Ներքին 9 ամիս առաջ - 18:33 27-12-2025

Թբիլիսիի դատարանը կալանավորել Է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին

Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանքը որպես խափանման միջոց է ընտրել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայայի նկատմամբ, ով ձերբակալվել է հոկտեմբերի 4-ին նախագահական պալատի գրոհի փորձի գործով։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Ախալայան ի նշան բողոքի լքել է դահլիճը այն բանից հետո, երբ դատարանը բավարարել է նիստը դռնփակ անցկացնելու միջնորդությունը: Դատախազությունը խնդրանքը հիմնավորել է Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) այն աշխատակիցների պաշտպանությամբ, ովքեր գործով անցնում են որպես վկաներ:

Մինչ այդ դահլիճից հեռացրել են նախկին նախարարի կնոջը՝ Անի Նադարեիշվիլիին: Դատավորը պարզաբանել է, որ դեռ որոշված չէ, թե արդյոք նա գործով կունենա մեղադրյալի կարգավիճակ:

Ըստ քննության վարկածի՝ Ախալայան կանգնած է «Վրաստանի սահմանադրական կարգը և պետական իշխանությունը բռնությամբ տապալելու կոչերի, ինչպես նաև ռազմավարական և առանձնահատուկ կարևորության օբյեկտը զավթելու փորձի» հետևում: Պետական անվտանգության ծառայությունը պնդում է, որ հոկտեմբերի 4-ի ակցիայի կազմկոմիտեի անդամները գործել են նրա հանձնարարականներով: Եվ չնայած Ախալայան ներկա չի եղել հանրահավաքին, ենթադրվում է, որ նա հրահանգներ է տվել «տեխնիկական բջջային կապի միջոցներով»:
Նախօրեին Պետական անվտանգության ծառայությունից (ՊԱԾ) հայտնել են, որ որպես գլխավոր ապացույց հանդես է գալիս ինտերնետ-թրաֆիկի վերլուծությունը:

Ինքը՝ Ախալայան, չի ընդունում մեղադրանքները: Նրա խոսքով՝ ինքն իսկապես պարբերաբար կապ է հաստատել մի քանի կազմակերպիչների հետ, քանի որ նրանք իր ընկերներն են, սակայն պետական հեղաշրջման ծրագրեր չեն քննարկել:

Ախալայային մեղադրանք է առաջադրվել խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու համար (Վրաստանի Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մաս): Նրան մինչև 9 տարվա ազատազրկում է սպառնում։

Հոկտեմբերի 4-ին, ընդդիմության կողմից բոյկոտվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ, Թբիլիսիում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ «խաղաղ հեղափոխություն» իրականացնելու հայտարարված նպատակով: Կազմակերպիչների կոչով Ռուսթավելիի պողոտայից ցուցարարների մի մասն ուղղվել է դեպի Աթոնելի փողոց, որտեղ փորձել են ներխուժել նախագահի նստավայր: Ոստիկանությունը հետ է մղել ցուցարարներին: Բախումները շարունակվել են ևս մի քանի ժամ: Իշխանությունները դա որակել են որպես պետական հեղաշրջման փորձ:

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 4-ի գործով արդեն 65 մարդ է ձերբակալվել:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի