Սկսած 2003 թվականից՝ աշխարհի բազմաթիվ երկրներում դեկտեմբերի 9-ին նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ Չնայած բազմաթիվ երկրների կառավարությունների, խորհրդարանների, հակակոռուպցիոն մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության երկարամյա ջանքերին՝ կոռուպցիան շարունակում է մնալ համաշխարհային ամենածանր մարտահրավերներից մեկը։ Այն խաթարում է քաղաքացիների վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, վնասում է հանրային քաղաքականությունների արդյունավետությունը և հատկապես վտանգում է ժողովրդավարական ինստիտուտների կայունությունը։
2025 թվականի սկզբի տվյալներով՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի հրապարակած Կոռուպցիայի ընկալման ինդեքսում Հայաստանը 2024 թվականի համար ստացել է 47 միավոր՝ ճիշտ այնքան, որքան 2023-ին։ Սա նշանակում է, որ վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Հայաստանի ցուցանիշը 2018 թվականի հեղափոխությունից հետո կտրուկ բարձրացել էր՝ 35 միավորից հասնելով 49-ի։ Սակայն այնուհետև, բարեփոխումների սահմանափակ մասշտաբների և իրական համակարգային փոփոխությունների բացակայության պատճառով, առաջընթացը կանգ առավ։ Վերջին երեք տարում ինդեքսը մնաց անփոփոխ՝ 47։
Այս անփոփոխ ցուցանիշի ֆոնին հատկապես ընդգծվում են այն կոռուպցիոն դեպքերը, որոնք արձանագրվել են հեղափոխությունից հետո իշխանության գործող թիմի կառավարման տարիներին։
Oragir.News–ը ներկայացնում է ամենից սկանդալային կոռուպցիոն դեպքերը։
Սկսենք ամենավաղ և ամենախոշոր սկանդալներից մեկից՝ COVID-19-ի հետ կապված վատնումների թեմայից։ 2020 թվականի դեկտեմբերին Արսեն Թորոսյանի ղեկավարած առողջապահության նախարարությունը պայմանագիր էր կնքել «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության հետ՝ Չինաստանից բժշկական սարքավորումներ՝ հիմնականում թթվածնային կոնցենտրատորներ տեղափոխելու համար։ Պետությունը ավիաընկերությանը փոխանցել էր 275 հազար ԱՄՆ դոլար՝ 143 միլիոն դրամին համարժեք գումար։ Չորս օր անց իրականացվել էր Պեկին-Երևան չարտերային թռիչքը, որի ընթացքում տեղափոխվել էր 32,661 կիլոգրամ բեռ։ Սակայն մաքսային հայտարարագրերում նշված էր ընդամենը 6,607 կիլոգրամ բժշկական սարքավորում՝ 304 կոնցենտրատոր։ Այսինքն՝ ճանապարհին «անհետացել» էր 26,054 կիլոգրամ բեռ։ Ֆինանսների նախարարությունը արձանագրեց այս կոպիտ անհամապատասխանությունը՝ նշելով, որ պետական բյուջեից վատնված գումարները ենթակա են վերականգնման։ Միաժամանակ, վերահսկող մարմինները հրաժարվել էին տրամադրել բեռի փաստաթղթերը, ինչն ավելի էր խորացնում կոռուպցիոն կասկածները։ Այս դրվագը դարձավ կորոնավիրուսի ժամանակաշրջանում ամենաաղմկոտ կոռուպցիոն սկանդալներից մեկը։
Հաջորդ խոշոր գործընթացը վերաբերում է Էկոնոմիկայի նախարարության շուրջ ձևավորված սկանդալին, որն ամբողջապես բացահայտվեց 2022–2023 թվականներին։ 2022-ին նախարարությունը հայտարարել էր մրցույթ՝ պետական ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման ծառայությունների գնման համար։ Մրցույթին դիմել էր չորս ընկերություն, որոնցից նախաորակավորում էին անցել ԱՄՆ–ում գրանցված Synergy International Systems-ը և Harmonia ընկերությունը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նախարարության պաշտոնյաները իրենց ղեկավարի ուղիղ հրահանգով հանդիպումներ և հեռախոսազրույցներ էին ունեցել Synergy-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով մրցույթի պայմանները և նույնիսկ նրանց տրամադրելով մրցակից Harmonia ընկերության ներկայացրած փաստաթղթերը։ Մրցութային հանձնաժողովը Synergy-ին հայտարարել էր հաղթող, սակայն Harmonia-ն բողոքարկել էր որոշումը դատարանում։ 2023 թվականի հունիսին դատարանը ուժը կորցրած ճանաչեց հանձնաժողովի որոշումը, և միայն նույն թվականի օգոստոսին Harmonia-ն ճանաչվեց մրցույթի հաղթող։ Այս նույն գործի շրջանակում քննիչները բացահայտեցին ևս մեկ դրվագ․ նախարարության մեկ այլ պաշտոնյա որպես պատասխանատու անհիմն աջակցել էր 238 միլիոն դրամի փոխանցմանը այն գյուղացիներին, որոնք պետք է ինտենսիվ այգիներ հիմնեին, սակայն փաստաթղթեր չէին ներկայացրել և պետական միջոցները յուրացրել էին։
Այս աղմկոտ դեպքերից հետո ուշադրության կենտրոնում հայտնվեց Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամը՝ ANIF-ը։ Հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին՝ տնտեսության մեջ խոշոր ներդրումներ ներգրավելու նպատակով։ Սակայն տարիներ անց պարզ դարձավ, որ հիմնադրամի գործունեության արդյունավետությունը ոչ միայն կասկածի տակ է դրվել, այլև ուղեկցվել է կոպիտ խախտումներով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել էր ուսումնասիրել Տիգրան Ավինյանի պաշտոնների համատեղման հարցը՝ կապված նրա՝ ANIF-ի վարչության նախագահի պաշտոնը և Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը միաժամանակ զբաղեցնելու հետ։ Այս ուսումնասիրության ընթացքում ԿԿՀ-ն պահանջել էր ANIF-ից 2019–2023 թվականներին իրականացված բոլոր ծրագրերի հաշվետվությունները և վարչության նիստերի արձանագրությունները։ Հետագայում իրավապահ մարմինները արձանագրեցին, որ ծառայողական լիազորությունների չարաշահման հետևանքով ANIF-ին հասցվել էր ավելի քան 5 միլիոն դրամի վնաս։
Պետության 100 տոկոս սեփականություն հանդիսացող ANIF-ը սկզբում ուներ ընդամենը 100 հազար դրամ կանոնադրական կապիտալ, սակայն կարճ ժամանակում այն աճել էր մինչև 7,6 միլիարդ դրամ։ Ի վերջո, 2023 թվականին կառավարությունը որոշեց լուծարել հիմնադրամը՝ փաստելով դրա ակնհայտ ձախողված գործունեությունը, մինչդեռ հիմնադրամի ֆինանսական գործարքների վերաբերյալ քննությունը շարունակվում է։
ANIF-ի ամենաաղմկոտ դրվագը, սակայն, բացահայտվեց ավելի ուշ, երբ հայտնի դարձավ, որ հիմնադրամը 2023 թվականին ավելի քան 1,5 միլիարդ դրամ՝ շուրջ 3,8 միլիոն դոլար է ներդրել CFW անունով մի անծանոթ ընկերությունում, որը գրանցված էր ԱՄՆ Դելավեր նահանգում՝ ներդրումից ընդամենը ութ օր առաջ։ Ընկերությունը ղեկավարում էր Կարինե Անդրեասյանը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու մտերիմ ընկերուհին։ CFW-ն ոչ միայն հաշվետվություններ չէր ներկայացրել պետական ֆինանսավորման օգտագործման վերաբերյալ, այլև 2023-ին ուներ 15 աշխատակից, իսկ հետագայում մնացել էր ընդամենը մեկը՝ հենց Անդրեասյանը։ Ընկերությունը ANIF-ից ստացել էր 49 տոկոս բաժնեմասի ձեռքբերման համար նախատեսված խոշոր գումարը այն ժամանակ, երբ Ավինյանը նախագահում էր ANIF-ի տնօրենների խորհուրդը։ Այս դրվագը դարձավ ևս մեկ ծանր հարված այն պնդմանը, թե հեղափոխությունից հետո համակարգային կոռուպցիան վերացել է։
2024 թվականի մարտին կոռուպցիոն սկանդալների շարքում հայտնվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկություն, որ նախարարության որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ փոխնախարար Արմեն Սիմոնյանը, հովանավորչություն են անում «Կիլիկիայի Բոգո» մականունով հայտնի անձի վերահսկողության տակ գտնվող ուղևորափոխադրումների ընկերություններին։ Չնայած ընկերության դեմ հարուցված քրեական վարույթին՝ դրա գործունեությունը չէր կասեցվել, ինչն առաջացրեց կոռուպցիոն լուրջ կասկածներ։ Քննչական մարմիններում գործընթացը, ըստ պաշտպանների, առաջ չէր շարժվում, ինչը կրկին խոսում էր համակարգային խնդիրների մասին։
Ի դեպ, հարկ է նշել ևս մի դեպք: Շրջակա միջավայրի նախարարության «ՇՄ ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Զարուհի Զուռնաչյանը առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել՝ հանքարդյունաբերական ընկերությանը արտոնագիր ստանալը հեշտացնելու, խոչընդոտները վերացնելու, փաստաթղթերի կազմում օգնելու և դրական փորձաքննություն ապահովելու համար։ 2019 սեպտեմբերից 2020-ի փետրվար ամիսներին նա մաս-մաս ստացել էր 3.3 մլն դրամ, և 2020-ի փետրվարի 18-ին բռնվել էր հերթական կաշառքը ստանալու պահին։ Սկսվեց քրեական վարույթ, Զուռնաչյանը կալանավորվեց, սակայն շուտով ազատ արձակվեց գրավի դիմաց։ 2021-ից գործով ընթանում է դատավարություն, որը պարբերաբար հետաձգվել է, և մինչ օրս օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա։ Չնայած դրան՝ նա դիմեց դատարան՝ պահանջելով վերականգնել աշխատանքում և ստանալ հարկադիր պարապուրդի աշխատավարձ։ 2023-ին Առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարեց հայցը՝ որոշելով ՊՈԱԿ-ից նրան վճարել հարկադիր պարապուրդի գումարը, բայց չվերականգնել պաշտոնում։ 2024-ի մայիսին Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ բավարարեց Զուռնաչյանի բողոքը՝ պարտադրելով նրա վերականգնումը որպես գլխավոր մասնագետ և պահպանելով աշխատավարձ վճարելու որոշումը։
Այս ամբողջ պատկերը, ներկայացված հերթականությամբ, ցույց է տալիս, որ Հայաստանում կոռուպցիան վերջին տարիներին ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում դարձել է ավելի էլիտար, ավելի թաքնված և ավելի համակարգային։ Մինչ Կոռուպցիայի ընկալման ինդեքսը շարունակում է մնալ անփոփոխ, իրական դեպքերը վկայում են, որ առանց իրական, խորքային, ինստիտուցիոնալ բարեփոխումների պայքարը կոռուպցիայի դեմ չի կարող բերել ցանկալի արդյունքների։