ժողովորդի հետ տեղի ունենա նման փոփոխություն, կանգնեն իրենց արմատների վրա, հուսախաբ չլինեն, չփորձեն հեռանալ Արցախից, այլ մնան ու ապրեն Արցախում, ապրեցնեն Արցախը»։
Տեր Վաչագանն ունի երեք պաշտոն՝ կշարունակի իր ծառայությունն Արցախի պաշտպանության բանակում՝ որպես գնդերեց, կլինի Արցախի թեմի Քարոզչության և քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու տնօրենը և Ստեփանակերտի Մայր Տաճարում հոգևոր հովվություն կանի։
Պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրների առաջ է թեմը, ուր փաստորեն մեկ հոգևորականը պիտի սպասավորի մոտ 8000 մարդու, իսկ դա արդյունավետ ծառայության համար ընդունված չափանիշից շուրջ երեք անգամ ավելի ծանրաբեռնվածություն է, սրբազանը նշեց․ «Հենց սկզբից էլ ես նկատի եմ ունեցել այդ խնդիրը՝ մեր հոգևորականների սակավությունը։ Փորձում ենք նրանց այնպես բաշխել, որ այդ սակավությունն ինչ-որ չափով լրացվի։ Հիմա բաշխումն իրականացրել ենք՝ ըստ գյուղերի աշխարհագրական դիրքի ու ճանապարհների վիճակի։ Որ ասեմ՝ լիարժեք ապահովել ենք մեզ մնացած այս տարածքը հոգևորականներով, դա այդպես չէ։ Բայց հոգևորականները բաշխված են մոտ 55 տոկոսով, և իրականացնում են իրենց ծառայությունը։ Մնացածի համար, անշուշտ, պետք է, որ գյուղերում էլ լինեն ծխեր, որտեղ քահանաները ծառայություն են իրականացնում»։
Մայր Աթոռին դիմե՞լ են այս հարցով՝ հարցրինք․ հայր Վրթանեսն ասաց, որ պարբերաբար դիմում են, այնտեղից էլ հոգևորականների ուղարկում են Արցախ՝ ծառայության, և նրանք այստեղ են տեղափոխվում իրենց ընտանիքներով։ Մտավախություններ ունե՞ն անվտանգության հետ կապված․ Վրթանես սրբազանի խոսքով՝ ունեն․ «Բոլորն էլ՝ քահանա թե աշխարհական, ընտանեապաշտ են, և չեն ուզում ընտանիքի անվտանգությունը հարցականի տակ դնել։ Կարծում եմ՝ բոլորն էլ այդ մտավախությունները կունենան՝ մեկը կարտահայտվի, մեկը չի արտահայտվի, բայց նաև դրա համար մենք պետք է համախմբված աշխատենք, որ իրենք էլ նվիրվեն ծառայությանն իրենց ընտանիքներով հանդերձ»,- նշեց նա։
Կարմեն Մարտիրոսյան